Ոչ ոքից չեմ գանգատվում եւ ոչ ոքից էլ պահանջ չունեմ: Կանեմ այն, ինչ որ հնարավոր է, հնարավորություն չունենալով անելու այն, ինչ որ կարող եմ եւ ընդունակ:
Նիկոլ Աղբալյան
2005 թ. աշնանը նշվեց Ն. Աղբալյանի ծննդյան 130-ամյակը: Այդ առթիվ կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, Երեւանում անցկացվեց միջազգային գիտաժողով: Իսկ Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանի առաջարկով ու նախաձեռնությամբ լույս ընծայեց Նիկոլ Աղբալյանի ստեղծագործությունների «Ընտրանի» ժողովածուն: Այն կազմել եւ ծանոթագրել է պրոֆ. Գ. Անանյանը: Ժողովածուն տպագրվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության մեկենասությամբ: Ն. Աղբալյանի երկերի ժողովածուն հայրենիքում առաջին անգամ է լույս տեսնում, որի նպատակն է հնարավորինս ամբողջական ներկայացնել Ն. Աղբալյան գործչի, գիտնականի, մարդու կերպարը, ընդհանուր պատկերացում տալ մանկավարժի ու մշակութաբանի, լեզվաբանի ու գրականագետի, հրապարակախոսի ու պետական-քաղաքական գործչի բազմաբնույթ գործունեության մասին: Որոշ հոդվածներ, ինչպես նշում է կազմողը, ինչ-ինչ պատճառներով ժողովածուից դուրս են մնացել: Ժողովածուն կազմված է «Հայ գրականության պատմություն», «Նոր շրջանի գրականություն», «Արտասահմանյան գրականություն», «Մտածումներ», «ՙԼեզվաբանություն», «Կրթություն», «Նամակներ» բաժիններից: Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով:
Կազմողի կողմից ներկայացված «Երկու խոսք»-ին հետեւում է Ն. Աղբալյանիՙ «Հառաջաբան»-ը, որտեղ հեղինակը իր գործերի մասին գրում է. «Փորձեր են բոլորը, ուրվագծեր, տպավորություններ, կարծիքներ.- մտքերՙ ցան ու ցիր, թերատ, խոստում ավելի, քան թե կատարում: Բոլորը գրված են մոռանալու համար կյանքի բրտությունը եւ օրվան հացի գարշելի բռնադատումը»: Վերջում ավելացնում է. «Երկար տարիներ դատել եմ անձեր ու գործեր. այսօր հերթն իմն է, որ դատեն: Կցանկայի, որ այս էջերին վերաբերվին նույնքան շիտակ, սրտանց ու սրտաբաց, որքան ինքս եղած եմ ուրիշների հանդեպ»:
«Հայ գրականության պատմություն» բաժնում ներկայացվում է Աղբալյանի աշխատանքը` գրական պատմության եւ գրականության պատմության տարբերությունների մասին, ուր նշվում է, որ մինչդեռ գրական պատմությունը հետազոտում ու ներկայացնում է զատ- զատ հեղինակներ եւ անջատ կարգով, գրականության պատմությունը խոսում է բոլոր հեղինակների մասին եւ ժամանակային կարգով: «Գրականությունը,- գրում է Աղբալյանը,- կյանքի հայելին է, բայց կյանքը շատ ավելի ընդարձակ է, քան կարող է արտացոլել այդ հայելին: Ոչ թե կյանքի հետազոտությունն է գրականության պատմագրի գործը, այլ այդ կյանքի ցոլքը գրականության մեջ: Ազգ ու գրականություն մեռնում են այն ժամանակ, երբ դադարում են իրենց լեզվով խոսել եւ այդ լեզվով գրավոր արտահայտել իրենց ներաշխարհը»:
«Նոր շրջանի գրականություն» բաժնում կազմողը ներկայացնում է Աղբալյանի կարծիքն այն մասին, որ հասարակության մեջ դեպի սեփական գրականությունը մի չտեսնված հետաքրքրություն է նկատվում, ինչպես նաեւ գրական գնահատականների ու քննադատությունների ավելացում: Մինչ այդ ընթերցող բազմությունն անծանոթ էր հեղինակներին, գրականությունը աննշան չափով միայն հասարակական առաջադիմության ազդակ էր: Կյանք է իջել մի նոր սերունդ` տարբեր հոգեկերտվածքով եւ մտավոր ու բարոյական պահանջներով: «Մի բան անկասկած է. գրական հետաքրքրությունը նշան է ազգային արթնացող ինքնագիտակցության, որ դրական երեւույթ պետք է նկատել»:
«Մտածումներ» բաժնում ներկայացվում են Ն. Աղբալյանի մտորումներն ու տեսակետներն այս կամ այն կարեւոր հարցի շուրջ, հայ ականավոր մտավորականների կյանքի ու գործունեության մասին նրա վերլուծությունները: Ն. Աղբալյանը ժամանակին խոսել է հայոց լեզվի մասին, մեծ ուշադրություն դարձրել հայերենի շեշտադրությանը, ստուգաբանել մի շարք բառեր»:
«Կրթություն» բաժնում մեծ ուշադրության է արժանացել հայ վարժապետը: «Կրթության գործում վարժապետն ավելի կարեւոր է, քան աշակերտը», քանի որ հենց նրանից է կախված, թե ինչպիսին կլինի վարժարանը եւ աշակերտը: Ընթերցողը ծանոթանում է Հայաստանում համալսարան բացելու մասին Աղբալյանի մտքերին եւ հրապարակայնորեն արտասանած ճառին, ուր հավատացնում է, որ «մեր մեջ հավատ կա, որ այս անգամ հայոց ազգի նավը դուրս կգա փոթորկից անփորձանք»: Այս բաժնում ներկայացվել են նաեւ Ն. Աղբալյանի մտորումները «Կրթության գործը գաղութներուն մեջ» թեմայի շուրջ:
Ժողովածուն եզրափակում են Ն. Աղբալյանի «Նամակներ»-ը` ուղղված իր մայրիկին, Ա. Իսահակյանին, Հ. Թումանյանին, զավակներին եւ այլոց:
ՄԵԼԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԵՊՀ ժուռ. ֆակ., 4-րդ կուրս