Երկրաշարժից ավերված երկու քաղաքներիՙ Գյումրու եւ Վանաձորի վերականգնման եւ կառուցապատման խնդիրները երեկ խորհրդարանում արծարծվեցին հերթական անգամ: Պատգամավոր Հովհաննես Մարգարյանի տեղեկացմամբՙ առատ ձյան տեղումների պատճառով Գյումրիում 89 շենք վթարային է դարձել եւ դեռ առկա է հեղեղների վտանգը, ինչը ավելի է կարեւորում նորոգման խնդիրը: Գյումրու վերականգնման խնդրի համապարփակ լուծման հիմք պատգամավորի կարծիքով կարող է լինել համանուն մշակվող օրինագիծը: Վանաձորի գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը դեռ 1997 թվականից է շեշտվում, բայց դրա լինելիության հստակ ժամանակ չի նշվում մինչ օրս: Մինչդեռ քաղաքը կառուցապատվում է ոչ պակաս խայտառակ քաղաքաշինական նորմերի խախտումներով, քան արվում է Երեւանում: Վանաձորն էլ կորցնում է իր տեսակը ու վերածվում քարե տնակների համայնապատկեր ներկայացնող բնակավայրի: Հերթական անգամ այս մասին երեկ ահազանգեց վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
Ն. Պ.