«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2006-03-22 | #52, 2006-03-23 | #53, 2006-03-24


ԹԱՏՐՈՆԸ ՄԻԱՅՆ ԽԱՂ ՉԷ

Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Այդ առիթով հանդիպում ունեցանք մեր բեմարվեստի մի քանի ներկայացուցիչների հետ:

Վահե Շահվերդյան, ՀՀ ժող. արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար

- Մարտի 27-ը մասնագիտական տոն է, որին թատրոնի մարդիկ սրտի թրթիռով են սպասում: Սունդուկյանցիների համար մարտ ամիսը բեղմնավոր է: Այն սկսվեց Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» եւ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի բեմադրությամբ: Մեր դասականների կողքով անտարբեր անցնելու իրավունք չունենք, բայց խաղացանկում կընդգրկենք նաեւ ժամանակակից դրամատուրգիայի այնպիսի գործեր, որոնք սուր բախումներից չխուսափող հարցադրումներով հանդիսատեսի ու թատրոնի միջեւ կստեղծեն անկեղծ խոսակցություն:

Վերջերս հայտնի դարձավ, որ Երեւանի մի շարք թատրոններ, այդ թվում եւ մենք հրավեր ենք ստացել մասնակցելու «Հայաստանի օրերը Ռուսաստանում» փառատոնին: Վերջին շրջանում 12 երիտասարդ դերասաններ ընդունվել են մայր թատրոն: Քանի դեռ կա մեր փառահեղ վարպետների վառած ճրագները պահպանող սերունդ, թատրոնը կշարունակի ապրել: Հայ թատրոնի ակունքները երբեւէ չեն ցամաքի:

Ալբերտ Մկրտչյան, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղ. ղեկավար

- Այն մտավախությունը, թե այսօրվա թատրոնն իր առաքելությունից շեղվել է, լուրջ չեմ համարում: Եթե հազարամյակներն անզոր եղան վերացնելու թատրոնը, տեխնիկական առաջընթացն էլ չի կարողանա: Քանի որ թատրոնն այն վայրն է, ուր հոգեպես մաքրվում են դերասանն ու հանդիսատեսը: Վերջինս որակյալ ներկայացում տեսնելու հույսով միշտ էլ կգա թատրոն:

Դառնալով մեր թատրոնինՙ այն իր 1, 5 տարվա կենսագրության մեջ գրանցել է արդեն 8 ներկայացում: Ուրախալին այն է, որ իրականացվել է Մհերի երազանքը: Արդեն կայացած թատրոնն ունի ոչ միայն շնորհալի դերասաններ, այլեւ միանգամայն լուրջ հանդիսատես: Թատրոնի երիտասարդ դերասաններին առաջին ներկայացման (2004թ. հունիսի 12) նախօրեին ես պատգամեցի ծերանալ թատրոնի պատերի ներսում: Դա նաեւ օրհնանք է, այն կանգուն է պահելու մեր թատրոնը, որի կամարների տակ հավերժ շրջելու է Մհերի հոգինՙ լուսավորելով թատրոնի վերընթացը:

Վլադիմիր Մսրյան, ՀՀ ժողովրդական արտիստ, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկ. թատրոն

- Արվեստներից թերեւս թատրոնն է մաքրազերծում հոգին: Բարեբախտաբար անցան այն տարիները, երբ հանդիսատեսի շնչին կարոտ դահլիճներում արձագանքում էր միայն դերասանի ձայնը: Այսօր հանդիսատեսն աշխուժացել է, հատկապես երիտասարդությունը:

Ինձ մտահոգում են արվեստ ներթափանցած բացասական որոշ երեւույթներ: Շատացել է միջակությունը, հեռուստատեսային ցածրորակ հաղորդաշարերն ի զորու չեն դաստիարակության խնդիր լուծել: Դարեր շարունակ այդ գործը ստանձնել է թատրոնը: Սակայն այսօր մեր սերունդը կարող է չիմանալ հայ անվանի արվեստագետի անուն, մինչդեռ բազմաթիվ սերիալների հերոսների անուններ անգիր գիտի: Աններելի է դա: Գալով մեր թատրոնինՙ պետք է նշեմ, որ ունենք մեզ փոխարինող հրաշալի սերունդ: Ժամանակին Հրաչյա Ղափլանյանի խորաթափանցությունը կարողացավ գտնել իր արժանի փոխարինողինՙ ի դեմս Արմեն Խանդիկյանի, ում շնորհիվ դրամատիկական թատրոնում սերնդափոխության հարցը ճիշտ հիմքերի վրա դրվեց: Նա ժամանակակից սերնդին աճելու հնարավորություն է տալիս, իսկ մենք այդ սերնդի առաջ սիրով բացում ենք կատարյալ արվեստի գաղտնիքները:

Բորիս Պեպանյան, ՀՀ վաստակավոր դերասան, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ռեժիսոր

- Մարտի 27-ը թատերական աշխարհի ներկայացուցիչների տոնն է, որը սովորաբար նշվում է նոր ներկայացումներով: Մեր թատերական խումբն այդ օրը հանդես կգա «Ազգային. խայտառակություն» ներկայացումով: Մեր խաղացանկը հագեցած է հիմնականում հայկական դրամատուրգիայով: «Կարեւորել ազգայինը» ահա թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ «Թատերական գործիչների միության» ղեկավար Երվանդ Ղազանչյանի շեշտադրումը:

Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյան հեռուստաթատրոնի ռեժիսոր

Դեռ ոչ վաղ անցյալում յուրաքանչյուր երկուշաբթի երեկոյան հեռուստադիտողն անհամբերությամբ էր սպասում հերթական ներկայացմանը: Սակայն հեռուստաթատրոնի երբեմնի հեղինակությունը շուրջ 10 տարի է, ինչ հուշ է դարձել, քանի որ հեռուստատեսության բնագավառում «փոթորկվող հեղաշրջումը» զրկեց նրան եթերից: Նկուղներում կուտակված ողջ ֆոնդն այսօր ոչնչացման եզրին է: Անհրաժեշտ է դրանք փոխանցել նոր տեխնիկայի վրա եւ պահպանել: Չէ՞ որ դրանք մեր հրաշալի ռեժիսորների եւ դերասանների կենսագրությունը վավերացնող պատմությունն են: Ստեղծված դժվարություններն ինձ հնարավորություն չեն տալիս ձեռք բերել իմ բեմադրությունները: Ինչեւէ: Այսօր փորձեր են արվում վերականգնելու հեռուստաթատրոնը, սակայն մի՞թե հնարավոր է արվեստը վստահել մասնավորին, ով ամենուր շահ է փնտրում:

Սուրեն Թումասյան, Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան

- Ըստ իս, այսօրվա հանդիսատեսին առավել հետաքրքրում է արդի կյանքին վերաբերող բեմադրություններ: Այսօր ներկայացումը պետք է լինի վառ արտահայտչամիջոցներով հարուստ թատերականացված շոու, ունենա սուր սյուժե, որպեսզի հանդիսատեսը աչքը չկտրի բեմից:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4