Անցած տարի ատոմակայանն ապահովեց հանրապետության էներգետիկ արտադրանքի շուրջ 43-44 տոկոսը: 37 տոկոսը տվեցին փոքր ՀԷԿ-երը, մնացածը` ջերմային էլեկտրակայանները: Առաջիկա 2-3 տարվա ընթացքում եւս 46 փոքր ՀԷԿ-երի գործարկումից հետո մենք մեր էներգետիկ անվտանգությունը կապահովագրենք 10 տոկոսով: Մասնագիտական գնահատականներով, Հայաստանի հիդրոէներգետիկ ներուժը կազմում է 3-3,5 մլրդ կվտ/ժամ: Այսօր դրա ընդամենը 40 տոկոսն է իրացվում:
Էլեկտրաէներգիայի այլընտրանքային այլ ռեսուրսները եւս կարող են մեծապես նպաստել դրսից մեր էներգետիկ կախվածության նվազեցմանը: Եթե ատոմակայանը փակվի, ինչն այսօր երազում է Եվրոմիությունը, ապա հանրապետությունը ստիպված է լինելու արագ անցնել ջերմային էլեկտրակայանների, իսկ դա նշանակում է ավելացնել կախվածությունը ներկրվող վառելիքից, ուրեմն եւ նվազեցնել երկրի էներգետիկ անկախությունը: Այն 100 մլն եվրոն, որ Եվրոպան խոստանում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման համար, չի լինի, մինչեւ Հայաստանը ԱԷԿ-ի փակման հստակ ժամկետ չնշի: «Քանի որ 100 մլն-ը չնչին գումար է ատոմակայանին համարժեք հզորություններ ստեղծելու համար, հետեւաբար չենք կարող միարժեքորեն համաձայնել այդ 100 մլն եվրոյին: Այդ հարցը դեռեւս բանակցությունների փուլում է», ասում է ՀՀ էներգետիկայի նախարարության զարգացման վարչության պետ Լեւոն Վարդանյանը:
Էներգիայի այլընտրանքային մյուս աղբյուրի` քամու էներգիայի առաջնեկներն արդեն կան Պուշկինի լեռնանցքում` 2,6 մեգավատ հզորությամբ 4 հողմակներ, որոնք ստեղծվեցին Իրանի տեխնիկական աջակցությամբ: Քամու էներգիայի տնտեսապես մատչելի ներուժը հանրապետությունում մասնագիտական գնահատականներով կազմում է 1,5 մլրդ կիլովատ/ժամ: Սա ավելի քիչ է, իհարկե, քան մեր հիդրոռեսուրսները, սակայն էլի քանակ է: Քամու միջոցով ստացված էներգիայի 1 կվտ/ժամը պետությունը գնում է 7 ցենտով, իսկ հիդրոէներգիայի դեպքում 4,5 ցենտ է սահմանվել: Պետությունը հույս ունի, որոշակի արտոնություններ սահմանելով, դեպի այս ոլորտ գրավել այլ ներդնողների եւս:
Ինչ վերաբերում է արեւի էներգիային, ապա Լեւոն Վարդանյանը կարծում է, որ այն դեռեւս թանկ հաճույք է մեզ համար, եւ դրա` ջերմության աղբյուր օգտագործելու հավանականությունն ավելի մեծ է: Այս հարցի շուրջը նախարարությունը նոր-նոր փորձում է աշխատել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Ենթադրվում է, որ վերջերս ստեղծված «Էներգախնայողության եւ վերականգնման էներգետիկ հիմնադրամից» որոշակի միջոցներ կուղղվեն այդ հետազոտությունների իրականացմանը:
Աշխարհի դեռեւս ոչ մի երկրում էներգիայի այլընտրանքային աղբյուրները չեն գերազանցում ավանդական ջերմային կամ ատոմային էներգետիկային, չնայած իրենց ակնհայտ առավելությանը ջերմոցային գազերի արտանետումների բացակայության առումով:
Այնուամենայնիվ, այսօր աշխարհի գիտնականները դեռեւս համակարծիք չեն այլընտրանքային էներգիայի աղբյուրների առավել արդյունավետ ու անվտանգ լինելու վերաբերյալ: Պուշկինի լեռնանցքում, օրինակ, տեղացիների ասելով, հողմակների հայտնվելը փախցրել է վայրի թռչուններին, նրանց ստրեսների առաջացման պատճառ դարձել:
Գիտնականների մի մասը պնդում է, որ քամու, ջրի, արեւի էներգիայի կիրառումը կարող է հանգեցնել էկոլոգիական հավասարակշռության խախտմանը ողջ մոլորակի վրա: Այս առթիվ հետազոտությունները շարունակվում են, եւ ոչինչ դեռ պարզաբանված չէ:
Կ. Դ.