«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՉԻ ՍՏԵՂԾՎԻ

Երեկ սկսված Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ չմտավ «Արդարություն» դաշինքի օրենսդրական նախաձեռնությունը` 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ. ԱԺ մեծամասնությունը, ընդդիմության տերմինով, տորպեդահարեց նախաձեռնությունը` դեմ քվեարկելով դրան, չնայած «Արդարության» ներկայացուցիչները փորձում էին հնարավորինս հիմնավորել իրենց առաջարկը: Ըստ Վ. Դալլաքյանի` իրենք ընտրակեղծիքների խնդրով սահմանադրական դատարան չեն դիմել, քանի որ վերջինս իշխանության կամքն է կատարում, իսկ ընդդիմությունը նպատակ չուներ մասնակցելու մուլտիպլիկացիոն կինոնկարի: Այդ պատճառով է հարկավոր համարվել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը` հույս ունենալով, որ քաղաքական եւ իրավական գնահատականներ կտա տեղի ունեցածին: Օրենսդրական նախաձեռնությանը նախապես տրված կառավարության բացասական եզրակացությունը «Արդարության» ներկայացուցիչները վիրավորական համարեցին, քանի որ այս հարցը ԱԺ ներքին խնդիրն է, եւ կառավարությունը չպետք է թելադրի: Ընդդիմությունը որպես կռվան էր բերում նաեւ Եվրոպայի խորհրդի` խորհրդարանին արված առաջարկությունը` զբաղվելու հանրաքվեի խախտումներով: Բացի այդ, օրինակ էր բերվում ընտրական օրենսգրքի քննարկումների փոխբարենպաստ մթնոլորտը, որտեղ բազմիցս ընդդիմադիր կողմը կարծիք էր հայտնել, թե ապագայում նորմալ ընտրություններ անցկացնելու երաշխիքը հանրաքվեի ընտրակեղծարարներին պատժելն է: Այսպես թե այնպես` հարցը փակվեց: Քվեարկությունից առաջ իր ելույթում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց ժամանակին հարցի վերաբերյալ հնչած իրավական եւ քաղաքական գնահատականների, ինչպես նաեւ գլխավոր դատախազին ուղղված իր նամակի մասին, տեղեկացնելով, որ հարուցվել է 4 քրեական գործ, մեկի դեպքով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ. «Երբ ես կունենամ գլխավոր դատախազությունից ստացված լիարժեք տեղեկությունՙ կբաժանեմ խմբերին եւ խմբակցություններին, որ մարդիկ տեղեկացված լինեն դատախազության ձեռնարկած միջոցառումներին»:

Մի խոսքով, հարցը ԱԺ-ում փակվեց` փակելով նաեւ ընդդիմության համար դրսեւորվելու եւս մի հնարավորություն: Ընդդիմությունը գործունեության նոր ոլորտներ պետք է որոնի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4