«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2006-03-11 | #45, 2006-03-14 | #46, 2006-03-15


ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԻՃԸ ԿՐԿԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ Է ԴԱՌՆԱԼՈՒ

Երեւանյան լճում, ըստ հաշվարկների, 1 մլն խմ բերվածքներ կան, որոնց մեջ տիղմ է, զիբիլ, տարբեր հատվածներում` 3, 6-ից մինչեւ 10 մ: Այդ 1 մլն խմ-ն 25 տոկոսով փոքրացրել է լճի տարողությունը: Տարիներ կուտակված աղտոտություններից լիճն ազատելով, նրան կարելի է վերադարձնել հանգստի գոտու նախկին գործառույթը, պիտանի դարձնել լողանալու, ձկնորսության, սպորտի համար: Եվ բացի այդ, ավելի հեշտ կլինի կարգավորել հեղեղումները: Տիղմը կօգտագործվի ռեկուլտիվացիոն նպատակներով, եթե նրա բաղադրության մեջ վտանգավոր նյութեր չլինեն:

«Երեւանյան լճի մաքրման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ կլինեն մինչեւ օգոստոս, որպեսզի 2007 թվականին անմիջապես սկսվեն գործնական աշխատանքները: Այսօր արդեն Էրեբունի զանգվածի` լճից դուրս եկող ջրագծերի վերանորոգումներ են սկսել շինարարական կազմակերպությունները», այս մասին տեղեկացանք Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանից:

Ամենամոտ ապագայում նախատեսվում է լճի կարգավորիչ փականների համար էլեկտրամատակարարման լրացուցիչ աղբյուր ստեղծել: Lիճը միակ ջրամբարն է Հայաստանում, որ այսպես ասած` կատաստրոֆիկ ելքեր ունի, փականներով է կարգավորվում: Առայժմ ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

Մեկ այլ` Համաշխարհային բանկի ծրագրով իրականացվում է Երեւանյան լճի պատվարի կայունության ապահովման ծրագիր: Փականները լիովին վերանորոգելու, ժամանակակից դարձնելու առաջարկներ են մշակվում: Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է կոյուղացնել ողջ ձորը, որպեսզի ոչ մի գրամ կոյուղաջուր չլցվի լիճը: Կոյուղաջուրը պետք է հեռացվի ջրամբարից դուրս:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4