Մարտի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա դասական երաժշտության բնագավառում հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի թեկնածուների ընտրական ունկնդրում-համերգը: «Երգեցողություն» անվանակարգում նախընտրական փուլը հաղթահարել են 18-27 տարեկան 5 երիտասարդ, «գործիքային կատարում» անվանակարգումՙ երկուՙ դաշնակահար Լիլիթ Արտեմյանը եւ ջութակահար Մարտին Յավրյանը:
Մեծ է «Կերպարվեստ եւ կինո» անվանակարգի թեկնածուների թիվը: Մարտի 28-ին 24 երիտասարդների աշխատանքներ կներկայացվեն Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ցուցասրահում: Դրանք գրաֆիկական աշխատանքներ են, լուսանկարներ, գեղանկարներ, քանդակներ, խեցեգորգեր, հագուստի հավաքածուներ, վավերագրական ֆիլմեր:
Երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցած մամուլի ասուլիսին երգիչ Բարսեղ Թումանյանը համոզմունք հայտնեց, որ ընտրությունը պետք է բավական խիստ կատարվիՙ միջազգային չափանիշներին համապատասխան: Նա գոհունակություն հայտնեց այս ձեռնարկի իրականացման վերաբերյալՙ նշելով, որ այս կարգի բարձր մրցանակները կատարողական արվեստի համար մեծ խթան կարող են հանդիսանալ:
Կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն իր խոսքում նշեց, որ բարդ է այդչափ տարաբնույթ աշխատանքներից լավագույններն ընտրելը, սակայն ավելացրեց, որ հանձնաժողովը բավականին ոգեւորված եւ շահագրգիռ է այս գործում: Նա նկատեց, որ թվում էՙ առավել բարձր մակարդակի վրա այն աշխատանքներն են, որոնց իրականացման հիմքում տեխնիկայի զարգացումը զգալի է:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ