«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ Է

Շարունակելով իր «պեղումները» Ռուսաստանի ամենատարբեր մեծահարուստների հայտնաբերման ու դասակարգման ասպարեզում, «Ֆորբս» հանդեսի ռուսաստանյան տարբերակը իր վերջին համարը նվիրել է երկրի 30 խոշորագույն գույքատերերին: Եվ կարդալով ցուցակը գլխավորողի անունը ես անակնկալի եկա. Զարախ Իլիեւ, Ադրբեջանի ծնունդ... 460 միլիոն դոլարի արժողությամբ անշարժ գույք... Ա՜յ քեզ բան, քիչ չէ միլիարդատերերի ցուցակում ադրբեջանցիները երկու ներկայացուցիչ ունեն (մենք` ոչ մեկը), հիմա էլ դարձել են Ռուսիո ամենամեծ գույքատերը... Բայց ծանոթանալով առաջատարի կենսագրությանը, խաղաղվեցի. հրեա է Իլիեւը, պարզապես «լույս է տեսել» Բաքվից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրեաբնակ Կրասնայա Սլոբոդա ավանում:

Ոգեւորված իմ այս մխիթարիչ հայտնությամբ, շարունակեցի սեփական հետազոտությունս եւ երեք տասնյակ հարուստների մեջ ի հայտ բերեցի չորս հայկական ազգանուն, երեքը` իսկական, մեկը` «շուռ տված»: Բայց հենց այս վերջինը` Դանիլ Խաչատուրովը ամենահարուստն է հայրենակիցների մեջ: Ընդհանուր ցուցակում նա զբաղեցնում է 15-րդ տեղը, իսկ անշարժ գույքը կազմում է 43 միլիոն դոլար:

Խաչատուրովը «Ռոսգոստրախի» ղեկավարն է ու գլխավոր բաժնետերը: Սակայն ապահովագրական գործից բացի նրա «հոբբին» է արդիական թանկարժեք գործարար կենտրոնների կառուցումը: Նրան պատկանող «Լեգիոն-1» շենքի վերջին հարկերի աշխատասենյակների առաստաղի բարձրությունը հասնում է... 7 մետրի:

Նույն ուղղությամբ է զարգացնում իր բիզնեսը նաեւ 17-րդ տեղը գրավող (39 միլիոն) Գագիկ Ադիբեկյանը: Նրա ղեկավարած «Ռոմանով Դեւելոպմենտ գրուպ» ընկերությունը շքեղ շենքեր է կառուցում Մոսկվայի կենտրոնում` Կրեմլի հարեւանությամբ:

22-րդ տեղում նշված է «Դան պլազա» գործարար կենտրոնը (32 միլիոն): Բայց «Ֆորբսը» անվերապահ չի հաստատում, թե դրա տերը Պետդումայի պատգամավոր, լիբերալ-դեմոկրատ Աշոտ Եղիազարյանն է: Թեեւ չի էլ բացառում:

«Տաշիրը» ընտանիք է, «Տաշիրը» ազատություն է, «Տաշիրը» դարպաս է դեպի լուսավոր աշխարհ: Մենք օգտագործում ենք հայ սփյուռքի հնարավորությունները, մեր հայրենակիցների ավանդական ձեռնարկչատիրական հակումները: Թող ռուս ժողովրդի սրտում փողփողա «Տաշիրի» հայկական դրոշը` ասում է բազմապրոֆիլ ֆիրմայի ղեկավար Սամվել Կարապետյանը: Նա գրավում է 24-րդ տեղը (29 միլիոն): Միավորման մեջ գործում են մոտ երեք տասնյակ ընկերություններ, որոնցում աշխատում է 10 հազար մարդ:

Այս նույն համարում «Ֆորբսը» ընթերցողներին է ներկայացրել նաեւ հայկական թեմայով առանձին մի հոդված: Հանդեսի թղթակից Իլյա Խրեննիկովը, այցելելով Հայաստան, իր ջերմ տպավորություններն է պատմել երկրի, մարդկանց, գործարար կյանքի մասին: Նա չի թաքցնում, որ նկատի ունենալով վերջին 15 տարում Հայաստանի գլխին փուլ եկած անասելի աղետները` երկրաշարժը, պատերազմը, շրջափակումը եւ այլն, ինքը Երեւան էր ժամանել «մարսյան» մտայնությամբ` կյանք կա՞ արդյոք Հայաստանում: Բայց տեսել ու համոզվել է, որ հայերը գոյատեւող ժողովուրդ են, որ նրանք օր-օրի բարելավում են երկրի տնտեսական վիճակը:

Սակայն զգացվում է, որ հաջողություններից ոգեշնչված հայաստանցիները Խրեննիկովին հրամցրել են նաեւ փաստեր, որոնք թերեւս միայն տեսականորեն կարող են դառնալ ոգեւորության աղբյուր: Համենյան դեպս Ռուսաստանում որպես սենսացիա հնչեց այն հայտարարությունը, թե հայ սփյուռքի ընդհանուր կարողությունը հասնում է մոտ 100 միլիարդ դոլարի: Թերեւս շատ ավելի կոնկրետ ու գործնական է նույնպես հիշատակված այն միլիարդ դոլարը, որ ստանում է Հայաստանը ռուսահայությունից եւ Ռուսաստանում աշխատող հայաստանցիներից:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4