Կոչ հայրենի օլիգարխներին
Ռեկորդային թվով էլեկտրաէներգիա է արտադրել Մեծամորի ԱԷԿ-ը 2005 թվականինՙ 2 մլրդ 700 մլն կլվտ ժամ: Բայց տասը տարուցՙ 2016-ին Մեծամորի ԱԷԿ-ի ռեսուրսները կսպառվեն: Փակելու համար անհրաժեշտ կլինի 400 միլիոն դոլար: Ժամանակակից ատոմակայան ունենալն էլ արժե 1 մլրդ 500 միլիոն դոլար: Նոր ԱԷԿ-ի գոյության անհրաժեշտությունը բացատրվում է տնտեսական եւ էներգետիկ անվտանգության ապահովմամբ: Այս վստահեցումները տրվել էին «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխության քննարկումների ժամանակ, երեկ էլ տրվեցին խորհրդարանական լսումներում:
Նոր ԱԷԿ-ի կառուցմանն անհրաժեշտ գումարը տրամադրելու պետության անզորությունն ակնհայտ է: Սրանում համոզված երկրի կառավարությունն առաջարկում է ոչ պետական միջոցներ ներառելու եղանակը: Բայց առաջարկի օրենսդրական հիմքն ապահովող փոփոխությունը խորհրդարանում առանձնակի հավանության չի արժանանում եւ ինչպես քննարկումների, այնպես էլ լսումների ընթացքում այլընտրանք առաջարկվեց: Պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, հիշեցնելով Մեծամորի ԱԷԿ-ի վերագործարկման հարցում հայկական սփյուռքի ծանրակշիռ դերակատարումը, ամբողջովին իրատեսական համարեց նոր ԱԷԿ-ի կառուցման խնդրում սփյուռքի միջոցները ներգրավելը. «Ինչ է, մոռացա՞ք, հո սփյուռքը չմեռա՞վ, դիմեք»: «Անկախ փորձագետների կենտրոնի» տնօրեն Էդուարդ Աղաջանովը առաջարկեց հայրենակից օլիգարխների Հայաստանի բյուջեն մի քանի անգամ գերազանցող միջոցներն ուղղել ԱԷԿ-ի կառուցմանը. «Պետք է այնպես անել, որ այդ օլիգարխները ոչ թե սաունաներ, կազինոներ կամ հյուրանոցներ, այլ ատոմակայան կառուցեն»:
Հայաստանը խնդիր ունի ներկրվող էներգակիրների քանակն առավելագույնս նվազեցնելու, մատակարարման ուղիների բազմազանություն ապահովելու, էլեկտրաէներգիայի արտադրման այնպիսի ցանց ստեղծելու, որը բնակչության համար նվազագույն գներ սահմանելու հնարավորություն տա: Այսպես են գտնում ոլորտի պատասխանատուները: Էլեկտրաէներգիայի արտադրման այսօրվա հնարավորությունները բազմազան չեն, բայց որոշ աշխատանք արվում է: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի տեղեկացմամբՙ ջերմաէլեկտրակայանների հնարավորություններն օգտագործելու համար նախ դրանք անհրաժեշտ է վերանորոգել, եւ 38-ից ավելի փոքր հիդրոէլեկտրակայաններ են կառուցվում հանրապետությունում, որոնց հզորությունը նախատեսված է հասցնել 260 մեգավատի: Ընդգծելով էներգակիրների ներկրման ուղիների սահմանափակ լինելըՙ Մովսիսյանը կարեւորեց Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, որը Հայաստանին հնարավորություն կտա տարեկան մինչեւ 2 մլրդ 800 մլն խմ գազ ներկրելու, մինչդեռ երկրի ներքին պահանջարկը 1 մլրդ 700 մլն խմ է:
Ամեն դեպքում նոր ԱԷԿ-ի կառուցումը ոլորտի պատասխանատուները անհետաձգելի անհրաժեշտություն են համարում ու պնդում, որ 1000 մեգավատ հզորության դեպքում ներքին պահանջարկը բավարարելուց զատ նաեւ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություն կընձեռի: Դա անկասկած տնտեսական շահեկանություն կապահովի: Նոր ԱԷԿ-ի գոյության օրհասական կարեւորությունն առայժմ շատ խորհրդարանականների կասկածն է հարուցում, բայց եւ փաստ է գործողի ռեսուրսների սպառման հեռանկարը, իսկ Մեծամորի ԱԷԿ-ը հանրապետության այսօրվա էլեկտրաէներգիայի պահանջարկի 40 տոկոսն է ապահովում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ