Նորաձեւության ծաղկման մեր օրերում հաճախ ենք անդրադառնում այն հարցին, թե ինչպիսի՞ հագուկապ, ընդհանրապես արտաքին տեսք է վայել բարեպաշտ մարդուն, արդյոք եկեղեցական կանոններին դեմ չե՞ն մարմնանկարչությունը, դաջվածքը, խիստ ժամանակակից սանրվածքը եւ շպարը: Նմանատիպ հարցերը հուզում են հատկապես ժամանակի ոգուն համընթաց քայլող մեր երիտասարդության այն հատվածին, որը սիրում է յուրօրինակությամբ աչքի զարնել շրջապատում: Սա, իհարկե, չի նշանակում, թե նրանք հեռու են հավատքի մասին խորհելուց, աստվածաճանաչողությունից կամ եկեղեցական կարգուկանոնին հետեւելուց: Այլապես նրանք հարցեր չէին տա հոգեւորականին, որոնք Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Հակոբ քհն. Խաչատրյանի պատասխաններով հանդերձ ներկայացնում ենք մեր խորագրի ընթերցողներին:
- Ի՞նչ վերաբերմունք ունի եկեղեցին այն աղջիկների նկատմամբ, ովքեր շատ կարճ կտրում, երբեմն նաեւ խուզում են կամ բազմագույն ներկում մազերը (տիկին Վարսիկ):
- Համաձայն Աստվածաշնչի, մազերը կնոջ փառքն են, որ եկեղեցի մտնելիս պետք է ծածկել, փառավորելու համար Տիրոջը, որ տվեց կնոջը նաեւ այդ գեղեցկությունը: Իհարկե, մազերը խնամել հարկավոր է, եւ այդ նպատակով չափավոր կտրելը նորմալ երեւույթ է, բայց ածիլելն ու տարբեր երանգներով գունազարդելը մերժելի են, քանի որ մազերը շատ կարճ կտրող կամ ածիլող կանայք ակամա հրաժարվում են Աստծու կողմից իրենց տրված փառքից, իսկ բազմագույն ներկողներն իրենց մազերի գեղեցկությունը արտահայտիչ դարձնելով կարծես գայթակղության առիթ են ուզում դառնալ, որ մերժելի է:
- Ես հավատում եմ Աստծուն, եկեղեցի եմ գնում, սակայն նաեւ չեմ ուզում հետ մնալ նորաձեւությունից: Ցանկանում եմ գտնել այն ոսկե միջինը, որ թույլ կտա ինձ ե՛ւ ժամանակակից տեսք ունենալ, ե՛ւ եկեղեցական կանոնները չանտեսել (Գոհար Գեւորգյան, 22 տ.):
- Հավատքն ինքը կյանք է եւ կենսակերպ: Զորացրու հավատքդ, եւ ինքնաբերաբար կձեւավորվի ճաշակը: Այն կբխի հոգեկերտվածքից` արտահայտիչ դարձնելով ոչ միայն արտաքին, այլեւ հոգեւոր կերպդ:
- Ես ցանկանում եմ օղ անցկացնել իմ գոտկատեղին, իսկ քույրիկս ցանկանում է ատամի վրա ադամանդ տեղադրել: Մի՞թե չի կարելի (Սոֆա, ուսանողուհի):
- Մի՞թե նորաձեւություն նշանակում է գայթակղություն: Ձեր արտաքինը զարդերով պճնելով հարկավ պետք է մարդկանց հիացմունքի կամ գայթակղության առիթ լինեք: Եկեղեցին դեմ է գայթակղեցնող նորաձեւությանը: Հորդորս է նման զարդերի գումարը ծախսել որեւէ կարոտյալ ծերի կամ երեխայի օգնելու համար: Թերեւս կզգաք հոգեւոր եւ մարմնական զարդարանքներից ծնվող բավականությունների տարբերությունը: Թող Աստված օգնի Ձեզ տեսնելու այդ հաճույքների տարբերությունը:
- Տեր հայր, ես ցանկանում եմ նշանվել իմ սիրած տղայի հետ, սակայն մի մեծ անջրպետ մեզ բաժանում է իրարից, անգամ կարող է մեր բաժանման առիթ դառնալ: Նա թույլ չի տալիս ինձ անգամ շրթներկ օգտագործել, ասելով, որ բնականն է գերադասելի, իսկ ես սիրում եմ կոսմետիկա եւ նորաձեւություն (Ա. 26 տ.):
- Երեւի Դուք պետք է նախ հստակեցնեք, ավելի շատ կոսմետիկա՞ եք սիրում, թե՞ Ձեր սիրած տղային: Ազնիվ սերը զոհաբերություն է ենթադրում: Փորձեք ավելի ազնվացնել Ձեր սերը: Հավատքը եւ եկեղեցի այցելությունները կօգնեն Ձեզ, մնացյալն Աստված կտնօրինի:
- Տեր հայր, մեր հարեւանի տղան եկավ Մոսկվայից, մազերը ... ներկած: Շատ լավ եւ առողջ հոգեբանությամբ տղա է, սակայն մազերը «մեժ» է ներկել, այդ պատճառով արժանացավ շենքի տղաների ծաղրին: Եկեղեցին ի՞նչ վերաբերմունք ունի նման «ղզիկ» (իգացած) նորաձեւության նկատմամբ (Հրանտ, 19 տ.):
- Տղամարդու գլուխը Քրիստոսն է, եւ «եթե տղամարդը երկար մազերով է, այն անարգանք է իրեն» (Ա Կորնթ. Ա 15): Այս լույսի ներքո մերժելի են նաեւ ներկած մազերը:
- Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ եկեղեցին թույլ չի տալիս մարմնական դաջվածքներ եւ մարմնանկարչություն (տատուիրովկա) անել: Ինչո՞ւ (Մերուժան):
- Այս հարցի պատասխանը կոնկրետ կա Ավետարանում: «Ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք» (Ղեւտացիներ 19.27): Եթե հիշենք, որ Աստված մեզ ստեղծեց իր նմանությամբ, այսինքն` կատարյալ տեսքով, ապա կհասկանանք, որ աստվածակերպ լինելն առավել մեծ շնորհ է, քան տարատեսակ նկարներով, զարդերով կամ փայլերով մեր արտաքինը «շողշողացնելը»: Փոխարեն այդ սին ջանքերի, հոգեպես գեղեցկանանք եւ զորանանք սրտով ու ազնվանանք աստվածահաճո զգացմունքներով: Սա է ճիշտ ճանապարհը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ