Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում Ռուսաստանի հայերի միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սիմոն Կագիյանը որպես պրոդյուսեր նախաձեռնել է եւ արդեն Հայաստանում նկարահանվում է «Հայաստանՙ հավերժության տարածք» ֆիլմը: Երեկ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը լրագրողներին ներկայացրեց ֆիլմի պրոդյուսեր Սիմոն Կագիյանին, ռեժիսոր Ալեն Մելիք-Գրիգորյանին: Վավերագրական 52 րոպեանոց ֆիլմի սցենարի հեղինակն է Արմեն Վաթյանը, օպերատորըՙ Մկրտիչ Մալխասյանը: Ռեժիսոր Ալեն Մելիք-Գրիգորյանը տեղեկացրեց, որ ֆիլմը բացի վավերագրական լինելուց, ունի նաեւ բեմադրական կտորներ, ու այն նկարահանվելու է Հայաստանում ու Արցախում: Ֆիլմում օգտագործվելու է համակարգչային գրաֆիկա, մոնտաժային աշխատանքները կատարվելու են հատուկ համակարգչային ծրագրով Մոսկվայում: Ֆիլմում մեծ տեղ է հատկացված քրիստոնեական շրջանին, սակայն կան նաեւ հատվածներ, որոնք նկարահանվելու են Գառնիի տաճարում ու ներկայացնելու են հեթանոսական շրջանը: Ֆիլմը կձայնագրվի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով, կցուցադրվի այն բոլոր երկրներում, որտեղ կան հայկական գաղթօջախներ, նաեւ կխթանի զբոսաշրջությունը: Ֆիլմը նկարահանվելու է BBC-ի պահանջներին ու մակարդակին համապատասխան, եւ բանակցություններ են գնում այն BBC-ի ճանաչողական ժապավենների շարքում ընդգրկելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ