Ավանդատուների հաշվառումը կսկսվի ապրիլի կեսերից մինչեւ մայիսի 12-ը
Խորհրդային Միության ժամանակ «Խնայբանկում» ներդրված ավանդների փոխհատուցման կարգն է երեկ հաստատել Հայաստանի կառավարությունը, մանրամասները հաղորդեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ ավանդատուների փոխհատուցման համար ընտրվել է հաշվառման միջոցով ցուցակների ճշտման մեթոդը, քանի որ տվյալների բազաների համեմատման ժամանակ ի հայտ են եկել նույն անուն ազգանուններն ունեցող բազմաթիվ մարդիկ:
Ապրիլի կեսերից մինչեւ մայիսի 12-ը կսկսվի հաշվառումը: Այս գործընթացի պատասխանատուն եւ վերահսկողություն իրականացնողը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: «Հայխնայբանկը» եւս պետք է ճշտի իր ցուցակները, համեմատելով դրանք հաշվառման ցուցանիշների հետ: Եթե լինեն հակասություններ, ապա դրանք կտեղադրվեն առանձին ցուցակում հետագայում ճշգրտելու համար:
Հայկ Դավթյանը տեղեկացրեց, որ փոխհատուցումը տրվելու է այն մարդկանց, ովքեր 2005 թ.-ի հուլիսի 1-ից ընդգրկված են նպաստառուների ցանկում: Այս տարվա համար պետական բյուջեով նախատեսված 1 մլրդ դրամից առաջնահերթ փոխհատուցում կտրվի համապատասխան սոցիալական խմբում գտնվողներին: Առաջին խումբը 70 տարեկան եւ ավելի բարձր տարիքի թոշակառուներն են: Այնուհետեւ գալիս են միայնակ թոշակառուները, ապա, ըստ հաջորդականությանՙ մինչեւ 70 տարեկան թոշակառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու հաշմանդամները, 1990-94 թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցածները եւ այլն: Թե ո՞ր խումբն ու որքան կստանա, ըստ նախարարի խորհրդականի, հայտնի չէ: Գումարները կտրամադրվեն մինչեւ 1 մլրդ դրամը սպառվի, մյուսներին փոխհատուցումը կտրվի հաջորդ տարի:
Տեղեկացվեց նաեւ, որ եթե ավանդատուն մահացել է, ապա նրա փոխարեն ներկայացող անձին կտրվի ներդրված ավանդի 50 տոկոսը: «Ինչո՞ւ 50 տոկոսը» «Ազգի» հարցին Հայկ Դավթյանը պատասխանեց, որ այստեղ ժառանգության սկզբունքը չի գործում: Խոսքը միայն փոխհատուցման մասին է: Եթե մահացածի փոխարեն գալիս է նրա կինը կամ ամուսինը, որը ներդրել է ավանդը, ապա ելնելով այն հանգամանքից, որ այդ գումարը նրանց երկուսի համատեղ սեփականությունն է, տրվում է գումարի 50 տոկոսը:
Հայաստանից դուրս բնակվողները չեն կարող փոխհատուցում ստանալ, սակայն եթե նրանք ժամանակավորապես այդ պահին գտնվում են Հայաստանից դուրս, ապա նրանց փոխարեն փոխհատուցման գումարը կարող են ստանալ նրանց լիազորված անձինք:
Վերստին հիշեցվեց, թե օրենքով որքան գումար է նախատեսվում փոխհատուցել ներդրված ավանդների դիմաց: Առաջին 1000 խորհրդային ռուբլու դիմացՙ 84 հազար դրամ, 1000-ից բարձր մինչեւ 3000 ռուբլու յուրաքանչյուր 1000-ի դիմացՙ 29 հազար դրամ, իսկ 3000-ից բարձր մինչեւ 5000 ռուբլու յուրաքանչյուր 1000-ի դիմացՙ 8 հազար դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ