Իսրայել Չառնին հորդորում է PBS-ին ցուցադրել ֆիլմը
Ապրիլի 17-ին Լոս Անջելեսի եւ շրջակա տարածքի բնակիչներն անվճար կարող են դիտել «Հայոց ցեղասպանությունը» փաստագրական ֆիլմը Հոլիվուդի հանրահայտ Եգիպտական կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսոր, «Էմիի» մրցանակակիր Էնդրյու Գոլդբերգն անձամբ կմասնակցի դիտումներին: Երեկոյան ժամը 6-ին, 8-ին եւ 10-ին առաջարկվող ֆիլմի ցուցադրումը պայմանավորված է նրանով, որ վերջերս Լոս Անջելեսի PBS հեռուստաընկերությունը «Հայոց ցեղասպանությունը» փաստագրական ֆիլմի ցուցադրման նախօրոք ձեռքբերված համաձայնությունը չեղյալ հայտարարեց: Ինչպես «Ազգը» գրել է բազմիցս, հիմնական խնդիրն այն էր, որ ֆիլմի ցուցադրությունից հետո նախատեսվում էր բանավեճ Հայոց ցեղասպանության թեմայով, որին ընդդիմացավ հայ համայնքը:
Հետաքրքրական է, որ ցեղասպանության մասնագետ-գիտնականների միջազգային ասոցիացիան, ի դեմս նախագահ Իսրայել Չառնիի եւ առաջին փոխնախագահ Գրեգրի Սթենթնի, բաց նամակ է հղել PBS հեռուստաընկերությանըՙ հորդորելով ցուցադրել «Հայոց ցեղասպանությունը» ֆիլմը հենց ապրիլի 17-ին, նույն այն ժամին, երբ Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում մեծ լսարանը կդիտի այդ անչափ կարեւոր ֆիլմը:
Ասոցիացիան իր անունից նշել է, որ ֆիլմը համարում է բարեխղճորեն եւ լավ կատարված աշխատանք: Պրոֆեսորներ Չառնին եւ Սթենթնն ընդգծում են, որ պատմության ընթացքում այս թեմայի վերաբերյալ որեւէ այլ ֆիլմ այնքան ճշգրտորեն չի նկարագրում եւ ներկայացնում Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Էնդրյու Գոլդբերգը ֆիլմն սկսում է հենց դատապարտման խնդրով, ներկայացնելով հարցազրույցներ ինչպես գիտական, այնպես էլ շարքային թուրք դատապարտող մարդկանց հետ եւ բավականին ընդգծված ցույց տալով, որ դատապարտման հարցը մնում է Հայոց ցեղասպանության կենտրոնական խնդիրը: