KfW բանկի պատասխանատուները նման նպատակներ են հետապնդում
Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը եւ գերմանական KfW վերականգնման վարկերի բանկի տարածաշրջանային տնօրեն Ռեյնհալդ Շտրաուսը երեկ ստորագրեցին «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» վարկային ծրագրի պայմանագիրը: Այն կսկսի գործել սեպտեմբեր ամսից: Համաձայն ծրագրի, գերմանական կողմը Հայաստանին կտրամադրի 6 մլն եվրո վարկ եւ 1,5 մլն դրամաշնորհ: Սա ծրագրի առաջին փուլն է: Երկրորդ փուլում Հայաստանին կտրամադրվի եւս 6 մլն եվրո: Նախատեսվում է, որ գումարն օգտագործվելու է 2006-2007 թթ:
ԿԲ փոխնախագահը նշեց, որ պետք է ներդրվեն հիպոթեկային վարկերի ստանդարտներըՙ վարկերը պետք է նման լինեն միմյանց, նշվի դրանց կանխատեսելի չափը, վարկի տրամադրման ժամկետը եւ այլն: Ծրագրի ընդհանուր նպատակներն ենՙ ընտրել 6 բանկեր եւ վարկային կազմակերպություններ, որոնք հայկական դրամով կառաջարկեն ոչ պակաս քան 10 տարի ժամկետով վարկեր, ավելացնել Երեւանից դուրս վարկերի առաջարկը, հիպոթեկային վարկառուների խմբի մեջ ընդգրկել միջին եկամուտ ունեցող ընտանիքներին, մինչեւ 2008 թ. ստեղծել երկրորդային շուկայի զարգացման նախադրյալները: Արթուր Ջավադյանը հայտնեց, որ արդեն հիմա կան երեք բանկեր, որոնք հիպոթեկային վարկեր են տրամադրում 10 տարի ժամկետով, իսկ հիպոթեկային վարկերի ծավալը բանկերի ընդհանուր պորտֆելում կազմում է 12 մլրդ դրամ:
Ռեյնհալդ Շտրաուսն ավելացրեց, որ այս ծրագրի նպատակն է ոչ միայն նոր բնակարաններ ձեռք բերել, այլեւ եղած բնակարանների նորոգումը կամ բնակարանային պայմանների բարելավումը: Այսինքն, բնակչության հնարավորինս լայն զանգվածներին այս վարկերից օգտվելու հնարավորություն կընձեռվի: Գերմանական բանկի ներկայացուցիչը նույնպես կարեւորեց ստանդարտների սահմանումն այստեղ, որի միջոցով բանկերի ավելի մեծ թափանցիկություն եւ մրցակցություն կապահովվի: Վերջինս էլ կհանգեցնի հիպոթեկային վարկերի տոկոսադրույքների նվազմանն ու ժամկետների երկարացմանը:
KfW-ի Հայաստանում ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանն իր հերթին վկայակոչելով ուսումնասիրությունների արդյունքները, հայտնեց, որ Հայաստանի շուկայում հիպոթեկային վարկերի պահանջարկը կազմում է 150-200 մլն դոլար, մինչդեռ ներկայումս առաջարկը, ինչպես արդեն նշվեց, 25-26 մլն դոլար է (12 մլրդ դրամ): Նա հույս հայտնեց, որ այս տարվա երկրորդ կեսից սկսվող այս ծրագրի շնորհիվ այս ոլորտի վարկավորման ծավալները առնվազն կկրկնապատկվեն եւ որպես տնտեսագետ համոզմունք հայտնեց, որ դրա հետեւանքով տոկոսները կնվազեն: Արդեն հիմա այս ծրագրի սպասումների հետեւանքով այդ գործընթացը տեղի է ունենում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ