«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2006-03-22 | #52, 2006-03-23 | #53, 2006-03-24


ՍԵՎԱԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՐ ԹԻՄ ՊԵՏՔ Է ԿԱԶՄԱՎՈՐԵԼ»

Բավական ժամանակ «Դինամո-Զենիթի» մասնակցությունը բարձրագույն խմբի առաջնությանը հարցականի տակ էր, որի հետեւանքով թիմը չէր մարզվում: Բարեբախտաբար, ակումբի ղեկավարությանը հաջողվեց լուծել ֆինանսական խնդիրները եւ այժմ թիմը նոր գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Այս տարի «Դինամո-Զենիթն» առաջնությունում հանդես է գալու «Ուլիս» անվամբ: Օրերս ՀՖՖ գործկոմը հաստատել է թիմի վերանվանումը:

«Արարատի» երկրորդ կազմի հետ անցկացրած ստուգողական հանդիպումից հետո շնորհավորելով Սեւադա Արզումանյանին հաղթանակի (1-0) առթիվ` խնդրեցինք պատմել թիմի նախապատրաստության ընթացքի մասին:

- Իհարկե, նախապատրաստական փուլում անցկացրած ստուգողական հանդիպումների արդյունքներն առանձնապես կարեւորություն չունեն մարզիչներիս համար, սակայն, ամեն դեպքում, հաճելի է, որ սաներդ հաղթանակ են տոնում: Այսօրվա խաղում կարող էինք եւ պարտվել: Մեր հիմնական նպատակն էր ստուգել, թե նախապատրաստական այս կարճ ժամանակահատվածում ֆուտբոլիստներն ինչպիսի մարզավիճակում են:

Տեղեկացնեմ, որ կանոնավոր մարզումները սկսել ենք միայն մարտի 3-ին: Ակումբի ղեկավարությունն ինձ հրավիրեց աշխատելու թիմում` խնդիր դնելով ֆուտբոլային կոլեկտիվ ձեւավորել: Այս կարճ ժամանակահատվածում թիմում փորձարկել ենք գրեթե 50 ֆուտբոլիստի: Մարզումներն այնպես ենք կազմակերպել, որպեսզի տարբեր խմբեր ներգրավվեն պարապմունքներում` հնարավորություն ստեղծելով ստուգել բոլորին, կողմնորոշվել նրանց խաղային ունակությունների հարցում: Ժամանակը շատ կարճ է, ուստի պետք է առավելագույնս եւ նպատակասլաց օգտագործել, գոնե ինչ-որ խաղամակարդակի թիմ ստեղծել: Որքան հնարավոր է, պետք է բարելավել ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստվածությունը, նաեւ որոշել թիմի օպտիմալ կազմը: Աշխատում ենք նվազագույն սխալներով առաջ շարժվել: Պարզ է, որ թիմն առաջնությանը լիարժեք պատրաստ չի լինի: Աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջնության ընթացքում, եւ կարծում եմ` մինչեւ առաջին շրջանի ավարտն ամեն ինչ կկարգավորվի:

- Նախորդ խաղի համեմատ ինչ-որ առաջընթաց նկատվե՞ց ֆուտբոլիստների գործողություններում:

- Ասեմ, որ սա ընդամենը մեր 3-րդ հանդիպումն էր: Առաջինը երկկողմանի խաղ էր, երկրորդում ոչ-ոքի (2-2) էինք խաղացել «Փյունիկի» հետ: Իհարկե, խաղային օղակների համագործակցության մասին խոսելը դեռեւս վաղ է: Այսօր առավել հետաքրքրում էր, թե ֆուտբոլիստներից ով ինչպիսի ֆունկցիոնալ վիճակում էր, կարո՞ղ էր 90 րոպե դաշտում պայքարել: Օրինակ, «Փյունիկի» հետ հանդիպմանը տարբեր խաղակեսերում տարբեր կազմով խաղացինք, իսկ ահա այսօրվա խաղում արդեն կային ֆուտբոլիստներ, որ կարողացան ողջ հանդիպմանը մասնակցել: Այս առումով կարելի է որոշակի առաջընթաց արձանագրել:

- Փոփոխությունները շա՞տ են թիմում: Կա՞ն արդեն ֆուտբոլիստներ, որոնց հարցում կողմնորոշվել եք:

- Անցած տարի թիմում հանդես եկած ֆուտբոլիստների մի մասը մնացել է: Թիմում են Ալբերտ Ներսիսյանը, Հայկ Մուրադյանը, Վաչագան Կարապետյանը, Գեւորգ Միրիջանյանը, Վահան Շմավոնյանը: Նրանց միացել են մի շարք ֆուտբոլիստներ (Գոռ Աթաբեկյան, Վարդան Աբրահամյան, Լեւոն Բեգլարյան, Նարեկ Հարությունյան, Հայկ Մխիթարյան, Մանվել Աֆրիկյան եւ այլք): Իհարկե, ինձ մոտ արդեն որոշակի կարծիք է ձեւավորվել հիմնական կազմի ֆուտբոլիստների հարցում: Սակայն ցանկանում եմ, որ այդ կարծիքը համոզմունք դառնա, որպեսզի չսխալվեմ: Ուստի, առայժմ չեմ ցանկանում անուններ տալ: Ամեն դեպքում, թիմը հնարավորություն ունի 30 ֆուտբոլիստի հայտավորելու, ուստի ընդգրկելու ենք հեռանկարային ֆուտբոլիստների, որոնց ծառայություններից հետագայում կարող ենք օգտվել:

- «Ուլիսն» ունենալո՞ւ է իր դուստր թիմը:

- Շատ ցանկալի կլինի, սակայն առայժմ այդ հարցում պարզություն չկա:

- Մինչ առաջնության մեկնարկը քիչ ժամանակ է մնացել: Ինչպիսի՞ն է թիմի նախապատրաստության հետագա ծրագիրը:

- Առաջիկայում եւս երկու ստուգողական հանդիպում կանցկացնենք «Հայ-Արիի» եւ «Բանանցի» հետ: Այնուհետեւ, հավանաբար, ուսումնամարզական հավաք կանցկացնենք «Այգ» մարզաբազայում, որտեղ կրկին ընկերական խաղերում կփորձարկենք ֆուտբոլիստներին ու վերջնականապես կկողմնորոշվենք հիմնական կազմի հարցում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4