Մասնավոր պատկերասրահների գոյությունը եւ նրանցում որոշակի սկզբունքներով կերպարվեստ ներկայացնելու մշակույթը Երեւանում նոր պատմություն ունի: Այդուհանդերձ, կերպարվեստով հետաքրքրվողները գիտեն, թե օրինակ, «Արամե», «Ակադեմիա», «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան», «Գեւորգյան» եւ այլ ցուցասրահներում ինչ արվեստ կարելի է գտնել: Ժամանակակից հայ կերպարվեստ ցուցադրելու հայտ է ներկայացնում Թումանյան 2 հասցեում սեպտեմբերին բացված «Գաբոնե» արվեստի նորաոճ սրահը, որն այս օրերին իր 3-րդ ցուցադրությունն է ներկայացնում հայ 4 նկարիչների աշխատանքներով` Թենի Վարդանյան, Գաբրիել Մանուկյան, Մայիս Մխիթարյան, Ռուբեն Գրիգորյան: Իրարից միանգամայն տարբեր գեղագիտական մտածողությամբ, արտահայտչաձեւերով ու գունային սպեկտրով նկարչական այս աշխատանքներում ժամանակի պրոբլեմն իր լուծումներն է ստացել ընկալման եւ վերարտադրման տարբեր մակարդակներում: Ներկայացված նկարիչները ստեղծագործական որոնումների հետաքրքրական ճանապարհին ձեռք են բերել ինքնուրույն ոճ, գեղագիտական որոշակի մոտեցումներ:
Արվեստի ստեղծագործությունների մեջ ժամանակային «ծավալները» պայմանականություն են կրում, քանի գեղարվեստական մտաձեւերն ու արտահայտությունները գլխավորապես երեւակայության տիրույթում են: Կերպարվեստում ձեւախեղումները հետեւանք են ինքնաորոնման կամ մաներային փոփոխությունների, իսկ հաճախ` հակադիր շարժման կամ ընդվզման` արդեն ընդունված որոշակի ստերեոտիպների դեմ: Մարսել Դյուշանը գրում է, որ դեֆորմացիայով տարվելը լուսանկարչությանը հակադրվելու ձեւ է: «Այն պահից, երբ ֆոտոգրաֆիան մեզ նվիրեց աշխարհի ճշգրիտ պատկերը, նկարիչը, որ ցանկանում էր անել ավելին, երեւի ասում էր ինքն իրեն. Դա շատ հեշտ է: Ես որքան հնարավոր է կդեֆորմացնեմ պատկերը եւ դրանով առավելագույնս կհեռանամ ֆոտոյից: Դա բացահայտ է բոլոր նկարիչների մոտ` լինեն նրանք ֆովիստներ, կուբիստներ կամ թեկուզ դադաիստներ եւ սյուրռեալիստներ»:
Ֆիգուրատիվ դեֆորմացիոն մի պատկերաշար է ներկայացնում Թենի Վարդանյանի «Նամակները». հարթ մակերեսներին մարմինները գտնվում են նախաստեղծ վիճակում, որտեղ կարեւորվում են ժեստերը, շարժումները. մարդու մարմնի ինֆորմացիան ենթադրում է գոյություն զուտ ինստինկտային մակարդակներում, որ փոխարինում է լեզվական աշխարհին: Գործողությունների կանոնազանցությունից ստեղծված պատրանքային ազատությունը խեղաթյուրված իրականություն է արտահայտում: Թեեւ նկարչուհին համաձայն չէ ձեւախեղումների այս ընկալմանը, բայց եւ ցավով է խոսում մարդկային առկա հարաբերությունների մասին, որոնք խեղված են, իսկ իր նկարները անհատական ապրումների, հոգեվիճակների արտահայտություններ են, որտեղ էսթետիկա փնտրել ինքնանպատակ կերպով, անիմաստ է, քանի որ դա արժեք չի կարող ներկայացնել: Գիծը, պատկերը, կոմպոզիցիան Թենի աշխատանքներում նկարի գաղափարը մարմնավորող ածանցյալ տարրերն են:
«Շարունակական ինքնավերլուծումները, իր մտահոգությունները, հույզերը արտահայտելու ձեւեր գտնելու բծախնդրությունն է բնորոշ Թենիին: Մի արվեստագետ, որ կարողանում է երեւույթները մանրամասնել եւ ամենակարեւորը` դրանք սինթեզել»:
Խաղ, երեւակայություն, հեքիաթ` գծապատկերային աշխուժությամբ Գաբրիել Մանուկյանը փորձում է իր ներքին աշխարհի ջերմությունը պաշտպանել կյանքի իրողություններից եւ սոցիալական ներխուժումներից: Նկարներում ընդգծված ճերմակը տարածուն հոգեվիճակ է` մանկությունից եկող երազի առագաստանավ հիշեցնող:
Ռուբեն Գրիգորյանի աշխատանքները լուսանկարչության եւ գեղանկարչության յուրօրինակ սինթեզ են: «Մի արվեստագետ, որը ստանձնել է էստաֆետը նախորդ սերնդի ե՛ւ արտահայտչամիջոցների իմաստով, ե՛ւ թեմատիկայի` փորձելով նոր եղանակներով ու միջոցներով ստեղծել կերպարային իր աշխարհը»:
Դասական, միջնադարյան գեղանկարչությանը բնորոշ կանոններով ու գունային սիմվոլներով ստեղծված Մայիս Մխիթարյանի աշխատանքներում ժամանակային կտրուկ անցում է նկատվում: Իր պատկերները ստատիկ վիճակում են` հանդիսավորության դրոշմով` իդեալական, խաղաղ, արտակարգ ողորկ ու պլաստիկ: «Նկարիչը խորհել է տալիս ժամանակի մասին. ինչպե՞ս է ընթանում ժամանակը: Արդյոք մենք միշտ ենք առաջ գնում, թե՞ ժամանակը պարուրաձեւ է եւ մենք կրկնվում ենք տարածության մեջ: Մայիսը անախրոն, ժամանակավրեպ ժամանակ է ներկայացնում: Նա ընտրել է միջնադարյան նկարչական համակարգ, որը ենթադրում է կանոնական պայմանականություններ, որտեղ գույները, ձեւերը չափավոր են եւ իշխանական համակարգեր են արտահայտում` պահանջելով խստություն ու հանդիսավորություն»:
Ցուցադրվող նկարիչների մասին մեջբերված նկատառումները արվեստաբան Նազարեթ Կարոյանինն են:
«Նրանք բոլորն էլ կայացած նկարիչներ են` սեփական ձեռագրով եւ յուրովի աշխարհըմբռնումով». «Գաբոնե» պատկերասրահի տնօրենը` Գոհար Սարգսյանը, նկատում է, որ աշխատանքների էքսպոզիցիոն փոփոխություններ կատարվելու են, իսկ նկարիչների` ոչ: Տարվա ընթացքում պատկերասրահը աշխատելու է այս 4 նկարիչների հետ, իսկ հետագայում բացառված չէ համագործակցությունը ուրիշ նկարիչների հետ:
Հետաքրքրվողները պատկերասրահ այցելելուց բացի հիշյալ ստեղծագործություններին կարող են ծանոթանալ նաեւ info@gabone. com ինտերնետային կայքէջում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ