Ստեղծվել է աբխազական երկաթուղու վերագործարկման կոնսորցիում
Տարանջատենք քաղաքական եւ տնտեսական խնդիրները: Այս սկզբունքի շուրջը համաձայնության գալով Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու աբխազական երկաթգծի վերագործարկման աշխատանքները: Ճանապարհի վերականգնման աշխատանքներով կզբաղվի քառակողմ կոնսորցիումը, որի նիստը տեղի կունենա ապրիլի սկզբին Երեւանում, «Ազգին» հայտնել է կոնսորցիումի հայկական կողմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը:
2005 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ռուս¬վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել է փաստաթուղթ, որի հիման վրա էլ ձեւավորվել է քառակողմ կոնսորցիումը: Վլադիմիր Բադալյանը նշում է, որ հայ¬ռուսական եւ հայ¬վրացական գործարար ընկերակցությունների շուրջ երկու տարվա ջանքերի շնորհիվ հաջողվել է հասնել այն բանի, որ տնտեսական եւ քաղաքական խնդիրները տարանջատվեն: Խոսքը նախ եւ առաջ վրաց¬աբխազական բարդ հարաբերություններին է վերաբերում: Հայտնի է, որ պաշտոնական Թբիլիսին աբխազական երկաթգծի վերագործարկման նախապայման էր դիտարկում վրաց փախստականների վերադարձը Աբխազիայի Գալիի շրջան: Նրանց վերադարձից հետո, փաստորեն, հնարավոր եղավ սկսել բանակցությունները: Մյուս կարեւոր խնդիրը վերաբերում էր մաքսակետին. տեղադրել վրաց-աբխազակա՞ն, թե՞ ռուս- աբխազական սահմանին:
Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Աբխազիայի ներկայացուցիչները կոնսորցիումի շրջանակներում առաջին հանդիպումն ունեցել են մարտի 15-ին Մոսկվայում եւ պայմանավորվել մարտի վերջին հանդիպել արդեն Թբիլիսիում: Ապրիլի առաջին կեսին Երեւանում կայանալիք հանդիպման ժամանակ կառույցին կտրվի իրավական ձեւակերպում, որից հետո կսկսվեն բուն աշխատանքները: Կոնսորցիումը պետք է զբաղվի նաեւ ծրագրի համար ֆինանսավորման հայթայթմամբ: Գումարները հիմնականում կուղղվեն երկաթուղու ականապատ հատվածների ականազերծմանը, կամուրջների եւ ռելսերի վերականգնմանը: Վլադիմիր Բադալյանի խոսքով, շուրջ 70- 80 կմ հատվածի վրա ռելսեր ընդհանրապես չկան: Ծրագիրը կարժենա 150 -200 մլն դոլար: Արդեն կան նախնական հաշվարկներ նաեւ կողմերի ֆինանսական մասնակցության վերաբերյալ: Ռուսական կողմը 50, վրացականը` 30, հայկական եւ աբխազական կողմերը` 10-ական տոկոս: Շուրջ մեկ¬երկու տարում, ըստ Վլադիմիր Բադալյանի, հնարավոր կլինի հասնել աբխազական երկաթուղու վերագործարկմանը:
Կոնսորցիումի ստեղծմամբ կարելի է հույս փայփայել, որ վերջապես կգործարկվի աբխազական երկաթուղին, ինչը հզոր ազդակ կլինի մեր երկրի տնտեսության զարգացման համար: Շուրջ 60-70 տոկոսով կճեղքվի Հայաստանի տնտեսական շրջափակումը: Երկաթուղային կապ կստեղծվի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Եվրոպայի հետ: Շատ փորձագետներ պնդում են, որ աբխազական երկաթուղու վերագործարկումը հայ¬թուրքական հարաբերություններում առաջ կբերի նոր մոտեցումներՙ սահմանը փակ պահելը թուրքական կողմից այլեւս կդառնա անիմաստ:
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ