«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կանանց միությունն ու զոհված ազատամարտիկների կանայք երեկ հանդես են եկել Հայաստանի անվտանգության ծառայության կամայականությունը դատապարտող հայտարարությամբ: «Ցավ ու վրդովմունք ապրեցինք, երբ իմացանք, որ «եղբայր» կազմակերպությանՙ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին կանչել են «զրույցի» ու սպառնացել արտաքսել հայրենիքից: Բավական չէ, որ հայրենիքում 16 տարի առաջ բնակություն հաստատած եւ Արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցող հայորդուն մինչ օրս անհիմն մերժում են Հայաստանի քաղաքացիություն շնորհել, այժմ էլ սպառնում են հայրենիքից վտարել: Հայրենիքում ու սփյուռքում հանրահայտ հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի մեդալի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ իշխանությունների նման վերաբերմունքը երախտամոռություն է»:
Կանայք իշխանավորներից պահանջել են ոչ միայն անհապաղ դադարեցնել անհիմն ճնշումները, այլեւ հայրենիքի առջեւ ունեցած ծառայությունների համար նրան շնորհել Հայաստանի քաղաքացիություն: