«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2006-03-22 | #52, 2006-03-23 | #53, 2006-03-24


«ԷՍԹԵՂԼԱԼ-ԿՈՏԱՅՔԸ» ԼՈՒԾԱՐՎԵՑ

Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այս տարվա ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը չի մասնակցի «Էսթեղլալ-Կոտայքը», որը լուծարվեց: Ակումբի իրանցի հովանավորներն այդպես էլ չմարեցին ֆուտբոլիստներին ու մարզիչներին ունեցած չորս ամսվա աշխատավարձի պարտքը: Որքան էլ որ ցավալի է, եւս մեկ մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ, որ անցյալ մրցաշրջանում մինչեւ վերջ հաջողությամբ պայքար էր մղում առաջնության պարգեւների համար, դադարեցրեց իր գոյությունը: Թիմի ֆուտբոլիստները, որոնց ազատ խաղացողի կարգավիճակ էր տրվել, այժմ ստիպված կլինեն այլ ակումբներ որոնել, ինչն այնքան էլ դյուրին գործ չէ, քանի որ շատ թիմեր արդեն համալրել են իրենց կազմերը եւ կողմնորոշվել օպտիմալ կազմի հարցում:

Ընդհանրապես վերջին տարիներին արտերկրի ներկայացուցիչների կողմից հայկական ֆուտբոլային ակումբները հովանավորելու փորձերն ի վերջո անհաջողության են մատնվում: Նրանց համագործակցությունը շատ կարճ է տեւում եւ ինչպես երեւում է, Հայաստանում լուծելով իրենց հիմնախնդիրները, գործն ավարտած են համարում եւ ինչպես անսպասելիորեն հայտնվել էին, այնպես էլ անհետանում են: Ասվածի թարմ օրինակն ավստրալահայեր Հակոբ Ջամբազյանի եւ Տիգրան Հովիվյանի գործունեությունն է, որոնք անցյալ տարի մեծ խոստումներ էին տալիս, թե իրենց հովանավորած «Դինամո-Զենիթն» ու նորաստեղծ «Երեւան յունայթեդը» ֆինանսապես կայուն ակումբներ են դառնալու:

Անցյալ տարի Իրանի «Էսթեղլալի» եւ Երեւանի «Կոտայքի» միջեւ համագործակցություն հաստատվեց, իրանցի հովանավորներն ստանձնեցին մեր թիմի հովանավորությունը, որի հետեւանքով թիմն անվանվեց «Էսթեղլալ-Կոտայք»: Սակայն շատ շուտ իրանցի հովանավորները մոռացան իրենց ստանձնած պարտավորությունները:

Ցավոք, այսպիսին է այսօր ֆուտբոլային դառը իրականությունը Հայաստանում: Անհատ հովանավորների հույսին ապավինած ֆուտբոլային մեր ակումբները յուրաքանչյուր պահի կարող են սնանկացման եզրին հայտնվել: Իսկ Հայաստանի այս տարվա բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ընդամենը 8 թիմ: Մինչդեռ տարեսկզբին ակնկալվում էր 11 թիմի մասնակցություն: Սակայն 8 թիվն էլ դեռեւս վերջնական չէ, քանի որ չի բացառվում մասնակիցների թվաքանակի նվազում առաջնության ընթացքում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4