Նախկին օմբուդսմենը ներկայացրեց արտահերթ զեկույցը
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում երեկ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը վերջապես ներկայացրեց արտահերթ զեկույց` «2005 թվականի ընթացքում մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» թեմայով: Այդ զեկույցի հիմնական դրույթներն արդեն հրապարակվել էին անցած տարվա հոկտեմբերին, եւ ըստ էության մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքը ոգով եւ բովանդակությամբ չէր նահանջել նախորդ տարվա դիրքերից: Ըստ զեկույցի, Հայաստանում անցած տարի ամենից շատ խախտվել է «մարդու արդյունավետ պաշտպանության» իրավունքը: Այս կտրվածքով խախտումները մարդու իրավունքների խախտումների գրեթե կեսն են կազմել: Օմբուդսմենը, սակայն, ընդգծում է, որ խոսքն անմիջականորեն վերաբերում է ոչ թե դատական իրավունքի սահմանափակումներին, այլ այդ խախտումների նկատմամբ երկրի քաղաքականության, իշխանությունների վարքագծին: Արտահերթ հրապարակային զեկույցի կորիզը սեփականության իրավունքի խախտումն է, մասնավորապես Բուզանդի փողոցի բնակիչների հարցը: Թե՛ սահմանադրությունը, թե՛ օրենքները, թե՛ կոնվենցիան նշում ենՙ միշտ չէ, որ սեփականատերը կարող է պնդել, որ տարածքը, որի վրա իր տունն է, անվերապահ պատկանում է իրեն: Պետությունը կարող է հավակնություն ներկայացնել, եթե վիճարկվողը հասարակական շահի համար օտարվելիք տարածք է: Հավակնության երկրորդ կարեւոր արդարացումը պիտի լինի համարժեք փոխհատուցումը: Ըստ Լարիսա Ալավերդյանի, ոչ միայն այս կետերն են խաթարվել, այլեւ Բուզանդի փողոցի բնակիչները մղվել են պայքարի անհավասար դաշտ` նրանք նույնիսկ չեն կարողանում փաստաբանների միջոցով պաշտպանել իրենց իրավունքները: «Մարդկանց այստեղ պարտադրում են ոչ թե ուղղակի համաձայնել այդ տարածքների օտարմանը, այլ համաձայնել դրանց վաճառքին»:
Օմբուդսմենը նախ դիմել է քաղաքապետարան եւ ԾԻԳ-ի գրասենյակ, մեղադրելով պաշտոնյաներին, որ կուրորեն կատարում են վերեւից եկած հակասահմանադրական որոշումները: Նրան կոշտ պատասխան են տվել, թե «դուք գիտե՞ք ում դեմ եք գնում»: Հետո հանդիպել է վարչապետին, որին նույնպես չի բերել իր համոզմունքին, հանդիպել եւ նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, առաջարկել, որ նա ինքը դիմի սահմանադրական դատարան: Այս անգամ օմբուդսմենին մեղադրել են հակասահմանադրական գործողության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանը վերջնական որոշում է կայացրել, որի մեջ ամրագրվում է, որ Հայաստանում ոտնահարվում են մարդու սեփականության իրավունքները: Նա հակված է կարծելու, սակայն, որ ամեն ինչ շատ ավելի պարզունակ է, քան իրավական հարթությունում խախտումները: «Սա ավելի շատ գումարային խնդիր է: Մարդկանց մի խումբ իր շահերն ամեն ինչից բարձր է դասում, այնինչ համարժեք փոխհատուցումներ անելով (այնպես, որ բնակիչները կարողանային նույն տարածքում այլ բնակարան գնել) շատ ավելին կշահեին: Սակայն պետությունը շահամոլության կողմն է բռնել» եւ խրախուսում է այդ խմբի գործողությունները:
Ռոբերտ Քոչարյանը Կառլոս 12-րդ չդարձավ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին, օմբուդսմենի դիտարկումներով, դատական համակարգի ամենից շատ եւ կատաղի քննադատողները իշխանությունները եղան: Մարդու դատական պաշտպանության իրավունքների խախտումներին իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս անդրադարձել է նաեւ պաշտպանը, բայց դրանց պատճառով, իր բնութագրմամբ, քիչ է մնացել քաղաքական հետապնդումների ենթարկվի: «Կարծես թե դատավորներն ու դատական կառույցները մի անձի սեփականություն են: Բայց անձը բողոքում է արդար դատավարության բացակայությունից, եւ նրա համար ամենեւին կարեւոր չէ, թե ում կողմից են նրանք նշանակված: Հայաստանում դատարանները ոչ թե անկախ չեն, այլ ուղղակի արդար չեն»: Լարիսա Ալավերդյանը մեջբերեց Շվեդիայի թագավոր Կառլոս 12-րդին, որն իր նշանակած դատավորների վարքագիծը եւ արդարամտությունը ստուգելու համար հենց երկրում ստեղծել է օմբուդսմենի ինստիտուտը:
Օմբուդսմենի երեկվա զեկույցը լուսաբանելու համար, ի դեպ, հեռուստաընկերություններից եկել էին միայն «Շանթն» ու «Երեւանը»:
Իշխանությունների գլխավոր ռեսուրսն վերահսկվող ԶԼՄ-ներն են
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի երեկվա մյուս բանախոսը «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն էր: Վերլուծելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական գործընթացները, նա հետաքրքրական եզրահանգման է եկել, որ «ճիշտ այնպես, ինչպես ընտրությունների ժամանակ կիրառվել է, այսպես ասած, լռեցման սպիրալը, ճիշտ նույնը կիրառվել է նաեւ հանրաքվեի քարոզչության ընթացքում: Այսինքն, հասարակության մեջ կեղծ պատկերացում ստեղծվեց, որ սահմանադրական փոփոխություններին կողմ զանգվածը զգալիորեն մեծ է, այնքան մեծ, որ կարող է ճնշում գործադրել: Եվ այդ ճնշման գործոնով փորձ է արվել ձգել հնարավորինս մեծ քանակի զանգված: Այսինքն, լռեցման սպիրալի ժամանակ աշխատող մարդկային բնազդն է հաղթել կամ մեծամասնություն կազմել»: Ըստ «Ժառանգության» քարտուղարի, ընդդիմության ընտրած պայքարի ձեւն այս դեպքում ամենախելամիտն էր` ոչ կողմ, ոչ դեմ, այլ պարզապես բոյկոտ:
Մի հետաքրքրական դիտարկում եւս` հանրաքվեի քարոզչության ընթացքում, եւ հիմա էլ իշխանությունների կարեւորագույն ռեսուրսը իր կողմից վերահսկվող լրատվության զանգվածային միջոցներն են, որոնք էլ հասարակական կարծիք են ձեւավորում:
Ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն չի լինում
Իր իսկ բնորոշմամբ «հավերժ ընդդիմադիր» ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում երեկվա քննարկմանը հետաքրքրական խոստովանություն արեց: Նա կարծում է, որ Հայաստանում իշխանափոխություն կամ ժողովրդական լուրջ հուզումներ տեղի չեն ունենում, որովհետեւ «նաեւ ընդդիմության մեջ գերակայում է անձնական գործոնը ընդհանուր շահերի նկատմամբ: Հենց դա է խանգարում ընդդիմության միավորմանը, որի դեպքում իրոք կհասնեինք հաջողության, ուժ կունենայինք ավելի արդյունավետ պայքարելու մարդու իրավունքների ոտնահարումների դեմ: Մինչեւ ընդդիմությունը չհասունանա այն մակարդակի, որ բարձրանա անձնականից (անգամ ի վնաս սեփական շահերի), հանուն այս խեղճ երկրի կայացման, մենք ոչ մի հաջողության չենք հասնի»:
Ակադեմիկոսի տպավորությամբ, այս պահին էլ ընդդիմության լիդերները զբաղված են 2007 թվականի ընտրությունների նախապատրաստությամբ:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ