Ստեփանակերտում առաջիկայում կկառուցվի հուշակոթող, որը կհավերժացնի արցախյան գոյամարտում նահատակվածների հիշատակը: Հուշակոթողի մանրակերտն օրերս մրցույթի է ներկայացրել արցախցի անվանի քանդակագործ Ալբերտ Հարությունյանը: Այն ներկայումս տեղադրված է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության թանգարանում, եւ արդեն տեղի է ունեցել առաջին հասարակական դիտումը: Միջոցառմանը ներկա ԼՂՀ պաշտպանության նախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սեյրան Օհանյանը մանրակերտն անվանել է ուշադրության արժանի: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի գաղափարը կոգեշնչի ուրիշ քանդակագործների ու ճարտարապետների, որոնք եւս կմասնակցեն մրցույթին:
Մրցութային կարգով սահմանված է նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը: Իսկ արդեն 2007-ի մայիսյան եռատոնին հուշակոթողը պիտի տեղադրված լինի իր վերջնական տեսքով:
Մանրակերտի հեղինակ Ալբերտ Հարությունյանը նպատակահարմար է գտնում հուշակոթողը տեղադրել Երկրորդ աշխարհամարտի եւ արցախյան պատերազմի նահատակների գերեզմանները միավորող տարածքում, որը հանրության համար առավել տեսանելի վայր է: Ստեփանակերտում հիշարժան տարեթվեր ազդարարող մի շարք միջոցառումներ, պաշտոնական արարողություններ կազմակերպվում են հենց այդ վայրում, եւ նոր հուշակոթողի տեղադրումն ավելի կամբողջացնի տեղանքի ընդհանուր պատկերն ու կազմակերպվող միջոցառումների բովանդակությունը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ