Ուկրաինայում Գերագույն ռադայի ընտրություններն ընդհանուր գնահատմամբ անցնելով ժողովրդավարական եւ արդար, կարծես թե հաղթանակի կբերեն «նարնջագույններին»: Երեկվա դրությամբ 3 տոկոսանոց արգելքը հաղթահարել էին ընտրությունների 5 մասնակից. «Տարածաշրջանների կուսակցություն» (Վիկտոր Յանուկովիչ), «Յուլյա Տիմոշենկոյի» դաշինք (Յուլյա Տիմոշենկո), «Մեր Ուկրաինա» դաշինք (Յուրի Եխանուրով), Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն եւ Կոմունիստական կուսակցություն:
Նախնական տվյալներովՙ հաղթող Տիմոշենկոյի դաշինքը, «Մեր Ուկրաինան» եւ սոցիալիստները ծրագրում են միավորվել «նարնջագույն» կոալիցիայի մեջՙ խորհրդարանում մեծամասնություն կազմելու նպատակով: Թերեւս այս երեքի միջեւ վիճարկման տեղիք է տալիս վարչապետի պաշտոնը, որին մեծ հավակնություն ունի տիրելու Տիմոշենկոն: Խորհրդարանի 450 տեղերի կտրվածքով մեծամասնություն կազմելու դեպքում «նարնջագույնները» կձեւավորեն կոալիցիոն կառավարություն: Ընդ որում, բավականին մեծ նկրտումներ ունեցող Յուլյա Տիմոշենկոն, նախնական տվյալներով, ընտրություններում առաջատար «Տարածաշրջանների կուսակցությանը» կարծես հատկացնում է ընդդիմության դերը: