Նիկոսիայում հրատարակվող «Ֆայնենշլ միրոր» թերթի տվյալներով, Հաագայի դատարանի բանտում վերջերս մահացած նախկին Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչն իր հետ գերեզման է տարել Կիպրոսում գործող զանազան ընկերությունների միջոցով միլիարդավոր դոլարներ լվանալու գաղտնիքը, հաղորդում է «Ազգի» սեփական թղթակից Ջորջ Տեր-Բարթողը Նիկոսիայից:
Միլոշեւիչը բանկային հաշիվների եւ առեւտրական ընկերությունների գաղտնի մի ցանց էր ստեղծելՙ ֆինանսավորելու համար բոսնիացի սերբ ազգայնականներին 1990-ականներին երկրում ծայր առած անջատողական տրամադրություններին դիմակայելու գործում: «Ֆայնենշլ միրորի» տեղեկատվության համաձայն, նա հավաքագրել էր մի շարք նախկին կոմունիստ եւ սոցիալիստ ղեկավարների եւ պարտիզաններիՙ ստեղծելու խճճված մի ցանց, որի միջոցով հնարավոր կլիներ միլիոնավոր դոլարներ լվանալ, խույս տալով ՄԱԿ-ի հնարավոր պատժամիջոցներից: Այդ գումարներն, ըստ միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Կառլա դել Պոնտեի, օգտագործվել են առաջին հերթին ռազմամթերք եւ ապա իր շփացած որդուՙ Մարկոյի համար սպորտային ավտոմեքենաների մի ամբողջ շարժակազմ եւ դստերՙ Մարիայի համար Լիմասոլում շքեղ մի առանձնատուն գնելու նպատակով: Պարկերով մեծ գումարներ Կիպրոս տեղափոխելու եւ տեղական բանկերում անհայտ անուններով հաշիվներ բացելու տեղեկությունը հիմք է ծառայել կազմելու «Մորտեն Թորգիլդսեն զեկուցագիրը»:
Բելգրադում Միլոշեւիչի ձերբակալումից (2001 թվին) հետո սերբ պաշտոնական անձնավորությունները քանիցս փորձել են ձեռք բերել մոտ 1,7 միլիարդ դոլարի հասնող այդ գումարի վերաբերյալ փաստաթղթերը Կիպրոսի կենտրոնական բանկից: Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վլադան Բատիչը, որը 2002-ին երկրի արդարադատության նախարարն էր, Սերբիայի նախագահ Բորիս Թադիչին խնդրել է այդ հարցը քննարկել Կիպրոսում, երկու շաբաթ առաջ այդ կղզի կատարած նրա պաշտոնական այցի ժամանակ: Սակայն Թադիչի հանդիպումների ժամանակ Միլոշեւիչի միլիոնների հարցը չի քննարկվել, որի հետեւանքով Բելգրադում հրատարակվող երկու թերթերում Բատիչը բաց նամակ է հրապարակել, որտեղ ի մասնավորի ասված է. «Մեզ այնքան էլ չի հետաքրքրում Կոսովոյի հարցի լուծմանը հունա-կիպրական կողմի ցուցաբերած աջակցությունը: Մեզ մեր փողերի վերադարձն է հուզում միայն»:
Ակնկալվում է, որ Բատիչն ապրիլին որպես վկա ներկայանա մի հարավսլավացու կողմից Կիպրոսում հարուցված դատական նիստին, ավարտում է իր հաղորդագրությունը Ջորջ Տեր-Բարթողը:
Հ. Ծ.