«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ՍԱԼԵՆՈ ՄՈԲԱՐԱՔՙ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Անցած գիշեր Իրանի Իսլամական Հանրապետությունն սկսեց տոնել արեգակնային 1385 տարինՙ Շան տարին, եւ բոլորն իրար հանդիպելիս նախ ասում ենՙ սալենո մոբարաք, ապա նոր բարեմաղթանքներ հղում մեկ-մեկու: Երեկ Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը «Նովրուզի» առիթով փոխդեսպան Ալի Աքբար Ջոքարը, Խոդայար Ռուզբահանին (երրորդ խորհրդականը) եւ մամուլի բաժնի պատասխանատու Ամիր Ռեզա Դարաբյանը կազմակերպել էին Հայաստանի մամուլի ներկայացուցիչների ընդունելություն: Ջերմ ու մտերմիկ զրույցն ընթանում էր հյուրասիրության սեղանի շուրջը: Պրն Ալի Աքբար Ջոքարը նախ ամփոփեց անցած տարին, մեկ անգամ եւս շեշտելով հայ-իրանական դարավոր բարեկամությունը, որը շարունակվում է առ այսօր, կարեւորեց համագործակցությունըՙ նշելով, որ երկու երկրներն իրար ավելի ճանաչելու ու բացթողած բնագավառներում շատ անելիքներ ունեն: Անդրադառնալով ընդունելության բուն նպատակին, պրն փոխդեսպանը տեղեկացրեց, որ Իրանի ժողովուրդը Նոր տարվա սեղանին դնում է 7 «ս» տառով սկսվող որեւէ բան, որը խորհրդանշում է բնությունը, գարնան զարթոնքը, դրանք ենՙ սաբզե-ծլած կանաչ, սեքե-մետաղադրամ, սիբ-խնձոր, սամանա-ցորենի հյուսք, սերքե-քացախ, սիր-սխտոր, սենջեթ-փշատ: Իսկ տոնական սեղանի կենտրոնումՙ երկու կենդանի կարմիր ձուկՙ ջրի մեջ: Իհարկե, Իրանում տոնին նախապատրաստվում են հատկապես թարմացնելով բնակարանները, նոր հագուստներ են հագնում եւ ինչպես մենքՙ նրանք նույնպես տոնական գիշերը դիմավորում են այցելելով ամենատարեցներին, ծնողներին շնորհավորելով ու փոխայցերով: Իրանում Նոր տարին սկսել են տոնել դեռ Աքեմենյան դինաստիայի ժամանակ, որից էլ այդ սովորույթը փոխանցվել է սերնդեսերունդ ու համարվում է օրացույցի պաշտոնական սկիզբը: Նովրուզին մատուցվող ամենահարգի ուտելիքներն ենՙ կանաչեղենով եփված փլավը ձկան հետ, չարազեղենը, թխվածքներն ու մրգերը: Այդ օրն ընդունված է նվերներ կամ նոր չծալված դրամ նվիրել իրար: Ահա այսպես են տոնում Իրանում Նովրուզն ու իրար տեսնելիս ասում ենՙ Սալենո մոբարաք...

Մենք էլ շնորհավորելով դարավոր բարեկամներին, ցանկանում ենք խաղաղ ու երջանիկ տարի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4