«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2006-03-18 | #50, 2006-03-21 | #51, 2006-03-22


ՌԴ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ

Մոսկվայում մարտի 20-ին տեղի է ունեցել կլոր սեղան «Նախիջեւանի հայկական մշակույթի հուշարձաններն Ադրբեջանի վանդալիզմի թիրախ» թեմայով: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տվյալներով, միջոցառմանը մասնակցել են Վիկտոր Կրիվոպուսկովը («Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ընկերություն»), Սերգեյ Աբգարյանը (Մոսկվայի «Նախիջեւան» հայկական ընկերություն), Յուրի Նավոյանը («Ռուս-հայկական ընկերակցություն»), Էմանուել Դոլյուակյանը («Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերություն»): Միջոցառման մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որով դատապարտվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2005 թ. դեկտեմբերին Նախիջեւանի Հին Ջուղա քաղաքի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը:

«20-րդ դարի սկզբին, երբ Հայաստանի Նախիջեւան պատմական գավառը Ռուսաստանի կայսրության, ապա Հայաստանի Հանրապետության կազմում էր, հայկական Հին Ջուղա քաղաքում կար մոտ 8 հազար խաչքար, որոնք համաշխարհային փոքրածավալ ճարտարապետության գլուխգործոցներ են: Նախիջեւանի Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվելու ժամանակահատվածում ոչնչացվեց ավելի քան 4 հազար խաչքար: 1998 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերով վանդալիզմը կասեցվեց: Սակայն հենց հիմա, երբ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն եւ մյուս միջազգային կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիներ են որոնում, պաշտոնական Բաքուն Նախիջեւանում լկտիորեն իրականացրեց վանդալիզմի եզրափակիչ փուլը, ոտնահարելով համաշխարհային ընկերակցության բոլոր մարդասիրական ջանքերը», նշվում է հայտարարությունում:

Կլոր սեղանի ամփոփիչ հայտարարության հեղինակները նաեւ զայրույթով նշում են, որ պատմական ճշմարտությանը հակառակ, Ադրբեջանն աննախադեպ չափերով իրականացնում է Ռուսաստանի, Հայաստանի, ամբողջ Կովկասի պատմության խեղաթյուրման քաղաքականություն, հետեւաբար կանխամտածված մոլորության մեջ է գցում սեփական ժողովրդին եւ համաշխարհային հանրությանը, ինչը հակասում է մշակութային ժառանգության պահպանման հանրաճանաչ մարդկային նորմերին, ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիային եւ ցեղասպանության ակտ է:

«Մենք դիմում ենք Ռուսաստանի պետական ղեկավարությանը, հասարակական-քաղաքական շրջանակներին, Ռուս ուղղափառ եկեղեցուն, կոչ անելով անհապաղ դատապարտել վանդալիզմի այդ դրսեւորումները եւ Ադրբեջանի իշխանություններից պահանջել խստիվ կատարել երկրում մյուս ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պահպանման պարտավորություններըՙ միջազգային կոնվենցիաներին եւ պարտավորություններին համապատասխան», նշվում է փաստաթղթում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4