Մարտի 18-ին Դետրոյթի (ԱՄՆ) հայ համայնքը իր եկեղեցական, կուսակցական եւ հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներով վերջին հրաժեշտը տվեց գաղութի ամենահարգված ազգայիններից մեկին` ազգային բարերար, մեքենաշինության մեծ մասնագետ եւ արդյունահանող Կառլ (Գալուստ) Սողոյանին, որը երկար հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում հրաժեշտ էր տվել կյանքին մարտի 11-ին:
Հանգուցյալ բարերարը մեծապես հարգված էր ոչ միայն հայության, այլեւ Միչիգանի ավտոգործական խոշոր ընկերությունների կողմից: Նրա արտադրած ավտոմասերը իրենց ճշգրտությամբ ու որակով անգերազանցելի էին, եւ հենց այդ պատճառով նրա K. P. Sogoian Manufacturing. Inc ընկերության պատվիրատուներն էին «Ջեներալ մոթորզ» ընկերությունը, «Դետրոյթ Դիզըլ» կորպորացիան եւ ԱՄՆ ռազմական կոմպլեքսը:
Բացի հարգված ինժեներ եւ բազմաթիվ պատենտների հեղինակ լինելուց, Կառլ Սողոյանը, ինչպես ասվեց, հայտնի բարերար էր: Նրա բարերարություններից օգտվել են հայ եկեղեցին, հայ դպրոցը, թանգարանները, մամուլն ու ազգային կազմակերպությունները: Նրա միջոցներով է կառուցվել Վայքի շքեղ եկեղեցին, Արցախի դպրոցներից մեկը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսարանի շենքային տարբեր հատվածները:
Կ. Սողոյանը հայկական եւ օտարազգի արվեստի նմուշների բացառիկ հավաքածուի տեր էր, որի զարդերից էին միջնադարյան մեծ մանրանկարիչ Սարգիս Պիծակի մի գլուխգործոցը, ինչպես նաեւ Այվազովսկու հրաշակերտերից մի քանիսը: 1988 թ.-ին, Արցախյան զարթոնքի ամենաբուռն օրերին, Սողոյանը Վաշինգտոնում հանդիպեց Միխայիլ Գորբաչովի տիկնոջը եւ վերջինիս միջոցով Ռուսաստանին նվիրեց սլավոնական հնագույն ձեռագիր մի ավետարան, այն հույսով, որ Խ. Միության ղեկավարը լավ կվերաբերի հայկական պահանջներին...
Հայտնի բարերարի գործունեությանը «Ազգը» ավելի մանրամասն կանդրադառնա առաջիկա համարներից մեկում: Մինչ այդ` մեր խորազգաց ցավակցությունները հանգուցյալի այրուն` տիկին Էմմա Սողոյանին եւ ողջ դետրոյթահայությանը: