Մարտի 18-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հայաստանի եւ Արցախի թեմակալ առաջնորդների, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, ՀՀ մարզպետների, Երեւանի եւ մարզկենտրոնների քաղաքագլուխների եւ Երեւանի թաղապետների հանդիպում, որին ներկա էին նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները:
Հավաքի նպատակն էր քննարկել ազգային-եկեղեցական կյանքին առնչվող խնդիրներ եւ համատեղ ջանքերով գտնել դրանց լուծման ճանապարհները: Հայոց հայրապետը կարեւորեց գյուղերում ու քաղաքներում ծխական համակարգի վերականգնման անհրաժեշտությունը: «Համայնքների եւ ծխական մարմինների վերականգնմամբ պիտի կարողանանք առավել չափով նպաստել քրիստոնեական հավատքով, վարդապետությամբ եւ ավանդույթներով խմորված հայ ընտանիքի ամրացմանը եւ հայոց պետականության հիմերի զորացմանը», ասաց Նորին սրբությունը:
Քննարկումների ընթացքում լուրջ մտահոգություններ հնչեցին աղանդների քայքայիչ գործունեության առնչությամբ: Այդ եւ կարեւոր այլ հարցերում համագործակցության բազում առաջարկներ արեցին ներկաները:
Ս. Մ.
Հ.Գ. - Ծխական համակարգի ներդրումը վաղուց անհրաժեշտություն է «հոգու եւ ոգու սով»-ի ճիրաններում հայտնված մեր հասարակության համար: Այն պահանջում է հավատացյալների հզոր ու բազմանդամ բանակ, ինչպես նաեւ մեր ժողովրդի հավատքի վերազարթոնք` ընթանալու ճշմարիտ քրիստոնեական ուղիով: Սրանք խնդիրներ են, որ իրապես կարոտ են պետական ու հոգեւոր իշխանությունների ներդաշնակ ու համակարգված քայլերի: Մնում է հուսալ, որ անդրանիկ այս ժողովը շարունակություն եւ բարի պտուղներ է ապահովելու մոտ ապագայում: