«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ

Նախկինները քննադատում են ներկաներին

Ադրբեջանը երբեւէ չի հայտարարել, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղը տեսնել իր կազմից դուրս: Այս պայմաններում տարածքային զիջումներ անելու հայկական կողմի հայտարարություններն անընդունելի են: Այս կարծիքը երեկ հրավիրված կլոր սեղանի ընթացքում արտահայտել են մեր երկրի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարները, արցախյան պատերազմի կամավորականներ, հրամանատարներ: Քննարկման առիթը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանիՙ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հավաքում հայտարարությունն էր:

«Ի՞նչ էինք ուզում 1988-ին: Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանի՞ն: Հիմա ուրիշ ի՞նչ ենք ուզում: Պատերազմի ժամանակ մենք հող չենք ազատագրել, կրակակետեր ենք ոչնչացրել: Վերջին 100 տարում Աղդամում հայեր չեն ապրել»: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը Ադրբեջանից հնչող անզիջում հայտարարությունների ֆոնին ԱԺՄ առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը համարում է անընդունելի: Նրա խոսքով, պաշտպանության նախարարն այդ մասին խոսելու իրավունք չունի, դա պաշտպանության նախարարի գործը չէ: «Եթե երկրի քաղաքական ղեկավարությունը, խորհրդարանը, ժողովուրդը նման որոշում կայացնեն, նախարարը կարող է կամ համաձայնել, կամ չհամաձայնելով` հրաժարական տալ: Սերժ Սարգսյանի հայտարարությունն արվել է մի նպատակով. դուր գալ Արեւմուտքին, որովհետեւ Հայաստանում պայքարը գնում է ոչ թե տարածքների, Ղարաբաղի համար, այլ իշխանությունը պահելու»: Բանախոսի համոզմամբ, խելոք բան չէ խոսել միակողմանի զիջումների մասին, եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է միայն իր երկրի կազմում:

«Ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին: Տնտեսապես կհզորանանք եւ մի օր Ղարաբաղը հասած խնձորի պես կընկնի մեր ձեռքը»: Պաշտպանության նախկին նախարարը թեեւ համամիտ չէ մեր հարեւան երկրի իշխանությունների այս մոտեցմանը, այդուհանդերձ եզրակացնում է, որ Ադրբեջանին առաջիկայում պատերազմը ձեռնտու չէ: Պատերազմի կարող է բերել մեր երկրի թուլացումը տնտեսական, բարոյահոգեբանական, ապագայի նկատմամբ վստահության կորստի իմաստով: Վազգեն Մանուկյանի համոզմամբ, ներկա իշխանություններն անձնական շահ հետապնդելով` անընդհատ թուլացնում են Հայաստանը: «Եթե գալիս ես իշխանության ինչ-որ հարց լուծելու եւ չես կարողանում լուծել, ուրեմն պետք է հրաժարական տաս», հիշելով 1998-ի իշխանափոխությունը, եզրակացնում է բանախոսը:

Ադրբեջանի անզիջում քաղաքականության եւ ռազմատենչ հայտարարությունների ֆոնին միակողմանի զիջումների հարցը բարձրացնելն անընդունելի է նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի տեսակետից: Այլ խնդիր է, եթե կան համաձայնության եզրեր` հարցը խաղաղ կարգավորելու փոխզիջումների ճանապարհով, սակայն այս տիրույթ բանակը չպետք է մտնի, համոզված է բանախոսը: Նրա խոսքով, այսօր հասարակությունում տիրում են պարտվողական տրամադրություններ, որոնք համապատասխան չեն իրավիճակին:

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական տարածքներն ազատագրվել են հայ զինվորի արյամբ, նրա իմացյալ մահը եղել է հանուն հայրենի հողը վերադարձնելու գաղափարի: Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, Աղդամը եւս ազատագրվել է ոչ թե հրամանատարության` հող գրավելու հրահանգով, այլ պատմական հայրենիքի գիտակցումով:

Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4