«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Հայ մտավորականների համազգային խորհուրդն այն կարծիքին է, որ 1921-ի մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագիրը «Մեծ եղեռնի շարունակությունն է»: Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում մտավորականների համազգային խորհուրդը պայմանագրի 85-ամյակի կապակցությամբ քննարկում էր խնդիրն ու լուծման ուղիներ փնտրում:

Միջոցառման կազմակերպիչները հայտարարություն ընդունեցին, որով Ազգային ժողովից պահանջում են «ապօրինի եւ անիրավազոր ճանաչել 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը եւ չեղյալ հայտարարել այդ գործարքով Խորհրդային Ռուսաստանի կողմից Խորհրդային Հայաստանին պարտադրված Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի դաշնագիրը: Եվ հայ-ռուսական պատշաճ հարաբերությունների նախապայման համարելով Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հանդեպ Ռուսաստանի որդեգրելիք դիրքորոշումըՙ Ռուսաստանի Պետդումայի առջեւ այն չեղյալ հայտարարելու հարց բարձրացնել»:

Պատմաբան Սահակ Ասլանյանը, որ պայմանագրերի իրավաբանորեն սխալ լինելն էր փաստում, այն կարծիքին է, որ այսօր Թուրքիային եւ Ռուսաստանին իրավական պատերազմ հայտարարելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան: Սակայն գտնում է, որ անհրաժեշտ է դրա վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումը ամրագրել որեւէ փաստաթղթում: «Միջազգային պայմանագրային իրավունքում Էստոպելի սկզբունքը գոյություն ունի, որի էությունն այն է, որ եթե պետությունը երկար ժամանակ լռելյայն համաձայնում է ի վնաս իրեն կնքված պայմանագրին, հետագայում նա կորցնում է այն չեղյալ կամ անվավեր համարելու իրավունքը, ասաց պրն Ասլանյանը: Կարծում եմ, դրանից խուսափելու համար անհրաժեշտ է, որ ԱԳՆ-ն կամ ԱԺ-ն մի հայտարարություն ընդունեն այդ պայմանագրերի անընդունելիության մասին: Անվավեր ճանաչելը բարդ խնդիր է, անընդունելիությունը փաստելըՙ իրավաբանորեն ճիշտ քայլ»:

Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոցենտ Ռեմ Ղազանչյանը, որ ռուսական արխիվներից կարողացել է նախկինում գաղտնի պահված փաստաթղթեր ձեռք բերել, համոզված է, որ հարկավոր է դրանք մանրամասն ուսումնասիրել եւ ոչ թե քննադատել բոլշեւիկներին, այլ խնդիրն ըստ էության բարձրացնել: «Մարտի 16-ի պայմանագիրն ու դրա հետեւանքներն ըստ էության չեն ուսումնասիրվել», ասում է պրն Ղազանչյանը:

Պրն Ասլանյանն ավելացրեց, որ այսօր շատերը խոսում են այն մասին, որ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը չեղյալ հայտարարելու դեպքում ուժի մեջ կմտնի Ալեքսանդրապոլի պայմանագիրը: «Այդպիսի բան միջազգային իրավունքում չկա», նշեց նա:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4