«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ՉԵ՞Ն ԶԳՈՒՄ

Խմբագրությունը ստացավ մի նամակ Վրաստանից, որտեղ տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում հայազգի բնակչության հետ: Նկարագրվող դեպքը կապված է հայ երիտասարդ աղջկա հետ (հասկանալի պատճառներով անունը չենք նշում), որը www.job.gg կայքէջում գտնում է աշխատանքի հրավերի հայտարարություն: Հարմար գտնելով, նա պահանջված ժամկետում բոլոր փաստաթղթերը հավաքում եւ ուղարկում է նշված հասցեով, սպասում հարցազրույցի հրավերին: Սակայն խոր վիրավորանք ու հիասթափություն է ապրում, երբ մի քանի օրից ստանում է պատասխան, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է լինում. «Մեր կազմակերպությունը հայերի ծառայության կարիքը չունի»:

«Ֆեմիդա» իրավապաշտպան կազմակերպության հայ երիտասարդ իրավաբանները Լեւոն Իսախանյանի ղեկավարությամբ փորձել են պարզաբանումներ ստանալ այդ խնդրով: Զանգահարելով տվյալ կազմակերպությանը, որի տվյալները տեղադրված են եղել կայքէջում, ապշահար են եղել,պատասխանից. «ոչ մի հայտարարություն ինտերնետում չենք դրել եւ այս պահին էլ մեզ մոտ ազատ տեղեր չկան...»: Իսկ թե ի՞նչ էր եղել իրականում, կարելի է միայն ենթադրել, գրում է նամակագիրը եւ պարզաբանում. «Կամ այդ ֆիրման հասկանալով որ կատարել է աններելի անհեթեթություն, ամեն գնով փորձ է արել պահպանել ֆիրմայի դեմքը` պաշտպանելով իր աշխատակցի արարքը, կամ էլ դա տեղային Մավրոդիի խաբեբայությունն է, որը ինչ-ինչ շարժառիթներից ելնելով չի ցանկանում հայերի հետ գործ ունենալ»: Կա մեկ տարբերակ եւս` կամ դա լավ կազմակերպած սադրանք է, որը նպատակ ունի պետության եւ ձեռնարկության անբարենպաստ իմիջ ստեղծել, որտեղ աշխատանքի են ընդունում միայն ազգային պատկանելությամբ, որը անտարակույս մարդու իրավունքների խախտում է:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4