Վրաստանի հանդեպ ամենից թշնամաբար տրամադրվածը Ռուսաստանի Դաշնությունն է: Ինչպես փոխանցում է «ГАЗЕТА.СНГ» ինտերնետային կայքէջը, նման արդյունք է ստացվել «Կվիրիս պալիտրա» վրացական թերթի հարցմամբ: Հարցման մասնակիցների 94,4 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանն է Վրաստանի ամենագլխավոր թշնամին: Թշնամությամբ երկրորդ տեղում Բելառուսն էՙ 33,7 տոկոս: Երրորդ տեղն, ըստ վրացիների, զբաղեցնում է Հայաստանըՙ 28,1 տոկոս: Այնուհետեւ թշնամությամբ տոկոսներ «վաստակած» պետությունները «ցածր վարկանիշի» են արժանացել. Թուրքիաՙ 4,7 տոկոս, Իրանՙ 3,8, Ադրբեջանՙ 1,6, Իրաքՙ 1,5:
Եթե Ռուսաստան-Վրաստան եւ Բելառուս-Վրաստան հարաբերություններում փոխադարձ վիրավորանքներն ու սպառնալիքները կարող են «արդարացնել» հարցման նման արդյունքները, ապա Հայաստանի դեպքում առնվազն իմաստազուրկ են դառնում երկու կողմերի պետական մակարդակով եղբայրության ու բարեկամության հայտարարությունները:
Հիշեցնենք, որ վերջերս քննադատության առարկա դարձավ տպագրական տարըմբռնումը Վրաստանում կատարված մի հարցման արդյունքների առումով, որ վերաբերում էր ազգային փոքրամասնությունների հանդեպ վրացիների մոտեցմանը: Ըստ այդմ, սկզբնական տեղեկությամբ, Վրաստանի վրացի բնակչության մեծ մասը կողմ էր փոքրամասնություններիՙ իրենց հայրենիք վերադառնալուն: Դա ապատեղեկատվություն էր, սակայն ի՞նչ ասել այս հարցման դեպքում: Անգամ այն ենթադրությունը, թե Հայաստանն ու Վրաստանը լավ հարաբերություններ ունեն միայն զուտ անձնական մակարդակում, կարող է հեշտորեն ժխտվել հարցման նման արդյունքներով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ