«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2006-03-18 | #50, 2006-03-21 | #51, 2006-03-22


ԷԴԻԿ ԵՐԻՑՅԱՆ. «ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ՇԱՏ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՄ, ԿՅԱՆՔՈՒՄ` ՈՒՐԲԱԹԱԽՈՍ»

Էդիկ Երիցյանը միակն է դարպասապահներից, որ մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի բոլոր 14 առաջնություններին` անցկացնելով 214 խաղ: Այս ցուցանիշով նա Հարություն Աբրահամյանի հետ յուրօրինակ ռեկորդակիր է դարպասապահների շրջանում: Վերջերս Երիցյանը հրավիրվել է Երեւանի «Արարատ», որի հետ մեկամյա պայմանագիր է կնքել:

- Էդիկ, դու ֆուտբոլային հարուստ կենսագրություն ունես: Նախ մի հետադարձ հայացք նետենք` անդրադառնալով ֆուտբոլային առաջին քայլերիդ:

- Ծնվել եմ Աբովյանում, տեղի ֆուտբոլի մարզադպրոցում էլ ֆուտբոլային առաջին քայլերս եմ կատարել: Հետագայում սովորել եմ ֆիզկուլտուրայի ինստիտուտում, հանդես եմ եկել Ուկրաինայի պատանեկան հավաքականում: Ազգային անդրանիկ առաջնությունը դիմավորեցի ՀՄՄ-ՖԻՄԱ-ում` անցկացնելով ընդամենը մեկ խաղ, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն պաշտպանում էի Աբովյանի «Կոտայքի» դարպասը: Ֆուտբոլիստի կյանքն այնպիսին է, որ ստիպված ես լինում հաճախակի թիմից թիմ տեղափոխվել: Հատկապես դա ընդունված է Հայաստանում, որտեղ ֆինանսական ոչ կայուն պայմանների պատճառով թիմերի լուծարման դեպքերը եզակի չեն: Այդ պատճառով ֆուտբոլային կենսագրությանս ընթացքում խաղացել եմ 7 թիմերում: Ամեն դեպքում գոհ եմ ֆուտբոլում անցկացրած տարիներից:

- Իսկ ո՞րն ես համարում քո համար ամենահաջողակը:

- Թեեւ ֆուտբոլային երկար կյանք եմ ապրել, սակայն առանձնակի նվաճումների չեմ հասել: Մի քանի անգամ հանդես եմ եկել ՀՀ գավաթի եզրափակիչում, սակայն այդպես էլ բախտ չի վիճակվել գավաթակիր դառնալ: Գուցե «Արարատում» այս առումով բախտս բերի:

- Ինչպե՞ս հայտնվեցիր «Արարատում»:

- Ցանկությունը երկկողմանի էր: Ցանկանում էի ուժերս փորձել «Արարատում», որի մարզիչներից հրավեր ստացա: Կոլեկտիվին շատ լավ ծանոթ եմ, շատ լավ տղաներ են, որոնցից ոմանց հետ խաղացել եմ: Կաշխատեմ արդարացնել մարզիչների վստահությունը եւ օգտակար լինել թիմին:

- Դու սովորաբար խաղի գրեթե ողջ ընթացքում խոսում ես, ցուցումներ ես տալիս խաղընկերներիդ, նույնիսկ, երբ թիմը գրոհում է: Դա բնավորության գի՞ծ է, թե՞ դարպասապահի համար անհրաժեշտություն է:

- Կարծում եմ պատճառն այն է, որ շատ զգացմունքային եմ, ամբողջությամբ տրվում եմ խաղին, ձգտում հուշել խաղընկերներիս, օգնել նրանց, քանի որ դարպասային հրապարակից խաղի ընդհանուր պատկերը լավ է երեւում: Ճիշտ է, երեւի թե շատ եմ խոսում, բայց ամեն դեպքում դարպասապահը պարտավոր է իր ցուցումներով օգնել խաղընկերներին, հատկապես պաշտպանությունը կազմակերպելիս:

- Իսկ կյանքում ե՞ւս շատախոս ես:

- Ընդհակառակը, խաղադաշտից դուրս շատ քիչ եմ խոսում, ինչպես ասում են` ուրբաթախոս եմ, թեեւ սիրում եմ կատակել, զվարճանալ: Պարզապես խաղադաշտում աշխատանքի բնույթն է ստիպում ինձ շատ խոսել: Նման ձեւով ինձ հաջողվում է ավելի շուտ խաղի մեջ մտնել, թիմակիցներս էլ ավելի զգույշ են լինում:

- Դարպասապահի հատկանիշներից ո՞րն ես ավելի շատ կարեւորում:

- Իմ կարծիքով ամենակարեւորը դարպասում ճիշտ դիրքի ընդունումն է եւ խաղը «կարդալու» ունակությունը:

- Այսօր «Արարատում» դարպասի պաշտպանությամբ դու եւ Գառնիկ Հովհաննիսյանն եք զբաղվելու: Կան մարզիչներ, որ հավասարազոր դարպասապահների դեպքում նրանց հերթականությամբ են խաղացնում: Դու համամի՞տ ես նման սկզբունքին:

- Նախ ասեմ, որ մենք Գառնիկի հետ ընկերներ ենք, երկուսս էլ նույն գործն ենք կատարում, երկուսիս նպատակն էլ մեկն է` նպաստել թիմի հաջողությանը: Կարեւոր չէ, թե մեզանից ո՞վ հանդես կգա: Իսկ դարպասապահի ընտրությունը մարզչի գործն է: Նա է որոշում, թե տվյալ խաղին ում վստահի դարպասի պաշտպանությունը: Իմ կարծիքով, վստահություն ձեռք բերելու համար դարպասապահին անհրաժեշտ է գոնե 4-5 անընդմեջ խաղ անցկացնել, որպեսզի խաղընկերների հետ փոխըմբռնման հասնի: Իսկ մեկումեջ խաղալը չի կարող նպաստել դարպասապահի կայուն մրցելույթներին: Այլ հարց է, որ անկախ նրանից, թե մարզիչը դարպասապահներից ո՞ւմ է ավելի շատ վստահում, երկուսն էլ պարտավոր են մշտապես լավ մարզավիճակում գտնվել եւ ամեն պահի հարկ եղած դեպքում փոխարինման դուրս գալ:

- Ֆուտբոլային քո կենսագրությունում զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Կարծում եմ կռահեցիր, որ խոսքը 1995 թ. գավաթի եզրափակիչի «Արարատ»-«Կոտայք» հանդիպման մասին է: Այդ խաղում պաշտպանում էիր «Կոտայքի» դարպասը եւ 13-րդ րոպեին մրցակցի խփած գոլը գրանցվեց քո անվան դիմաց` որպես ինքնագոլ: Հիշո՞ւմ ես այդ պահը:

- Այո, այսօրվա պես հիշում եմ: Գագիկ Հովհաննիսյանը դարպասային գծին էր կանգնած, ես մի փոքր դարպասից դուրս էի եկել, խառնաշփոթ իրավիճակ էր մեր դարպասի մոտ: Արարատցիների գրոհն ավարտվեց դարպասին հարվածելով: Գնդակը դիպավ ինձ, հետո Գագիկ Հովհաննիսյանին, հետո կրկին հետ եկավ իմ կողմը: Փորձեցի հեռացնել գնդակը եւ չիմացա, թե ինչպես այն հայտնվեց դարպասում: Շատ ցավալի գոլ էր: Այդ պահին ես ու Գագիկը կարծես հույսը մեկս մյուսի վրա էինք դրել:

- Դու Հայաստանի առաջնություններում դարպասապահների շրջանում Հարություն Աբրահամյանի հետ բոլորից շատ` 214 խաղ ես անցկացրել: Փաստորեն, այս տարի կդառնաս ռեկորդակիր: Ընդհանրապես հետաքրքրվո՞ւմ ես վիճակագրությամբ, ինչպե՞ս ես վերաբերվում ռեկորդներին:

- Հիմնականում մամուլից եմ հետաքրքրվում: Անկեղծ ասած հաճելի է տեղեկանալ, որ կարող եմ ռեկորդակիր դառնալ: Կձգտեմ որքան հնարավոր է ավելացնել խաղերիս քանակը:

- Ֆուտբոլում ո՞վ է կուռքդ:

- Դանիացի Պետեր Շմեյխելը: Վաղուց էի հետեւում նրա գործողություններին, ինձ դուր էր գալիս նրա ինչպես ոտքով, այնպես էլ ձեռքով խաղը: Իսկ ներկայիս դարպասապահներից կնշեի Պետր Չեխին:

- Ներկայումս որպես կանոն թիմերում դարպասապահների հետ առանձին մարզիչներ են պարապում: Ի՞նչ ես կարծում, նրանց դերը շա՞տ է կարեւորվում:

- Դարպասապահների մարզչի առկայությունը թիմում անհրաժեշտություն է: Որովհետեւ կան մասնագիտական առանձնահատկություններ, վարժությունների յուրօրինակ շարք, որ հնարավոր չէ ընդհանուր խմբի հետ պարապել: Դարպասապահի տեխնիկայի, տակտիկական հարցերում հատուկ մարզչի օգնությունն անհրաժեշտ է: Դարպասապահը հատուկ ուշադրություն պետք է դարձնի գնդակը որսալու տեխնիկային, դարպասում ճիշտ դիրք գրավելուն, ցատկունակության, ռեակցիայի զարգացմանը նպաստող առանձնահատուկ վարժությունների կատարմանը:

- Ֆուտբոլային գործունեությունդ սկսելիս մտածո՞ւմ էիր, որ բախտ կվիճակվի երկար տարիներ հանդես գալ: Դեռ որքա՞ն ես մտադիր խաղալ:

- Զգում եմ, որ դեռեւս բավական ուժ ունեմ շարունակելու ելույթներս: Կարծիք կա, թե Հայաստանում նույնիսկ մինչեւ 40 տարեկանը կարելի է խաղալ: Դա այդպես չէ: Ամեն ինչ պայմանավորված է ֆուտբոլիստների ֆունկցիոնալ ընդհանուր պատրաստվածությունից, նրա օրգանիզմի առանձնահատկություններից: Ուրախ եմ, որ հրավեր ստացա «Արարատից» եւ հնարավորություն ունեմ շարունակելու պաշտպանել դարպասը: Նշանակում է, դեռեւս հայկական ֆուտբոլին անհրաժեշտ եմ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4