«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2006-03-18 | #50, 2006-03-21 | #51, 2006-03-22


ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՍՈՍԿ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ

«Կարեւորը ոչ թե քանակական, այլ որակական գործոնն է

Երեկ Ֆրանսիական համալսարանի մեծ դահլիճում «Ոսկե բառ» մրցույթով բացվեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպված ֆրանկոֆոնիային եւ ֆրանսերենին նվիրված շաբաթը: Առաջիկա օրերին «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացվեն ֆրանսիական «Դիմակահանդես», «Մոլորյալները», «Վիվա Լալջերի» եւ «Օձը բռունցքում» ֆիլմերը, տեղի կունենա ֆրանսիական երգերի համերգ, թատերական ներկայացում: Ողջ շաբաթվա ընթացքում դեսպանության գրադարանում կկազմակերպվի ցուցահանդեսՙ նվիրված Լեոպոլդ Սեդար Սենգորին:

Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին եւ մշակութային գծով խորհրդականը: Անրի Կյունիի համոզմամբ, ֆրանկոֆոնիան սոսկ ֆրանսերենի իմացությամբ չի սահմանափակվում, այն արժեքային մտավոր մի ողջ համակարգ է: Հայաստանը Փարիզում գործող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդ երկիր է: Դեսպանի գնահատմամբ, դա նշանակում է, որ մեր երկրում ֆրանկոֆոնիայի զարգացման հնարավորություններ եւ նախադրյալներ կան: Նախատեսված ծրագրերի շարքում է նաեւ «1000 դեսպան» ձեռնարկը, որը նախատեսում է 12-14 տարեկան հայ աշակերտների հյուրընկալություն ֆրանսիական ընտանիքներում: Մշակութային խորհրդականը տեղեկացրեց, որ այժմ Երեւանում եւ Հայաստանի տարբեր շրջաններում ընտրվում են ֆրանսերենի լավ իմացությամբ աշակերտներ:

Մարտի 28-ին Փարիզ-Երեւան առաջին թռիչքը կկատարի «Էր Ֆրանս» ավիաընկերության ինքնաթիռը: Դեսպանի խոսքերով, ամենայն հավանականությամբ, պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 8-ին, երբ Ֆրանսիայից Հայաստան կժամանեն պաշտոնատար մի շարք անձինքՙ Անրի Կյունիի, Հայաստանում Ֆրանսիայի տարվա գլխավոր հանձնակատարի ուղեկցությամբ:

«Հայաստանի պես երկրում ֆրանկոֆոնիայի զարգացման համար կարեւորը ոչ թե քանակական, այլ որակական գործոնն է, համոզված է պրն Կյունին: Շփվելով երիտասարդ ֆրանկոֆոնների հետ, կարող եմ ասել, որ նրանք բավականին բարձր մակարդակով են տիրապետում լեզվին, ինչը զուգակցվում է մտքի ճկունությամբ»: Դեսպանը ուրախ է նաեւ գյումրեցիների եւ վանաձորցիների շրջանում ֆրանսերենի իմացության բարձր մակարդակով: Մշակութային խորհրդականը նշեց, որ իրենք ամենեւին էլ չեն պայքարում անգլերենի դեմ, գիտակցում են, որ այն մնում է գործնական աշխարհի լեզու, սակայն այսօր տնտեսական աշխարհում հաջողությունների հավակնորդ ձեռնարկատերերը չեն բավարարվում միայն անգլերենի իմացությամբ:

Դեսպանն այն համոզմանն է, որ ֆրանկոֆոնիայի գլխավոր նպատակներից է խաղաղությանը, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը խթանելը, բարձրագույն կրթությանը եւ դրան զուգահեռ գիտահետազոտական աշխատանքի զարգացմանը նպաստելը:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4