Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու երեւանյան այցի մասին «Ազգն» արդեն տեղեկացրել է: Պիատրովսկին ծնվել է Երեւանում, մայրը հայուհի էՙ մասնագիտությամբ հնագետ Հռիփսիմե Ջանփոլադյանը: Հայրըՙ հռչակավոր գիտնական, հնագետ Բորիս Պիատրովսկին 1964-1990 թթ. աշխարհի ամենահարուստ թանգարաններից մեկիՙ Էրմիտաժի տնօրենն էր: Որդինՙ Միխայիլ Պիատրովսկին, շարունակեց հոր աշխատանքային ուղին: Մասնագիտացած արեւելյան բանասիրության արաբական ճյուղի մեջՙ նա բազմիցս մասնակցել է պեղումնաբանական աշխատանքների Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Եմենում, եղել է սովետա-եմենական գիտական արշավախմբի ղեկավարը, հեղինակել է շուրջ 150 աշխատություններ: Հոր մահից հետո 1991 թ.-ին նա հրավիրվել է Էրմիտաժՙ աշխատելու գիտական գծով փոխտնօրեն, 1992 թ.-ին արդեն նշանակվել է թանգարանի տնօրեն:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Պետերբուրգի պետհամալսարանի պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռուսաստանյան կոմիտեի նախագահության, թանգարանների միջազգային միության անդամ Մ. Պիատրովսկին արժանացել է բազմաթիվ պարգեւատրությունների, այդ թվումՙ Ռուսաստանի պատվո շքանշանի, Պատվո լեգեոնի շքանշանի (Ֆրանսիա): Իսկ 1997 թ.-ին միջազգային աստղագիտական միությունը նորահայտ փոքր մոլորակներից մեկը կոչեց «Պիատրովսկի» հայր եւ որդիՙ Բորիս եւ Միխայիլ Պիատրովսկիների պատվին:
Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտում երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում գիտնականը ներկայացրեց Էրմիտաժի ներկա վիճակը, խոսեց էքսպոզիցիոն փոփոխությունների, ռեստավրացիոն աշխատանքների, հայաստանյան թանգարանների հետ հետագա համագործակցման, ամենատարբեր մշակույթների փոխըմբռնումների ու շփումների կարեւորության, մարդկության զարգացման ճանապարհին մշակույթի ահռելի դերի մասինՙ ՙ իբրեւ գիտակցական վիճակի ստեղծագործական բարձր կենսաձեւի: Բնականաբար, անդրադարձ եղավ Էրմիտաժում պահվող հայկական արվեստի նմուշների, որոնց թիվը 500-ից 1000-ի է հասնում, ցուցադրման, վիճակի, Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակում Էրմիտաժում ներկայացվող «Էջմիածնի գանձերի» ցուցադրության մասին:
Մասնավոր հետաքրքրություն ներկայացրեց ուրարտական նմուշների էրմիտաժյան ներկայությունը, որ ինչպես նշեց գիտնականը, ժամանակին Հայաստանի կառավարության նվերն էր թանգարանին, այնպես ինչպես, օրինակ, բրիտանական թանգարանին նվիրած գավաթը, որն ընդունված երեւույթ է համարվում, եւ ավելացրեց, որ այդ նմուշները հրաշալիորեն պահպանվում եւ ուրարտական հնագույն մշակույթն աշխարհին ներկայացնելու իրենց դերն առավել են կատարումՙ ցուցադրվելով նման մեծ թանգարանում:
Ասուլիսից քիչ անց Երեւանի այն փողոցում, որտեղ ժամանակին ապրել են գիտնականի ծնողները (Զաքյան 2), տեղադրվեց հուշատախտակ:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ