«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2006-03-11 | #45, 2006-03-14 | #46, 2006-03-15


«ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՍՐԻՆԳԸ»ՙ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Շվեյցարացի դիրիժորը ժամանել է Երեւան

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան: Մինչ ներկայացումը, մարտի 17-ին եւ 18-ին Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա օպերայի համերգային կատարումը, որը կղեկավարի այդ առիթով Շվեյցարիայից Հայաստան ժամանած դիրիժոր Ֆակունդո Ագուդինը:

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսին կազմակերպիչները տեղեկացրին, որ Ագուդինի ղեկավարությամբ տեղի կունենա նաեւ օպերայի բեմադրությունը, որին կմասնակցեն մենակատարներ Եվրոպայից եւ Հայաստանից, բեմադրող ռեժիսոր Մայքլ Չոլարըՙ Գերմանիայից, բեմական լուսավորության դիզայներ Սեն Մքալիստերնՙ Իսրայելից եւ զգեստների դիզայներ Անա Սպինելլինՙ Շվեյցարիայից:

Մարտի 18-ի համերգն անվճար կլինի Երեւանի դպրոցականների համար. կազմակերպիչները այսպիսով ցանկանում են դպրոցահասակներին ծանոթացնել դասական գործերին: Նախագիծն իրականացվում է Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի, շվեյցարական Orchestre Symphonique du Jura եւ Festival Musique des Lumieres-ի եւ «Կադանս» երաժշտության կենտրոնի համագործակցությամբ:

Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի խոսքերով, Մոցարտի 250-ամյակի հոբելյանական օրերին բեմադրվելու է նաեւ «Դոն Ժուանը»: Գեղարվեստական ղեկավարն ուրախ է, որ գլխավոր դերակատարման համար գեղեցիկ արտաքինով եւ ձայնային համապատասխան տվյալներով 4 երգիչներ կանՙ Գեւորգ Հակոբյան, Առնոլդ Քոչարյան, Արսեն Սողոմոնյան եւ Սուրեն Մանուկյան:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4