Թռչնագրիպի վտանգը մեր երկրում մեղմվել է կիսով չափ
Այս մասին երեկ հայտարարեց գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղյանը: Ի պատասխան «Ազգի» հարցի, տեսչության պետը հայտնեց, որ մարտ ամսին ռիսկը մեծացել էր կապված թռչունների չուի հետ: Սակայն, քանի որ մեր հարեւան երկրներում եւ Եվրոպայում վերջին շրջանում թռչնագրիպը հայտնաբերվում էր հիմնականում կարապների մեջ, իսկ կարապները Հայաստանում մեծ թվով չեն լինում եւ երկար չեն մնում, ապա, ըստ Գրիշա Բաղյանի, կարելի է ասել, որ Հայաստանում թռչնագրիպի վտանգը կիսով չափ մեղմվել է: Նա նշեց, որ հարավից կարապները գալիս են հիմնականում երկու ճանապարհովՙ Կասպից ծովի վրայով դեպի Ուրալյան լեռներ եւ Սեւ ծովի վրայով դարձյալ դեպի Ուրալյան լեռներ: Հայաստանի բնակլիմայական պայմանների, ինչպես նաեւ սակավ ջրավազանների առկայության պատճառով այդ թռչունները երկար չեն մնում մեզ մոտ: Այնպես որ մեծ թվով կարապների այլեւս չենք սպասում: Ըստ Գրիշա Բաղյանի, Արաքսի ափերին եւ Սեւանում միաժամանակ կարող են լինել 100-ից ոչ ավելի կարապներ:
«Ինչո՞ւ Հայաստանում դեռեւս չի հայտնաբերվել թռչնագրիպ, երբ հարեւան բոլոր երկրներում այդ հիվանդությունը կա», արդեն արտառոց դարձած հարցին անասնաբուժական տեսչության պետը պատասխանեց, որ նույն պատճառով, ինչ պատճառով այն կա Աջարիայում, բայց չկա Վրաստանի այլ շրջաններում կամ կա Ռուսաստանում, Ուկրաինայում, բայց չկա Բելառուսում եւ Մոլդովայում:
Թռչնագրիպի վիրուսի մուտացիայի (փոխակերպման) հնարավորության հարցի կապակցությամբ էլ տեսչության պետը այն կարծիքը հայտնեց, որ մուտացիայի հնարավորությունը, ելնելով հիվանդության տարեգրությունից, կարելի է ասել, դեռ չի սպասվում:
Գրիշա Բաղյանը լրագրողներին ներկայացրեց նաեւ կառավարության հաստատած Հայաստանում վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգը:
Ա. Մ.