Եկատերինբուրգում ընթացող շախմատի աշխարհի կանանց առաջնությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի մասնակիցները: Քառորդ եզրափակիչ հանդիպումներից ամենահամառը ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայայի եւ չին շախմատիստուհի Հու Յուհուայի մրցամարտն էր: Հաղթողը որոշվեց թայմ-բրեքում: Դասական շախմատի կանոններով 2 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի, իսկ արագ շախմատում չին շախմատիստուհին հաղթեց 1,5-0,5 հաշվով:
Արդյունավետ էր աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի եւ լիտվացի Վիկտորյա Չմիլիտեի մրցախաղը: Բոլոր չորս պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան: 3-1 հաշվով հաղթեց Չմիլիտեն: Մրցակցի նկատմամբ հիմնական ժամանակում մեծ առավելության հասավ ռուսաստանցի Ալիսա Գալյամովան: Նա 2 հաղթանակ տոնեց վրաց շախմատիստուհի Նինո Խուրցիձեի նկատմամբ: Կիսաեզրափակիչ մտավ նաեւ Սվետլանա Մատվեեւան` պարտության մատնելով ֆրանսուհի Մարիա Սեբային (1,5-0,5):
Այսպիսով, կիսաեզրափակիչում կմրցեն Գալյամովան ու Չմիլիտեն, Յուհուան եւ Մատվեեւան: Նշենք, որ եզրափակիչ մրցախաղը բաղկացած է դասական շախմատի կանոններով 4 պարտիայից: Եթե դրանք չորոշեն աշխարհի չեմպիոնուհուն, ապա կնշանակվի արագ շախմատի կանոններով 4 պարտիա, իսկ հարկ եղած դեպքում կանցկացվեն նաեւ կայծակնային պարտիաներ: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 450 հազար դոլար է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ