Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիատրովսկին այսօր կեսօրին կժամանի Երեւանՙ Ժողովրդավարության Կովկասյան ինստիտուտի զարգացման ֆոնդի հրավերով: Այցի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Նույն օրը տեղի կունենա մամուլի ասուլիս ինստիտուտի շենքում, որից հետո Զաքյան 2 հասցեում, որտեղ ապրել են Պիատրովսկու ծնողներըՙ Բորիս Պիատրովսկին եւ Հռիփսիմե Ջանփոլադյանը, տեղի կունենա հուշատախտակի բացման արարողություն: Հաջորդ օրը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում դասախոսության ընթացքում Պիատրովսկուն կտրվի պատվավոր պրոֆեսորի կոչում: Դասախոսություն եւ հանդիպում կլինի նաեւ Երեւանի պետհամալսարանում, գիտնականը կպարգեւատրվի «Ոսկե մեդալ» շքանշանով:
Նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներՙ Մայր աթոռ Սբ. Էջմիածնումՙ Գարեգին Բ կաթողիկոսի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանի, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի հետ:
Միխայիլ Պիատրովսկին Հայաստանում կհյուրընկալվի մարտի 21-24-ը: Այդ ընթացքում այցելություններ կունենա Սբ. Էջմիածին, Գառնի-Գեղարդ, կլինեն թանգարանային դիտումներ Մատենադարանում, Էջմիածնում, ազգային պատկերասրահում, պատմության թանգարանում:
Մ. Բ.