«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2006-03-15 | #47, 2006-03-16 | #48, 2006-03-17


ԱԼԻՇԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻՆ ՀԱՍՑՐԱԾ ԱՊՏԱԿ Է

Պղնձաձույլ կիսանդրին գողացել են Նուբարաշենի համայնքի Ղեւոնդ Ալիշանի անվան դպրոցի բակից: Այն տեղադրվել էր դպրոցի նախկին ուսուցչուհի, ամերիկաբնակ Քնարիկ Թաթարյանի ուղարկած գումարներով: Այս մասին տեղեկացնում է «168 ժամ» թերթը:

Եվ այդ գողությունը կատարվում է այս օրերին` երբ ջանքեր ենք թափում մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ, մինչեւ Եվրոպական կառույցներ հասցնելու ազերիների կողմից Հին Ջուղայի գերեզմանատան ավերումների դեմ մեր արդարացի բողոքը: Այս օրերին, երբ դեռ լիքը հարցականներ ունենք Մոնթե Մելքոնյանի եւ Կարեն Դեմիրճյանի կիսանդրիների գողությունների հետ կապված: Այս ի՞նչ պղնձասերներ են բազմանում մեր միջավայրում: Պղնձավաճառքային այս նորօրյա կերպարները արդյո՞ք դպրոց չեն գնացել, արդյոք իրենց սիրտը չպիտի՞ ցավի, երբ հայ պատմագրության մեծ երախտավորի պղնձաձույլ գլուխը (մեղայ Աստծո) մաս-մաս են անելու` որպես մետաղազանգված վաճառելու համար: Բայց, ախր, դա Ալիշանի~ գլուխն է ու Ալիշանի հիշատակը, որը միայն խոնարհում ու խնկարկում է պահանջում: Ազգային արժեքների գինն իրենց ստանալիք կոպեկների գնին հավասարեցնող այդ գողերը գոնե Եղիշե Չարենցի` ազգի այդ մեծ պոետի, անունը լսած կա՞ն, որը Վահան Տերյանի ձեռագրերն իր դարակում պահում էր «մի զարմանալի~ քնքուշ եւ խնդագին զգացմունքով»: Ու՞ր է կորել մեր այդ զգացմունքը մեր մեծամեծների հանդեպ: Մի՞թե այդ գողերը մոլախոտի պես աճած մի քանի թափթփուկներն են այն սերնդի, որի նախնիք գաղթի ճամփեքով եկեղեցու դուռ էին շալակած բերում, կամ այդ նույն ճանապարհին երեխաների ականջին հայ երգի բառեր էին շշնջում, որ իրենք եթե տեղ չհասնեն, երեխաները կարողանան տանել-տարածել, որ երգը չկորչի: Այսօրվա գողերն ու նրանց նմաններն ինչու՞ են կարողանում սերունդների կապի օղակներից մի քանիսը քանդած պահել: Սա միայն ոստիկանների՞ խնդիրն է, որ պիտի կարողանան ու չեն կարողանում բռնել դրանց, թե՞ նաեւ այն միջավայրի, որտեղ ցավալիորեն մամռոտվում են ազգի մեծամեծների լուսեղեն անունները: Ալիշանն ինքը ի~նչ սիրով է խոսք ասել սերունդների մասին. «Ծառն` արմատով ծառ, ծառովն է արմատ./ Դալար մանկտիք, ձեր տակն է Արարատ./ Պինդ կացէք, աստուած ցողէ ի վերէն,/ Ծլիք ու ծաղկիք, քանց վարդ ի թփէն»:

1969 թվականին Արվեստի ինստիտուտի տնօրեն, արժանահիշատակ Ռուբեն Զարյանը, որ արվեստի մասին հատուկ կուրսեր էր վարում մանկավարժական ինստիտուտում, ուսանողներիս բաժանեց Ղեւոնդ Ալիշանի` նոր լույս տեսած բանաստեղծությունների ընտրանին. «Տարեք ձեզ հետ դպրոցներ, որ ձեր միջոցով ամեն աշակերտ իմանա, թե ազգային ինչ մեծ արժեք է Ալիշան մարդն ու նրա թողած ժառանգությունը»:

Տարանք ու ամեն մեկս յուրովի հնարավորինս բաժանել ու բաժանում ենք սրբազան փշրանքներ Ալիշանի հոգեւոր սնունդից: Երեւում է լավ չենք բաժանել, երեւում է դեռ բոլորին չենք հասցրել: Մեր այդ չհասցնելուց է, որ ողորկ ուղեղով ինչ-որ մեկը կարող է բանահավաք, բանագետ, գիտնական Արուսյակ Սահակյանին հանդիմանել. «Գուցե բավական է, Արուսյակ, «Քելե, լաո» երգել»: Արուսյակի զարմացած հայացքն ավելի մեծ զարմանք է արտահայտել նրա խոսքերի հավելումից, թե` «Մեր երակներում հիմա ուրիշ արյուն պիտի հոսի»: Այդ ասողն իհարկե չի կարողացել բացատրել, թե որն է այդ «ուրիշ արյունը»: «Այդ երգի ուժով եկող արյունը, բարեկամս,- իրեն մի կերպ զսպելով պատասխանել է տիկին Արուսյակը,-դեպի Արցախ հոսեց, եթե այդ բանը դուք չեք նկատել, ուրեմն այդ երգի գինն ու ներգործության ուժը ծանոթ չէ ձեզ»:

...Այս օրինակների շարունակությունը սթափություն կբերի՞ գոնե այն ոստիկաններին, որոնց քթի տակից (դպրոցի հարեւանությամբ է գտնվում Նուբարաշենի տարածքային ոստիկանության վարչական շենքը) գողացան կիսանդրին: Գործ է հարուցվել, այո: Գուցե կբռնեն գողերին: Բայց սա կդիտվի սովորակա՞ն գողություն, եւ բացահայտելիս էլ (՞) պղնձի քաշո՞վ կչափվի գողոնի արժեքը, թե՞... Այս «թե՞»-ից հետո մերօրյա այսօրինակ անտանելի բարքերի հետ կապված մեր ափսոսանքն էլ, վիրավորանքն էլ, նաեւ զայրույթն էլ փորձենք զսպել այն հույսով, թե էլ չպիտի կրկնվի նման ազգաթալան: Եվ, մի քիչ հանդարտվելու համար, կրկին մտնենք գրական մաքուր աշխարհ` Ալիշանի աշխարհ. «Աւա~ղ քեզ, աւա~ղ, Հայոց աշխարհիկ,/ Տուն երկնանման, փլած տաղվարիկ...»:

...Բանաստեղծական աշխարհը, ուր, Մեծն Թումանյանի բնորոշմամբ, պոետները չեն պղծում իրենց շուրթերն անեծքով, մարդուն ազնիվ ճանապարհի է բերում, որի կարիքը շատ ունեն... այսօրվա արձանագողերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4