«Պատասխանը մեկն է` որ ես ոչ թե փորձեմ համոզել Ձեզ, որ սխալ եք, այլ փորձեմ այն կազմակերպությանը, որի անունը Դուք տալիս եք, բերել հարկային դաշտ. սա կլինի իմ գործը», ասում է հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը:
Մեր հարցազրույցը Ֆելիքս Ցոլակյանի հետ նպատակ ունի պարզաբանելու ծառայության այս տարվա հունվարին հրապարակած 300 խոշոր հարկատուների ցուցակի առանձին տնտեսվարողների մուծած հարկատեսակների անհամամասնությունը:
Ցուցակում կան մի քանի տասնյակ կազմակերպություններ, որոնց վճարած ուղղակի հարկերը` եկամտահարկը եւ շահութահարկը, նրանց վճարած հարկերի չնչին տոկոսն են կազմում: Իսկ դա նշանակում է, որ այդ կազմակերպությունները գրեթե շահույթ չեն ունեցել, եւ նրանց աշխատողները կամ գրանցված չեն, կամ էլ աշխատավարձը եկամտահարկի հարկման սանդղակը չի անցնում, ինչը նույնպես քիչ հավանական է:
- 300 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների մի մասի, օրինակ, Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշի» եւ Սամվել Ալեքսանյանի «Ֆլիտֆուդի» վճարած հարկերը չեն համապատասխանում նրանց իրական շրջանառություններին, անգամ 1% չեն կազմում:
- Հավանաբար խոսքը վերաբերում է ներմուծման ծավալների նկատմամբ երկրի ներսում վճարած հարկերի տեսակարար կշռին: Չբացահայտելով Ձեր նշած կազմակերպությունների կոնկրետ ցուցանիշները, քանի որ դրանք հարկային գաղտնի տեղեկություններ են եւ պաշտպանվում են օրենքով, նշեմ միայն, որ տվյալ կազմակերպությունների` հարկային մարմինների միջոցով ապահովված մուտքերն ավելին են, քան վերջիններիս ներմուծման արժեքի 1%-ը: Սակայն կարեւորն այս դեպքում հետեւյալն է. պետական բյուջեի հետ տնտեսվարող սուբյեկտի փոխհարաբերությունները քննարկելիս մաքսային սահմանին եւ երկրի ներսում վճարած գումարները պետք է միասին դիտարկել, առավել եւս եթե խոսքը վերաբերում է հստակ ներմուծման ուղղվածություն ունեցող գործունեությանը: Այսինքնՙ անպայման պետք է հասկանալ, թե պետությունը, համաձայն ընդունված օրենքների, ինչ գումարներ է գանձել մաքսային սահմանին նախքան համապատասխան ապրանքատեսակների ներսբերումը, իրացումը եւ համապատասխան եկամուտների ապահովումը սուբյեկտի կողմից: Եվ եթե Ձեր նշած կազմակերպությունների օրինակով ներմուծման մաքսային արժեքը համադրում ենք սահմանին եւ երկրի ներսում վճարված գումարների հետ, ապա ստանում ենք մատնանշվածից անհամեմատ բարձր ցուցանիշ:
Նույնը վերաբերում է նաեւ ալկոհոլային խմիչք ներմուծող ընկերություններին, որոնք, համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի, հիմնական վճարումները կատարում են մաքսային սահմանին:
- Ինչո՞վ եք բացատրում, որ նրանց վճարած ուղղակի հարկերն անհամեմատ ավելի քիչ են:
- Ցանկում ընդգրկված կազմակերպությունների մի մասը օտարերկրյա ներդրումներով կազմակերպություններ են, որոնք օգտվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով տրված արտոնություններից, այն է` եթե օտարերկրյա ներդնողի փաստացի կատարած ներդրման արժեքը կազմակերպության կանոնադրական կապիտալում գերազանցում է 500 մլն դրամը, ապա այդ կազմակերպությունների շահութահարկի գումարը, սկսած 1998 թ-ից, նվազեցվում է ներդրման տարվան հաջորդող 2 տարում 100%-ի չափով, իսկ ներդրմանը հաջորդող 3-րդ տարվանից մինչեւ 10-րդ տարինՙ 50%-ի չափով: 100%-ի մասով արտոնությունը գործելու է մինչեւ 2009-ը, իսկ 50%-ի մասով` մինչեւ 2006-ը: Ցանկի կազմակերպություններից 31-ը օգտվում են վերը նշված արտոնությունից: Արտոնությունից օգտվելու արդյունքում նշված 31 կազմակերպությունները 2005 թվականին ՀՀ պետական բյուջե չեն վճարել շուրջ 9151,8 մլն դրամի շահութահարկ:
- Արդյոք նման կազմակերպություններում ստուգումներ կազմակերպվո՞ւմ են:
- Ստուգումները հարկային մարմնի գործառույթների հիմնական ուղղություններից են, իհարկե, ստուգումներ պարբերաբար անցկացվում են նաեւ խոշոր հարկ վճարողների մոտ: Օրինակՙ քննարկվող ցանկի կազմակերպություններից առաջին հիսուն, այդ թվումՙ ալկոհոլային խմիչք ներմուծող 3 խոշոր ընկերություններում 2005 թ.-ին իրականացվել են ընդհանուր առմամբ շուրջ 100 ստուգումներ, որոնց արդյունքում նշված կազմակերպությունների կողմից վճարման ենթակա լրացուցիչՙ մոտ 1,5 մլրդ դրամի պարտավորություններ են առաջադրվել:
- Լրագրողների հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ արտահայտած «գործարարները լավ թվանկարիչներ են» միտքը թեւավոր խոսք դարձավ այդ փուլում: Հատկապես ի՞նչը նկատի ունեիք:
Դուք, իհարկե, անուններ չեք տալիս, բայց ինչպե՞ս են կեղծում թվերը, որ հարկային մարմինները չեն կարողանում դա բացահայտել եւ կանխել:
- Ես ասել եմ, որ որոշ սուբյեկտներ թվանկարչությամբ են զբաղվել, բայց խոսքը բոլոր 300 հարկատուների մասին չէր:
Այս ցուցակը մեր 300 խոշորների հետ կապված իրական, օբյեկտիվ պատկերն է: Այստեղից հարցեր են ծագում, թե քիչ են մուծում, հրապարակում թերթերում, քննարկում են: Կան թերթեր, որ դիտավորյալ են գրում, սեւացնելու համար, բայց ես նկատել եմ, որ հաճախ դիտավորություն չկա, այլ մասնագիտական տեսակետից չխորանալու, ինֆորմացիայի պակասի հետեւանք է: Ասենք` մի լրագրող հոդված էր գրել, նա ամբողջական ինֆորմացիա չուներ, չէր էլ կարող ունենալ, որովհետեւ իրավասու չենք այդ ինֆորմացիան տալու ու համեմատել էր կոնկրետ կազմակերպություններ: Հետո տեսել ենք, որ այդ գրածն այնքան էլ ճիշտ չէ, այդ կազմակերպությունը ինչ-որ արտոնություններ է ունեցել, որի մասին լրագրողը տեղյակ չէր: Կամՙ թերթերից մեկը գրել էր, որ մի կազինո շահութահարկ չի վճարում, բայց հաստատագրված վճար վճարողը շահութահարկ չի էլ մուծում:
Մի քանի տարի առաջ նման ցուցակ չէինք կարող տպել: Օրենքի խախտում էր: Մենք օրենքի մեջ փոփոխություն մտցրինք, եւ սա, կարծում եմ, մեծ ձեռքբերում է: Սակայն երբ կոնկրետ կազմակերպության վերաբերյալ սկսում են հարցադրումներ անել, արդեն իրավասու չենք տվյալներ հրապարակելու: Գիտենք, թե ում հետ գործ ունենք, ինչ կարող է լինել դրանից հետո, քաշքշուկների մեջ ենք ընկնելու, հնարավոր է դատական գործեր սկսեն հարկային ծառայության դեմ:
- Հնարավոր չէ՞ փոխել «Շահութահարկի մասին» օրենքի Ձեր նշած 39-րդ հոդվածը: Չէ՞ որ բոլորս գիտենք, թե օտարերկրյա ներդրումով այդ կազմակերպություններն իրականում ում են պատկանում եւ ինչպես են ստեղծվել:
- Օրենքը վաղ է ընդունվել, երբ մեզ մոտ ներդրումների խնդիր կար: Այն ժամանակ շատ մեծ ներդրում էր համարվում 500 մլն դրամը: Ներդնողներին շահագրգռելու համար օրենքով թույլ տրվեց արտասահմանից 500 մլն դրամ ներդրման դեպքում ազատվել շահութահարկից: Խոշոր հարկատուների քիչ շահութահարկ վճարելը որոշ առումով նաեւ դրա արդյունքն է: Մինչեւ այսօր էլ օրենքը գործում է. 500 մլն դրամ մուծում են, որեւէ երկրից, որեւէ տեղից փոխանցումով գալիս է, ու տնտեսվարողն ազատվում է շահութահարկից: Ներդրման փաստաթղթերը տալիս են, իսկ մենք չընդունելու իրավունք չունենք:
Մենք փորձեցինք եղած օրենքի սահմաններում մի քիչ խստացումներ անել, որոշ մարդկանց արգելել, չթողնել, համոզել, բայց դա ելք չէ, իմ կարծիքովՙ ամեն ինչ պետք է կարգավորվի օրենքով:
Հիմա իրավիճակը փոխվել է, եւ չեմ կարծում, թե 500 մլն դրամի ներդրումը այն թիվն է, որով պետք է կազմակերպությունն ազատվի շահութահարկ մուծելուց: Այսօր մեր գործարարների մեծ մասը կարող է այդպիսի ներդրումներ ձեւակերպել, որովհետեւ արտասահմանում գործընկերներ ունեն, կապեր ունեն, հազար ու մի բան կա, եւ այդ ներդրումներն արվում են:
Որպես հարկային պետական ծառայության ղեկավար ինձ համար վատ է, որ կարողանում եք մեկի հետ կապված ասել, որ այստեղ թերություն կա, ես դրա պատասխանը կարող է չունենամ: Պատասխանը մեկն էՙ որ ոչ թե փորձեմ համոզել Ձեզ, որ Դուք սխալ եք, այլ փորձեմ այն կազմակերպությանը, որի անունը տալիս եք, բերել հարկային դաշտ. սա կլինի իմ գործը: Ես սա եմ համարում իմ գործը, ոչ թե այն, որ նստեմ, բացատրեմ:
Բայց մենք ունենք կազմակերպություններ, որ շատ պարտաճանաչ հարկատուներ են, որոնց հետ ընդհանրապես խնդիրներ չունենք կռվելու, գնալու, անպայման ստուգումներով վախեցնելու:
- Ի՞նչ է տալիս այս ցուցակի հրապարակումը հարկային ծառայությանը: Դուք, բնականաբար, վերլուծություններ եք կատարել: Ի՞նչ է պարզվել Ձեր կատարած վերլուծություններից:
- Ցուցակ տպելն ինքնանպատակ չէ, միայն հասարակությանը ցույց տալու համար չէ: Մենք ինքներս պետք է սրանից հետեւություն անենք: Այսպիսի մի բան կա. հարկատուն իր փողը հաշվում է, լավ է հաշվում, հարկ մուծելիս էլ չի նայում, թե ինչ հարկատեսակ է մուծում: Հաճախ հարկայինի աշխատողն էլ ուշադրություն չի դարձնում, նրան ձեռնտու է, որ հարկատուն հարկը մուծի, պլանը կատարվի: Այստեղ բարդություն է առաջանում հարկատեսակների տարանջատման հարցում: Գործարարն իր հաշվարկն է անում ու, ասենք, որոշում, որ ամիսը 1 մլն հարկ տալն իր բիզնեսի համար նորմալ է, չի վնասվում, բայց նա պահի տակ կարող է տանել այդ 1 մլն-ը մուծել որպես ԱԱՀ:
Շահութահարկն աստիճանաբար ավելանում է: Գործարարը շահութահարկը կանխավճարի պես է մուծում. մոտավորապես հաշվարկում է տարվա իր շահույթը: Նա այնպես է անում, որ հանկարծ շատ չմուծի, որովհետեւ տարվա կտրվածքով հաշվարկը ապրիլին նոր կատարվելու է: Ապրիլի հաշվարկի ժամանակ, եթե շատ մուծած լինի եւ ավելցուկ ունենա, չի կարող հետ վերցնել:
Ըստ հարկատեսակների եթե նայենք, առաջին անգամ 2005 թ. շահութահարկը շատ հավաքեցինք, 2006 թ. նախատեսում ենք, որ ավելի շատ պետք է հավաքենք:
- Շա՞տ են զանգերը, միջնորդությունները:
- Զանգեր էլ կան, միջնորդություններ էլ: Եթե մեկը զանգում է, ու նրա ասածի մեջ օբյեկտիվ բան կա, ի՞նչ է եղել, եթե նա պաշտոն ունի, ուրեմն չի՞ կարող իր շահերը պաշտպանել, ես ասում եմ` կնայեմ:
Եթե հարցը ոչ օրինական երեւույթներ է պարունակում, շատ հեշտությամբ կարող եմ մերժելՙ անկախ այն բանից, թե ով է զանգողը:
Ես երբեւիցե կուրորեն չեմ ասել` այո: Մեր ժողովրդի մեջ համոզմունք կա, թե պաշտոնյան որոշակի կատեգորիայի մարդկանց միանգամից «այո» է ասում: Ես ասում եմ` կնայեմ:
Մի ուրիշ բան էլ կա` ստուգում ես, ասում ենՙ ինչո՞ւ ինձ: Չկա մի կազմակերպություն, որտեղ չենք ստուգում: Մենք փակ տեղ չունենք: Համենայն դեպս, այսօր հասել ենք այն բանին, որ հարկային ծառայության համար փակ տեղ չկա, այլ բան է, որ ստուգումները գուցե թերություններ ունենան: Երբեք չի եղել, որ մի տեղ ստուգում նշանակված լինի, ու ինչ-որ մեկի պահանջով կամ զանգով դադարեցվի: Չի կարելի տեսուչին ասել` դուրս արի, սա շատ ուժեղ տեր ունի:
Լավ տեսուչներ ունենք, այս շաբաթ Սպանդարյան, Մյասնիկյան ու Մաշտոցի տեսչություններից երեք տեսուչ ստացել են «Լավագույն տեսուչ» մրցանակ:
- Դժվա՞ր եք հարկ հավաքում:
- «Չեմ տալիս» տերմինը վերացել է, մի ժամանակ եղել է, հիմա չկա, այդ փուլն անցել ենք: Հիմա ուրիշ խնդիր ունենքՙ հաշվարկի հետ կապված: Խոշոր ընկերություններում ֆինանսական գործերով զբաղվում են հարկային ծառայության նախկին լավ աշխատողներ: Նրանք լավ են վճարվում: Եթե հարկայինում նրանք ստանում են 250-300 դոլարին համարժեք դրամ աշխատավարձ, ապա այնտեղ ստանում են 1500 եւ ավելի: Այդ պատճառով էլ երբեմն դժվար է լինում ստուգումների ժամանակ խախտումներ հայտնաբերելը:
- Թշնամիներ ձեռք չե՞ք բերել այս պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:
- Հարկ վճարելը հո թշնամության բան չէ, չես գնում մարդ սպանում: Չեմ գտնում, որ վատություն եմ անում: Հնարավոր է` ինչ-որ մեկը ինձ թշնամի է համարում:
- Ընդհանրապես, հարկային ծառայության աշխատակիցները վատ համբավ ունեն, ինչպե՞ս եք պայքարում ձեր ոլորտում կոռուպցիայի դեմ:
- Աշխարհի ստեղծման օրվանից հարկահավաքը միշտ դիտվել է որպես հարստահարող: Էն ժամանակ ցորեն ու անասուն է վերցրել, այսօր էլ փող է վերցնում, պետության բաժինն է վերցնում, մեկը նորմալ է հասկանում այս ամենը, մեկը` ոչ: Դու ես առաջին հերթին փորձում քեզ զուսպ պահել, ճիշտ պահել, որ պահանջելու հնարավորություն ունենաս:
Ստիպված ենք եղել մարդկանց ազատել աշխատանքից, զգացել ենք, որ այն չէ, խախտում է արել եւ պետք է պատժվի: Այդպիսի բաների մասին օպերատիվ կերպով տեղեկանում ենք: Աշխատավարձն իսկապես ցածր է, հաջորդ տարի բարձրացնելու հարցն ենք առաջադրելու: Տեսուչները գիտե՞ք երբեմն ինչ կոնտինգենտի հետ են աշխատում: Գիտե՞ք, մեզ մոտ էլ դեռ տերմիններ են մնացել, որոնցից կարելի է հետեւություններ անել: Ասում ենքՙ ինչքա՞ն փող ես բերել, ոչ թեՙ ինչքա՞ն մուտք է եղել: Մեզ մոտ էլ կան բազմաթիվ խնդիրներ, բայց ամեն ինչ փոխվելու է, մենք այդ ճանապարհին ենք: Համեմատեք վերջին տարիների թվերը եւ կտեսնեք, թե ինչքան բան է փոխվել:
Հարցազրույցըՙ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, www.hetq.am