Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Վարշավա` մասնակցելու անվանի լեհ մարզիչ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարին: Մինչ Վարշավա մեկնելը հանդիպեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին, որի գլխավորությամբ հավաքականն Արարատի «Այգ» մարզաբազայում ուսումնամարզական հավաք էր անցկացնում:
- Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է տարվա գլխավոր ստուգատեսին` հուլիսի 13-23-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը մեր բռնցքամարտիկների համար ուժերի հիանալի ստուգատես կլինեն միջազգային մի քանի մրցաշարերը: Ծրագրին համապատասխան, մարտի 2-ից հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում «Այգ» մարզաբազայում, որտեղ նախապատրաստվում ենք Վարշավայի մրցաշարին: Յուրաքանչյուր երկրից այդ մրցաշարին հրավիրվել են 5 բռնցքամարտիկներ: Վարշավայում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Տոլմաջյանը (54 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75կգ) եւ անցյալ տարվա աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Արտակ Մալումյանը (81 կգ):
Այս տարի արդեն մասնակցել ենք Ուկրաինայի եւ Հունգարիայի միջազգային մրցաշարերին: Մեր գլխավոր նպատակն է մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը հնարավորություն ընձեռել հավաքականի բոլոր թեկնածուներին փորձարկելու, ստուգելու ուժերը գոնե 2-3 միջազգային մրցաշարերում: Դա հնարավորություն կընձեռի 10-12 բռնցքամարտիկներից ընտրելու լավագույններին:
- Եվրոպայի առաջնությունում իրավունք ունե՞ք քաշային բոլոր կարգերում բռնցքամարտիկներ հայտավորելու:
- Այո: Սակայն հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության կմեկնեն միայն նրանք, որոնցից բարձր արդյունքներ ենք ակնկալում: Նշեմ, որ քաշային յուրաքանչյուր կարգում միեւնույն երկրից միայն մեկ մարզիկ կարող է ռինգ դուրս գալ: Ներկայումս մեր հավաքականի կազմը բավական երիտասարդ է, միջին տարիքը 20 է: Պետք է փորձարկել բոլորին: Հիմնական նպատակն է լավ նախապատրաստվել հաջորդ տարի Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշներ: Դրա համար անհրաժեշտ է լավագույն ությակում տեղ զբաղեցնել:
- Այսօր մեր հավաքականի կազմում ամենատիտղոսակիրը թերեւս Արտակ Մալումյանն է:
- Աշխարհի առաջնությունից հետո, որտեղ Արտակը դարձավ բրոնզե մրցանակակիր, նրան մեկ ամիս հանգիստ տվեցինք: Վարշավայի մրցաշարը նրա համար կլինի առաջինն այս մրցաշրջանում: Դրանից հետո նա կմասնակցի ապրիլի 19-23-ը Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին: Ապրիլի 25-30-ը կանցկացվի Հայաստանի առաջնությունը: Այնուհետեւ նախատեսել ենք հավաք Ծաղկաձորում, ապա համատեղ հավաք Ուկրաինայի կամ Ռուսաստանի հավաքականի հետ: Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքը նախատեսված է կամ Բուլղարիայում, կամ «Այգում»:
- Իսկ ինչպե՞ս անցավ հավաքը «Այգ» մարզաբազայում: Գո՞հ եք ստեղծված պայմաններից:
- «Այգում» մեզ համար միշտ էլ լավ պայմաններ են ստեղծվել, սա մեր հիմնական մարզաբազան է, հավաքների 70-80 տոկոսն այստեղ ենք անցկացնում: Ամեն ինչ նորմալ էր, տղաները ջանասիրությամբ օրական 2-3 անգամ քրտնաջան մարզվում էին: Կարծում եմ հավաքը նպաստեց մեր բռնցքամարտիկների լավ նախապատրաստությանը:
- Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում մասնակիցների թվում կայի՞ն հեռանկարային բռնցքամարտիկներ, որոնք կարող են առաջիկայում համալրել հավաքականի կազմը:
- Իհարկե կային: Կնշեի Ազատ Հովհաննիսյանին, որը 54 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը: Նույնը կարելի է ասել նաեւ Դերենիկ Գիժլարյանի (51 կգ) եւ Ռոբերտ Եղիցյանի (57 կգ) մասին: Կան տղաներ, որոնք ընդգրկված են ե՛ւ երիտասարդական, ե՛ւ մեծահասակների հավաքականում: Իհարկե, նրանց դեռեւս անհրաժեշտ է փորձ ձեռք բերել` մասնակցել միջազգային մրցաշարերի: Կան հեռանկարային երիտասարդ բռնցքամարտիկներ, որոնց վրա կարելի է հույս դնել, սակայն անհրաժեշտ է քրտնաջան, նպատակասլաց աշխատանք տանել նրանց հետ:
- Վերջերս Վախթանգ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում կրկին պաշտպանեցին աշխարհի չեմպիոնի իրենց տիտղոսները: Իսկ ահա սիրողական բռնցքամարտում հայ մարզիկները նշանակալի հաջողությունների չեն հասնում:
- Ինչ խոսք, Դարչինյանի ու Աբրահամի հաջողությունները պրոֆեսիոնալ ռինգում ուրախալի են: Սակայն չէի ասի, թե սիրողական բռնցքամարտում առաջխաղացում չի նկատվում, հաջողություններ չկան: Իհարկե, բավական ժամանակ մարզադպրոցները կանոնավոր չէին աշխատում, մարզումային պայմանները նորմալ չէին: Դրա հետեւանքով մեր բռնցքամարտը որոշ չափով հետընթաց ապրեց: Իսկ ահա վերջին տարիներին բավական աշխուժություն է նկատվում, վերջերս էլ շատ մարզադահլիճներ վերանորոգվեցին, ժամանակակից տեսք ստացան, պայմանները բարելավվեցին, ինչը հնարավորություն ընձեռեց ողջ տարին կանոնավոր մարզումներ անցկացնել:
Համոզված եմ, որ օլիմպիական հաջորդ խաղերում անպայման Հայաստանը մրցանակակիր կունենա: Մինչ օրս միայն Վլադիմիր Ենգիբարյանն է օլիմպիական չեմպիոն դարձել 1956 թ. Մելբուռնում, իսկ 20 տարի անց Մոնրեալում Դավիթ Թորոսյանը նվաճել է բրոնզե մեդալ: Բացի նրանից, մենք այլ հոյակապ բռնցքամարտիկներ էլ ենք ունեցել հանձինս Սամսոն Խաչատրյանի, Մեխակ Ղազարյանի, Իսրայել Հակոբկոխյանի, Նշան Մունչյանի, Մանվել Ավետիսյանի, Խորեն Ինջեյանի, Ալբերտ Նիկոլյանի եւ այլոց, ովքեր հաջողությամբ են հանդես եկել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, միջազգային մի շարք մրցաշարերում: Հավատում եմ, որ նրանց լավագույն ավանդույթները շարունակողներ կգտնվեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ