Իր նորընծա պատկերագրքի առիթով
«Ինձ համար Դոն Կիխոտը ամենահարազատ գրական կերպարն է: Թուում է` նրան տեսել եմ, վիճել, յետոյ հաշտուել նրա հետ: Նա իմ հայրն է, իմ Մարտին Պետրոսեան ընկերը, իմ Հայկազ Խաչատրեան ընկերը, նա Էսմայի Արամայիս հայրն է, նա ես եմ»: Նման մի խոստովանություն գեղանկարիչ Կարեն Սմբատյանը չգիտեմ երբ է արել, բայց այս տողերը` օրերս հրատարակված իր նորատիպ պատկերագրքում, վկայում են Դոն Կիխոտ-խենթ փիլիսոփայի ու պայքարի հավերժական ասպետի հետ իր հոգեհարազատության շարունակության մասին:
...Սեպտեմբերյան մի օր, երբ դրսում արեւը շլացնում էր իր լույսով, նկարիչների միությունում ցուցադրվում էր Կարեն Սմբատյանի աշխատանքները: Սրահ մտնելուց հետո օրն ավելի տաք զգացի` շիկացնելու աստիճան: Սմբատյանական գույների մթնոլորտից էր` շռայլ կենսասիրությամբ վարակիչ: Հողի իմաստնությունից ու երկրի պինդ ակունքներից սնվող զգացողություն, որ նրա արվեստին հաղորդում է լուսավոր լավատեսություն: Սմբատյանի գույնը հենց կյանքն է մշտապես պայքարի անընդհատական զարգացումներով: Ուշադրություն դարձրեք պատկերագրքում զետեղված երկու` 1989-ին Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված «Շնորհակալություն աշխարհի ժողովուրդներին» եւ հատկապես «Նահատակ ազատամարտիկների հիշատակին» 1991-ին արված կտավներին: Գունային որեւէ նրբերանգ իսկ չի «մատնում» այդ աշխատանքների հետեւում թաքնված խորը ողբերգությունը, նկարչի ապրած արյան ցավը, որի ազնիվ պրկումից ծնված արվեստային այս դրսեւորումը հավատարմության խոստովանություն է առ հայրենին եւ նրա շարունակելիության խորհուրդը: Լաջվարդն ու դեղնակարմիրը, հայկական նուռը, խաղողն ու ծաղիկները` հողի կենսահյութն ու քնքշությունն իմաստավորող խորհրդապատկերներ, որ հաստատում են նահատակ մեր հայորդիների արյամբ սրբագործված հողի կենսական ուժը:
Այս պատկերագրքով Կարեն Սմբատյանը ներկայանում է մտավորականի իր ներքին կենսագրությամբ, նկարչի գեղագիտական հավատամքով ու քաղաքացուՙ իր ազգային մտահոգություններով, որի դրսեւորումների ականատեսը բազմիցս եղել ենք նաեւ մեր խմբագրությունում, երբ նա հրապարակման է ներկայացրել մշակույթին, լեզվին, սոցիալական, հոգեւոր սուր խնդիրներին վերաբերող հոդվածները` հստակ կողմնորոշումով:
Պատկերագրքի առաջին մասը բովանդակում է Սմբատյանի` ժամանակին արված օրագրային գրառումներից պատառիկներ, ուր նա պատմում է իր ստեղծագործական անցած ճանապարհի մասին: Առավել հետաքրքրական են հակիրճ գրությունները` կյանքի, արվեստի, բարոյականության մասին. դրանք տպավորություններ են, խոհեր, կենսափիլիսոփայական եզրահանգումներ, որով բացահայտվում է գեղանկարչական սկզբունքները, գույնի, գծի, կոմպոզիցիայի, պլաստիկայի ըմբռնումները եւ սա արվում է համաշխարհային գեղանկարչական տարբեր դպրոցների, ուղղությունների նկատմամբ հետաքրքրությունների զուգահեռականներով: Սմբատյանի համար գեղանկարչությունը արթուն կենսաձեւ է: Նա այն համոզմունքին է, թե «Արուեստն ու հաւատքը միմեանց սկիզբ են ու շարունակութիւն»: Հետեւելով Դելակրուայի «Գեղանկարչությունը գույների խրախճանք է» արտահայտությանը` Սմբատյանն էլ իր նկարչությունը դարձրել է ճիշտ այդպիսին, որտեղ գույնը միայն մթնոլորտ չի, որ ստեղծում է. գույնը կերպար է, աշխարհը զգալու, բացատրելու ձեւ, ձայն, պատկեր, հոգեվիճակ: Ու եթե բժշկության մեջ գործում է արտթերապիա կոչվող մեթոդը, ապա Սմբատյանի գունանկարչությունը վստահաբար կարելի է կիրառել իբրեւ առողջ կենսաէներգիա ներարկելու միջոց, որի ազդեցությունը անմիջականորեն զգացել եմ նրա ամեն ցուցահանդեսից հետո: Իր համար գունանկարչությունը ապրում-զգացողությունից հասնում է գրեթե պաշտամունքի. դա սկսվեց 1972-ին` Հենրիկ Սիրավյանի իրեն նվիրած սպեկտրիկ ապակու մի կտորի գունալուսային արտաբեկումներից ներշնչված «Ինքնադիմանկարը սպեկտրի գույներով» աշխատանքով: «Այդ նկարը ինձ ազատեց մեծն Կաւարաջիոյի դեղնա-հողագոյն գեղանկարի ազդեցութիւնից»:
Կերպարվեստում գույնը, գիծը, ձեւը, պատկերը անքակտելի միավորներ են. «Ձեւը: Դա ինքը բովանդակությիւն է: Ձեւը մեզ շրջապատող աշխարհն է: Նկարիչը, երբ արհամարհում է ձեւը, իր ստեղծագործութիւնը զրկում է կեանքից: Ձեւը լոյսի ու ստուերի բանալին է», գրում է Սմբատյանը: Նրա արվեստի թեմատիկան մեզ շրջապատող աշխարհն է, մարդը, բնությունը, հայրենի երկիրը, նրա մտավորականը, պարզ հայ մարդը, ազատամարտիկը, հավատավորը, նրա գաղափարախոսը: Այստեղից են ծնվում ֆիդայիների, ազատամարտիկների դիմանկարներ (թվով` շուրջ 250), Գարեգին Նժդեհի կերպարի ուժի եւ ոգու միաձուլումը` իբրեւ ազգային իդեալի: Եվ մարդկային կյանքը` բնության կերպաձեւերով հոգեկան ներքին տրամադրություններ արտահայտող. «Միջօրե», «Ճանապարհ դեպի Սպիտակավոր», «Սեպտեմբեր», «Կեսօրը ձորափում», «Ամառ», «Տեղատվություն», «Աշունը Հրազդանի ձորում» գործերը, հոգեւոր դրսեւորումները` Աստվածամորը նվիրված կտավներում, հրաշալի նատյուրմորտները:
Հետաքրքրական ուրույն աշխարհ է Սմբատյանի ներքին երկխոսությունները իրեն հոգեհարազատ նկարիչների հետ` Վան Գոգ, Պոլ Սեզան, Դելակրուա, Մատիս, Մոդելիանի, Անտուան Միլլե, Պիկասո, Սարյան, Մինաս..., որոնցով հիացել ու տարվել է. այնպես է ներշնչվել 18-19-րդ դարերի ֆրանսիական կերպարվեստով, որ երկու տարի առաջ ցուցահանդես բացեց` «Ֆրանսիական ռոմանտիկ գեղանկարչությունն իմ գունամտածողությամբ» վերտառությամբ:
Կարեն Սմբատյանը արվեստի ու հոգեւոր կյանքի լուսավոր խաչմերուկում է կանգնած, եւ իր բաղձանքը` բարձրագույն իդեալը, հոգու ազատության եւ ազնվության շնորհն է համարում: Այդ ճանապարհին նրա սիրտը բաց է, հոգու գույները` շռայլ...
Պատկերագիրքը հրաշալի նվեր է արվեստի սիրահարներին, Կարեն Սմբատյանի գեղանկարչությունը գնահատողներին: Գրքի հրատարակությունը իրականացվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ: Արժանին պետք է մատուցել նաեւ գրքի տպագրությունն իրականացնող, հրատարակիչ-խմբագիր Վան Արյանին` պատրաստակամ վերաբերմունքի համար` հանդեպ մշակույթն ու արվեստի մարդիկ: Սմբատյանի ստեղծագործական ուղուն եւ նրա արվեստի առանձնահատկություններին անդրադարձել է արվեստաբանության դոկտոր Վիգեն Ղազարյանը գրքի առաջաբանում: Մակետը եւ ձեւավորումը կատարել է Վահան Քոչարը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ