«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2006-03-18 | #50, 2006-03-21 | #51, 2006-03-22


«ԵԿԱՐ, ԶԱՐՄԱՑՐԻՐ, ԳՆԱՑԻՐ...»

Մեր ժողովրդի ամենալայն շրջաններում վաղուց ի վեր իր պիեսներով («Ղազարը գնում է պատերազմ», «Խաչմերուկ», «Քո վերջին հանգրվանը» եւ այլն) ու ֆիլմերով («Ոսկե ցլիկ», «Շրթներկ N 4», «Հարսնացու հյուսիսից», «Խոշոր շահում» եւ այլն) մեծ սեր ու ճանաչում ունի տաղանդավոր թատերագիր Ժորա (Գեւորգ) Հարությունյանը (1928-2002): Այս գործերով էլ հենց սկսվել է հայ դրամատուրգիայի դասականի անմահությունը. Ժորա Հարությունյանի կենդանի հումորը եւ անկեղծ մարդասիրությունը որպես ժողովրդական հարստություն, ամեն անգամ գտնելով արտահայտման յուրօրինակ ձեւեր, վկայում է այն իրողության մասին, որ նրա ստեղծագործությունները չեն կորցնում իրենց նշանակությունը մեր փոփոխական ժամանակներում: Լինելով բացառիկ անձնավորությունՙ Ժորա Հարությունյանը հայ ժողովրդի հոգեւոր արժեքների եւ իր ժամանակի ոգու արտահայտիչն էր:

Վերջերս լույս տեսավ նրա հիշատակին նվիրված «Եկար, զարմացրիր, գնացիր...» խորիմաստ վերնագրով հուշերի ժողովածուն: Գրողի ծննդյան 77-ամյակի առթիվ գիրքը կազմել է անվանի դրամատուրգի դուստրըՙ բանասեր եւ լրագրող Գայանե Հարությունյանը: Սիրով եւ ճաշակով ձեւավորված գիրքը պոլիգրաֆիական բարձր մակարդակով տպագրվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (տնօրենՙ Մկրտիչ Կարապետյան):

Ժողովածուն բացվում է հարափոփոխ ժամանակների, մարդկային կյանքի իմաստի մասին քնարական մտորումներով տոգորված Ժ. Հարությունյանի «Տխրություն» բանաստեղծությանՙ գրքի բովանդակությանը համահունչ մի հատվածով: Դրան հաջորդում է կազմողի կողմից գրված մուտքի խոսքը («Հուշերի ճանապարհով»): Այնուհետեւ Ժորա Հարությունյանի անտիպ խոսքն է («Երանի մեզ, որ ճանաչել ենք նրան...») «հայ բեմարվեստի տիտան», «մի խոսուն հիշողություն»ՙ մեծն Վարդան Աճեմյանի մասին, որը, ի դեպ, ժամանակին հայտնաբերել էր դրամատուրգին:

«Մարդը եւ գրողը» բաժինն ընդգրկում է թվով 56 հուշ կամ վերլուծական խոսք: Ներկայացված են դրամատուրգի ժամանակակիցների, նրա գրչընկերներիՙ նշանավոր գրողների, թատերագիրների, մեծանուն ռեժիսորների ու դերասանների, հանրաճանաչ թատերագետների, արվեստագետների հուշերը եւ սիրառատ խոսքը Ժ. Հարությունյանի մասին: Դրանց հիմնական էությունը «մեր Ժորայի» «ձեռի հետ» կատարած անհաշիվ ու անթիվ բարի գործերն են, որոնք եւ, դրամատուրգի խոսքերով ասած, կազմում են «մարդկային կյանքի մեծությունը»: Բաժինն ավարտվում է «Պատուհան դեպի հավերժություն» եւ «Հարազատ օտարը» գողտրիկ մանրապատումներով, որոնք կյանքի հավերժության եւ մարդկային նվիրվածության գեղարվեստական խտացումներ են:

Հաջորդ բաժինըՙ «Մտքեր, մտքեր թեւավոր» խորագրով, ներկայացնում է Ժ. Հարությունյանի կենսափիլիսոփայությունն արտահայտող անտիպ թեւավոր խոսքերըՙ կյանքի եւ ժամանակների անանց արժեքների մասին:

«Ժորա Հարությունյանը ժամանակի խճանկարում» բաժինը ներկայացնում է դրամատուրգինՙ կյանքում, թատրոնում, կինոյում, «պատկերասրահ» - լուսանկարներում:

Գիրքը եզրափակվում է Ժորա Հարությունյանի ստեղծագործություններին վերաբերող հոդվածների, գրախոսականների եւ գրքերիՙ խնամքով կազմված մատենագիտական ցանկով: Վերջինս օգտակար եւ արժեքավոր աղբյուր կարող է դառնալ հայ բեմարվեստի պատմությամբ զբաղվող ուսումնասիրողների համար:

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4