«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ԳԻԳԱՆՏՆԵ՞Ր, ԹԵ՞ ԹԶՈՒԿՆԵՐ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինչպե՞ս է զարգանալու Երեւանը

Երեւանի գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների ծրագիրը 2-3 ամիս մշակվում էր քաղաքապետարանի բոլոր ենթակառույցներում: Դրա առանձնահատկություններին ու խնդիրներին էր երեկ նվիրել ճեպազրույցը քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Այս փաստաթղթի էական եւ խոշորագույն միջոցառումը, ըստ Սամվել Դանիելյանի, թաղային համայնքների գոտիավորման նախագծերի ստեղծումն է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր համայնքի համար պիտի մշակվեն հարկայնության, բնակչության ու կառուցապատման խտությունների հիմնարար սկզբունքներ, որոնցով պիտի պայմանավորվի հետագա քաղաքաշինական նախագծերի նպատակահարմարությունը: Այս տարի, սակայն, միայն 4 համայնքներ` Կենտրոնը, Արաբկիրը, Դավիթաշենն ու Աջափնյակը կունենան կառուցապատման սխեմաներ: Ճշտվում է նաեւ Երեւանի կանաչապատման սխեման, որը եւս, Սամվել Դանիելյանի համոզմամբ, աքսիոմա պիտի դառնա կառուցապատումների համար: Սրան հավանաբար կարելի է հավատալ, քանի որ կառուցապատման զոհ գայթակղիչ տարածքները գրեթե վերացել են Երեւանից, եւ նոր զոհաբերումների կարիք քիչ կլինի: Քաղաքի գլխավոր ճարտարապետը բացառո՞ւմ է գլխավոր հատակագծից շեղումներ: Սամվել Դանիելյանը խուսափողական պատասխան տվեց. «Գլխավոր հատակագիծն էլ կենդանի օրգանիզմ է, բնականաբար, որոշ շտկումներ կարող են լինել»:

Իսկ ինչպիսի՞ կերպարանք է ունենալու քաղաքի կենտրոնը շենքերի հարկայնության առումով: Բարձրահարկ, գիգանտ շենքերի տիրապետությու՞ն, ինչպես աշխարհի շատ քաղաքներում է, թե՞ միջին, մանրանրբին ճարտարապետական նախագծեր: Հսկաներ արդեն նշմարվում են քաղաքի կենտրոնական թաղամասերում, ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը, եթե հակասեն Երեւանի քաղաքաշինական ընդհանուր ոգուն, նախատեսվող համալիրների լուծումներին: «Ե՛վ ցածր, ե՛ւ բարձր կառուցապատման դեպքում պետք է շեշտել տվյալ քաղաքի քաղաքաշինական կարեւոր ավանդները: Բարձրահարկ կառուցապատումը հանցագործություն չէ, եթե չի հակասում քաղաքի դիմագծին, պահպանվում են բոլոր քաղաքաշինական չափանիշները»:

Մի խոսքով, առայժմ ոչինչ պարզ չէ, եւ կարելի է կանխատեսել նաեւ խառը կառուցապատման հավանականությունը:

Ինչ վերաբերում է Երեւանի ընթացիկ խնդիրներին, ապա արդեն պատրաստ է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի կառուցապատման սխեման, եւ այս շաբաթ մրցույթի հայտարարություն կլինի: Պատրաստ է նաեւ Կոզեռն թաղամասի կառուցապատման նախագծային առաջարկը: Մինչեւ ամսվա վերջ այն կներկայացվի քաղաքաշինական խորհրդի քննարկմանը, որից հետո սրա համար եւս մրցույթի հայտարարություն կլինի: Մրցույթի պատկերը պարզ լինելուց հետո կճշտվեն իրացման ժամկետներն ու մնացած խնդիրները: Այստեղ սպասվում է կանաչ տարածքների մեծ մակերեսներով, 5-6 հարկանի բազմաբնակարաններով կառուցապատում: Կոզեռնցիների վերջին բողոքներն ու դժգոհությունները մեկնաբանելուց գլխավոր ճարտարապետը ձեռնպահ մնաց:

Կինոյի տունը իբրեւ Գլխավոր պողոտայի քաղաքաշինական շեշտադրում

Ըստ գլխավոր ճարտարապետի, Կինոյի տան տեղում բարձրահարկ ունենալու առաջարկները հնուց են գալիս, քանի որ ճարտարապետների կարծիքով քաղաքի այս կարեւոր առանցքը քաղաքաշինական ընդգծված շեշտադրում չունի: Այդ նախագծերը, սակայն, հավանության չեն արժանացել: Անցած տարի քաղաքաշինական խորհուրդը թույլատրել է 21 հարկի ճարտարապետահատակագծային առաջադրանք, բայց ըստ Սամվել Դանիելյանի, դա վերջնական տարբերակ չէ: Ներկայում Կինոյի շենքի տեղում թույլատրված են միայն քանդման, ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ: Քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը որոշակի վերապահումներ ունեն նոր կառուցվելիք շենքի վերաբերյալ, որոնցից կախված կլինի նաեւ հարկայնության վերջնական ցուցանիշը:

Ինչ վերաբերում է քաղաքի չարչրկված թաղամասերից հնագույնին` Կոնդին, ապա սրա կառուցապատման որեւէ նախագիծ առայժմ չի քննարկվել քաղաքաշինական խորհրդում: Ինչ էլ որոշվի, աշխատելու են գոնե այստեղ չխաթարել ինքնատիպ քաղաքային միջավայրը:

Ի՞նչ է լինելու «կուկուրուզի» տեղում

Այժմ արդեն անցյալի գիրկն անցած երիտասարդության նախկին պալատի տեղում, ըստ նախագծի, բարձրանալու է բազմաֆունկցիոնալ կառույց: Բայց թե կոնկրետ ինչ տիպի ու նկարագրի, դա նույնիսկ գլխավոր ճարտարապետը չգիտեր: Նա միայն ասաց, որ այստեղ չի բացառվում բնակելի հատվածի առկայությունը: Հավանական է նաեւ հյուրանոցային համալիրի գոյությունը, միայն թե նախկինից շատ ավելի բարձրակարգ, որովհետեւ «նախկինն իր հատակագծային լուծումներով ու ֆիզիկական չափերով չէր համապատասխանում նոր պահանջներին»: Նախկին շենքն ամրացնելու միջոցառումները եւս արդյունավետ չեն եղել, այնպես որ լավագույն տարբերակը համարվել է ապամոնտաժելը: Երկրաբանական առումով շենքի տարածքը բարդ խնդիրներ ունի, եւ նոր կառուցվելիք համալիրը (որի մասին, ի դեպ, լուրեր էին շրջում, թե տերերի խոստման համաձայն աշխարհի 8-րդ հրաշալիքն է լինելու), հարմարվելու է դրանց:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4