«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2006-03-17 | #49, 2006-03-18 | #50, 2006-03-21


ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ

Մոնտե Կառլոյում մեկնարկել է շախմատի ավանդական` 15-րդ մրցաշարը 12 շախմատիստների մասնակցությամբ: Այն անցկացվում է յուրօրինակ մրցակարգով: Մասնակիցները միմյանց հետ անցկացնում են 2 պարտիա: Դրանցից առաջինն անցկացվում է արագ շախմատի կանոններով, իսկ երկրորդն` առանց խաղատախտակին նայելու: Մրցաշարի հովանավորն ու կազմակերպիչը հոլանդացի հայտնի գործարար Յոպ վան Օստերն է: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 216 հազար եվրո է:

Այս մրցաշարին առաջին անգամ է մասնակցում Լեւոն Արոնյանը, որը բոլորովին վերջերս գերազանց հանդես եկավ Լինարեսում` դառնալով հաղթող: Լեւոնը Մոնտե Կառլոյում էլ հաջող է հանդես գալիս: Ճիշտ է, առաջին տուրում Արոնյանը «կույր» շախմատում պարտվեց հոլանդացի Լյուկ վան Վելիին, սակայն արագ շախմատի պարտիայում ռեւանշի հասավ: Ավելի հաջող էր հաջորդ տուրում աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովի հետ մրցախաղը: «Կույր» շախմատում գրանցվեց ոչ-ոքի, իսկ ահա արագ շախմատում Արոնյանը կրկին անգերազանցելի էր եւ հաղթեց աշխարհի չեմպիոնին: Վերջինս մեկնարկային տուրում երկու հաղթանակ էր տոնել Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Այսպիսով, 2 տուրից հետո 2,5-ական միավորով առաջատարի դերը ստանձնեցին Լեւոն Արոնյանը, Վեսելին Թոփալովը, Պետեր Լեկոն, Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Ֆրանսիսկո Վալյեխոն: Ընդ որում, միայն Արոնյանն ու Թոփալովն են 2-ական հաղթանակ տոնել: Արագ շախմատի հաշվարկով Արոնյանն առաջին տեղում է հարյուր տոկոսանոց արդյունքով:

Ահա գրանցված մյուս արդյունքները. Լեկո-Նիլսեն` 1,5-0,5, Վալյեխո-Սվիդլեր` 1,5-0,5, Անանդ-Մորոզեւիչ` 0,5-1,5, Գելֆանդ-Գրիշչուկ` 1-1, Սվիդլեր-Անանդ` 0,5-1,5, Գրիշչուկ-Վալյեխո` 1-1, Մորոզեւիչ-Գելֆանդ` 1-1, Նիլսեն-Իվանչուկ` 1-1, վան Վելի-Լեկո` 1-1:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4