«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2006-03-22 | #52, 2006-03-23 | #53, 2006-03-24


ԱՎՍՏՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՆ

Ներքին ինչ կյանքով է ապրում հայությունն արտերկրում, ինչ հոգսերով, ինչպիսի հարաբերություններ են գործում հայկական տարբեր կառույցների միջեւ եւ ինչ փոխառնչություններ ունեն այդ երկրների կառավարությունների հետ, հարցերի մի ամբողջական շղթա. բացի համահայկական խնդիրներից` Հայ դատ, ցեղասպանության ճանաչում եւ փոխհատուցում, հայ սփյուռքի յուրաքանչյուր օղակ ունի իր ներհամայնքային խնդիրները. դա առանձին մի աշխարհ է, իր յուրօրինակ մթնոլորտով, պատմությամբ, ձեւավորված մշակույթով ու հարաբերություններով: Աշխարհատարած սփյուռքյան հայ իրողությունը հայրենիքում ուղղակիորեն այսօր պարտադրում է համակարգող պետական առանձին գերատեսչության առկայություն, խնդիր, որ դեռեւս լուծված չէ: Մենք քիչ թե շատ հետեւողականություն ցուցաբերում ենք մեր հարցերի, հոգսերի նկատմամբ, իսկ սփյուռքը չգիտես ինչու մեր պատկերացումներում դեռեւս մնում է իբրեւ ապահով մի կառույց-գոյություն` ինչ-որ տեղ հոգսազուրկ: Իրականությունը սակայն տարբեր է, եւ կարծում եմ` պետք է փոխենք մտածողության այս ստերեոտիպը` փորձելու մեզ համար առավել ճանաչելի դարձնել սփյուռքյան իրականությունը, այն դիտելով իբրեւ մեր կյանքի օրգանական շարունակություն: Օրաթերթային անդրադարձները նույնպես այդ ճանաչման ճանապարհի քայլերից մեկն ենք համարում: Փորձենք փոքր-ինչ ծանոթանալ ավստրիահայ գաղութի ներկային:

Հայերն Ավստրիայում բնակություն հաստատել են վաղուց` դեռեւս XVIII դարից: Առաջին աշխարհամարտից հետո Կիլիկիայից ու Արեւմտյան Հայաստանից Ավստրիա են տեղափոխվել մի քանի տասնյակ հայ ընտանիքներ: Հայերի մեծ հոսք դեպի Ավստրիա սկսվեց 1970-ականներից` Լիբանանից եւ Սիրիայից: Այսօր հայերի թիվն Ավստրիայում այնքան էլ մեծ չէ` մոտավոր հաշվարկներով 3000-5000-ը չի անցնում: Վիեննան համարվում է տարանցիկ քաղաք, Ամերիկա եւ այլ երկրներ արտագաղթելու նպատակով հատկապես շատ պարսկահայեր ու հայաստանցիներ այսօր ժամանակավորապես հաստատվում են այս երկրում եւ մի մասը գրանցում չի ստանում:

Ավստրիահայ գաղութում էլ հայերը համախմբվում են եկեղեցական կառույցների շուրջը: Ավստրիայի հոգեւոր հովվության կենտրոնը` հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցին` կառուցված 1965-1968 թթ., գտնվում է Վիեննայի 3-րդ թաղամասում: 1962-ին Ավստրիայի հայոց հոգեւոր առաջնորդությունը ստանձնել է Տեր Մեսրոպ վրդ Գրիգորյանը` այժմ արքեպիսկոպոս, որ 1980-ից Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի հայրապետական պատվիրակն է:

Ազգապահպան մյուս կարեւոր օջախը` Մխիթարյան մայրավանքը, որի պաշտոնական ճանաչումը Ավստրիո կառավարության կողմից եղել է 1811 թ., տեղավորված է Վիեննայի 7-րդ թաղամասում: Այստեղ պահպանվում են շուրջ 2600 ձեռագրեր եւ ավելի քան 120 հազար հայերեն եւ օտար լեզուներով գրքեր, թանգարանային հավաքածուներ եւ հազվագյուտ նմուշներ:

Շուրջ 30 տարի Վիեննայում հիմնվել եւ գործում է Ավստրիա-հայկական մշակութային միությունը (1974 թ.)` հայ եւ ավստրիական մշակույթները միմյանց ճանաչելի դարձնելու առաքելությամբ: Կազմակերպված միջոցառումները` համերգներ, ցուցահանդեսներ, զանազան դասախոսություններ իրականացվել են բարեգործական հովանավորությամբ: Հայ-ավստրիական մշակույթների փոխշփմանը մասնավորապես մեծ նպաստ է բերել ծնունդով բուլղարահայ Կարպիս Փափազյանը` գաղութի երիցագույն անդամներից, ՀԲԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղի գործուն անդամ, որի նվիրատվությամբ նորոգվել են Մխիթարյան թանգարանը եւ բազմաթիվ սրահներ: Բարեսեր հայ մարդ, որ ցայսօր շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը` սատարելով հատկապես նորաստեղծ կազմակերպություններին: Նրա անունով քանի տարի արդեն գործում է հատուկ մրցանակ, որն ամեն տարի տրվում է հայությանը առավել նշանակալից ծառայություն մատուցած օտարազգի գիտնականներին եւ արվեստագետներին:

Հայ առաքելական եկեղեցին արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար յուրատեսակ մի հենարան-խարիսխ է, միավորող ուժ: Սբ. Հռիփսիմե եկեղեցին կիրակնօրյա հոգեւոր սնուցումից բացի ունի միավորման հենց այդ զորությունը: Եկեղեցուն կից կառուցված է Ավստրիայի հայության կենտրոնը` մշակույթի տունը, որտեղ տեղավորված են ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի Ավստրիայի մասնաճյուղերը: Եկեղեցական վարչության ջանքերով 1981-ին հիմնված «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը գործում է մշակույթի տանը եւ ցայսօր համայնքի միակ ուսումնարանն է, որը ջանում է ավստրիական կրթություն ստացող եւ փաստորեն հայկականությունից հետզհետե օտարվող հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել եւ նրանց մեջ արթնացնել սեր եւ հետաքրքրություն սեփական մշակույթի, լեզվի, եկեղեցու եւ պատմության նկատմամբ: Օտար միջավայրում համընդհանրացման-համաշխարհայնացման այլազան հոսանքների ահռելի ազդեցությունների մթնոլորտին դիմագրավելու փորձերը` սեփական դիմագիծը պահպանելու համար, որքան դժվար, նույնքան առաջնային են դառնում մեր ժամանակներում` տեսակը պահպանելու ենթագիտակցական բնազդի արթնացման պատճառներով թերեւս:

Վիեննայում վերջերս գործում է «Հույս» կազմակերպությունը, որը ստեղծվել է օժանդակելու Հայաստանից արտագաղթած հայերին: Ըստ որում, քաղաքացիական հանգամանքներով չպայմանավորված (կրոնական, քաղաքական համոզմունքներ) արտագաղթողների հետ տարվում է նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ բացառիկ աշխատանք: Ավստրիական կառավարությունը կացարան նմաններին չի տրամադրում: «Հույսը» համագործակցում է ավստրիական կառավարության հետ, որի միջոցներով դրամական աջակցություն է տրամադրվում` ապահովելու նրանց հայրենիք վերադարձը: 15 տարի գործում է եկեղեցու Տիկնանց միությունը, որի անդամ նվիրյալ կանայք կամավորապես ու սիրով հոգում են եկեղեցու մի շարք կարիքներ:

Հայ առաքելական համայնքը եւ վարչությունը մեծ դեր ունեն գաղութի ներքին կյանքը կազմակերպելու հարցում: Այս օրերին Վիեննայում անցկացվող եկեղեցական վարչության հերթական ընտրությունները բավականին աշխուժություն են մտցրել համայնքային առօրյայում: Համապատասխան համայնքի մշակած, ընդհանուր ժողովի վավերացրած, ապա եւ Ամենայն հայոց հայրապետի հաստատած ծրագիր-կանոնագրի, ընտրելու իրավունք կարող է ունենալ 18 տարեկանը լրացած, Ավստրիայում առնվազն 3-ամյա բնակությամբ, Հայ առաքելական եկեղեցուն պատկանող եւ նվազագույնը ծխական տուրքը վերջին 5 տարիներին մուծած յուրաքանչյուր անդամ: Համայնքի շուրջ 170 անդամ ստացել է ընտրության մասնակցության իրավունք:

Ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ փորձեցինք հեռախոսով ստանալ Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու անդամ եւ ապագա վարչության անդամության թեկնածու, գործարար Միսաք Գասպարյանից:

- Ընտրությունների օրը մարտի 12-ից տեղափոխվեց ապրիլի 2-ը` տուրքերի նոր վճարումներ կատարած շուրջ 100 անձանց կարգավիճակը ճշգրտելու պատճառով: Այս նպատակով ստեղծված հանձնախմբի գործունեությունը գովելի նախաձեռնություն է, սակայն դրանք ունեցան տարակուսելի որոշ դրսեւորումներ: Հարցումների ենթարկվեցին ոչ միայն այդ նոր անձինք, այլեւ համայնքի որոշ հին անդամներ, այդ թվում նաեւ ես, ինչն անհարկի եմ գտնում: Այն պարագայում, երբ ես 5 տարի` 1999-ից Հայ առաքելական եկեղեցու անդամ եմ, կանոնավորապես ծխական տուրք եմ վճարել, նմանապես որդիս` 18-ը նոր լրացած եւ այդ մեկ տարվա տուրքը եւս վճարած է: Ավելին, 2004-ին համայնքի ընդհանուր ժողովի ընթացքին Սրբազան հոր առաջարկով ընտրված եմ վարչության անդամ, որից, սակայն, ստիպված էի հրաժարվել վարչության անդամների հետ որոշ տարաձայնությունների պատճառով, որոնք խոչընդոտում էին մեր աշխատանքային համագործակցված արդյունավետ գործունեությանը: Տարօրինակ է վերաքննիչ անդամների վերաբերմունքը իմ` կաթողիկե լինելու կասկածանքով, այն պարագայում, երբ 2005-ի սեպտեմբերին այդ կասկածանքը փարատվեց` 1963-ին Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանից ստացած մկրտության վկայականը ներկայացնելուց հետո:

- Եկեղեցական վարչությունը ուղղակիորեն կարո՞ղ է նպաստել համայնքի կենսական խնդիրներին:

- Այո: Համայնքի բոլոր ձեռնարկների, հանդիպումների կազմակերպչական պատասխանատվության հանձնառուն վարչությունն է, ինչպես եկեղեցական ազգային տոների` Սբ. Զատիկ, Ծննդյան տոներ, Ապրիլ 24, Վարդանանց տոն եւ այլն:

Իրականացնում է նաեւ ֆինանսական գործունեություն, ինչպես համայնքի կալվածքների ընդհանուր հաշիվների, եկեղեցական տուրքերի, եկեղեցապատկան շինություններից գանձվող գումարների վերահսկողություն, համայնքի ժառանգած գումարների տնօրինում եւ ըստ կարիքի դրանց գործածություն:

- Իսկ ցուցակով ներկայացված համայնքի 170 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի՞ ընտրվելու:

- Ընտրելու իրավունք, անշուշտ, ունի: Սակայն ընտրվելու համար (6 հիմնական անդամ, 2 պահեստային) որոշակի սահմանափակումներ կան` տվյալ անձի ավստրիահպատակության հանգամանքը եւ որեւէ դատական հետապնդման ենթարկված չլինելը:

- Ընտրությունների ընթացքում կա՞ն արդյոք կուսակցական կամ այլ բնույթի ներազդեցություններ կամ տարաձայնություններ:

- Որեւէ նման երեւույթի մասին ընդհանուր չեմ կարող խոսել: Բայց մասնավոր, իր թեկնածությունը ներկայացրած այն խումբը, որի անդամ եմ նաեւ ես, բացառապես անկուսակցական անձերից է բաղկացած` փաստաբաններ Հայկ Ազնբաուեր-Ճգնավորյան, Սաբրինա-Անանիա Ստեփանյան, բժիշկ Ներսես Առաքելյան, գործարարներ Սամվել Նահապետյան, Կարո Բաղդոյան, Համբարձում Հարությունյան, պաշտոնյաներ Ալինա Խաչիկ, Մարտին Բիչնաուեր:

- Պրն Գասպարյան, ձեր խմբից բացի կա՞ն արդյոք այլ թեկնածուներ:

- Ուրիշ թեկնածուների մասին առայժմ պաշտոնական որեւէ տեղեկություն մեզ հայտնի չէ, ընդհանուր խոսակցությունից կարող ենք կռահել, որ կան եւս մի քանի թեկնածուներ: Մարտի 26-ին միայն ներկայացված թեկնածուների անունները կտեղադրվեն մշակույթի տան մուտքի ցուցափեղկին:

- Ինչպե՞ս է այդ պարագայում ձեր խմբի անունները հայտնի դարձել համայնքի անդամներին:

- Մարտի 12-ին համայնքի շուրջ 100 անդամների հավաքի ընթացքին խմբի յուրաքանչյուր թեկնածու ներկայացավ իր ծրագրերով:

Ասեմ նաեւ, որ սա առաջին անգամն է, որ վարչության անդամության թեկնածուների կազմակերպված խումբ է ներկայանում: Վստահ եմ ընտրությունների դեմոկրատական ընթացքին. հույս ունեմ, որ մենք կշահենք:

- Թերեւս ներկայացրել եք նաեւ գործունեության որոշակի ծրագիր:

- Անշուշտ, ծրագրի գործունեությունը ներառում է համայնքի ներքին եւ արտաքին բազմաթիվ խնդիրներ, օրինակՙ կանոնագրի փոփոխություն, ֆինանսական թափանցիկ մատակարարություն, ընկերային-հասարակական հարցեր (ծերեր, ներգաղթողներ), ազգային-մշակութային-երիտասարդական խնդիրներ, Հայոց ցեղասպանության ճանաչում եւ ուսումնասիրություն, արտաքին ասպարեզում` ավստրիական համապատասխան իշխանությունների հետ համագործակցություն: Կարեւոր է հատկապես այն, որ խմբի հայացքը ուղղված է Հայաստանին` դեսպանատան հետ կապերի զարգացում, հայաստանյան ծրագրերին աջակցություն, արվեստագետների եւ համալսարանականների հետ համագործակցություն: Ունենք եւս մեկ ծրագիր, որը շատ կարեւոր եմ տեսնում: Ավստրիաբնակ յուրաքանչյուր հայ պատանի պետք է մինչեւ 15 տարեկանը այցելի Հայաստան, եթե ընտանիքը չունի այդ կարելիությունը, համայնքը պետք է աջակցի: Պատանեկան երազային հասակին անհրաժեշտ է հայրենիքի հետ շփումն ու ծանոթությունը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4