Հարավային Օսիայի խորհրդարանը մտադիր է Հաագայի միջազգային դատարանին հայց ներկայացնել` Վրաստանին մեղադրելով օսերի ցեղասպանության մեջ եւ պահանջելով 18 մլրդ դոլար: Ինքնահռչակ հանրապետության լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Մեդոեւը ՌԻԱ գործակալությանը հայտարարել է, որ նկատի են առնվում Վրաստանի առաջին հանրապետության (1918-1921) գոյության տարիներին եւ 1989-1992 թթ. տեղի ունեցած դեպքերը: Խոսքը հիմնականում երկրորդ հակամարտության մասին է:
Ցխինվալիում պնդում են, որ ռազմական գործողությունների եւ էթնիկական զտումների հետեւանքով զոհվել են Հարավային Օսիայի 1000-ից ավելի բնակիչներ, 3500 անձինք անհետ կորել են, ավելի քան 100 հազար մարդ դարձել է փախստական: Կողոպտվել է օսական 117 դպրոց: Ավերվել են մշակույթի հուշարձաններ: Նախատեսվում է հայցով դիմել միջազգային որոշ ատյանների (Հաագայի արդարության միջազգային դատարան, ՄԱԿ-ի միջազգային դատարան եւ այլն):
Պ. Ք.