«Հարկավոր է ոչնչացնել բոլոր ագռավներին»
Ամենայն հավանականությամբ թռչնագրիպի դեմ պայքարը թեւակոխել է խուճապային փուլ: Հավաստումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի երեկվա այս հայտարարությունն է: Հիմնավորումն այն է, որ լեշակեր ագռավներն իրենց սնունդը հայթայթում են թռչելով նաեւ հեռու տարածքներ, ուր կարող են լինել թռչնագրիպից սատկած կենդանիների դիեր: Մյուս ծայրահեղ միջոցառումը տնային աղավնիների զանգվածային պատվաստումն իրականացնելու առաջարկն է Ռուսաստանի բոլոր բնակավայրերում, աղավնիների մոնիտորինգի անցկացումը, նույնիսկ խորդանոցների հետազոտումը, ուր կարող են թաքնված լինել այս թռչունները:
Պատկերացրեք, որ ագռավների ոչնչացման նման միջոցառում անցկացվեր Երեւանում, ուր այս թռչուններն անվճար իրականացնում են աղբահավաք առաքելություն: Ինչպիսի՞ն կլիներ երեւանցիների վիճակը: Վերջին տարիներին ագռավների քանակն աննախադեպ ավելացել է հենց քաղաքի գերաղտոտվածության պատճառով:
Կ. Դ.