«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2006-03-24 | #54, 2006-03-25 | #55, 2006-03-28


«ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱԶԳՈՎԻՆ ԱՄԱՉԵԼ ՍՈՎՈՐԵՆՔ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՀՊԱՐՏԱՆԱՆՔ ԱՆԱՄՈԹՈՒԹՅԱՄԲ»

Աբդուլլահ Գյուլին պատասխանում է «Օզգյուր գյունդեն» թերթը

Մարտի 18-ի համարում «Ազգը» տեղեկացնելով «Նոր մոտեցումներ թուրք-հայկական հարաբերություններում» թեմայով Ստամբուլի համալսարանի կազմակերպած միջազգային գիտաժողովի մասին նշել էր, որ գիտաժողովին շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանը, փոխվարչապետ Շեները եւ արտգործնախարար Գյուլը:

Ռագըփ Զարաքոլուի «Օզգյուր գյունդեն» թերթը մարտի 23-ին Այշե Գյունայսուի հոդվածով արձագանքել է Աբդուլլահ Գյուլի ուղերձին: «Եթե ամոթի զգացում չկա, հույս էլ չի լինի» խորագրով այս հոդվածը չափազանց հետաքրքրական է, գուցե եւ բացառիկ ազգայնամոլության թուրքական դրսեւորումների քննադատության առումով: Ինչո՞ւ, հարցին պատասխանելու համար անդրադառնանք Այշե Գյունայսուի հոդվածին: Ահա թե ինչ է գրում.

«Ստամբուլի համալսարանում հրավիրված գիտաժողովի բացմանը հղած ուղերձում Աբդուլլահ Գյուլն ասում է. «Մեր պատմությունն ամաչելու որեւէ էջ չունի»: Ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ նրա այս խոսքերը եւ փշաքաղվում եմ:

Դժվար է մտածել, որ Գյուլը հավատա իր խոսքերի ճշմարտությանը: Ըստ երեւույթին նա ցանկացել է դառնալ պետական մտածողության թարգմանը: Նացիստական քարոզչություն հիշեցնող այս խոսքերը վկայում են, որ մենք հանրապետության կազմավորման տարիներից առ այսօր առաջընթաց որեւէ քայլ դեռեւս չենք կատարել:

Անդրադառնանք պատմությանը: 1930 թ. ապրիլի 28-ին Թուրքական օջախների համագումարում մեր ազգային պատմաբան, Քեմալ Աթաթուրքի աչքի լույս, ժամանակակից թուրք կնոջ խորհրդանշան Աֆեթ Ինանն ամբիոնից բառացի ասել է. «Մարդկային պատմության առաջին քաղաքակիրթ ցեղը Ալթայում եւ Միջին Ասիայում ասպարեզ իջած թուրքերն են: Նրանք են դրել չինական քաղաքակրթության հիմքը: Առնվազն մեր թվարկությունից 7 հազար տարի առաջ Միջագետքում, Իրանում թուրքերն էին ստեղծել մարդկության առաջին քաղաքակրթությունը, որոնց կոչել են շումերներ եւ աքքադներ: Թուրքերը եղել են Եգիպտոսի բնիկները եւ ստեղծել եգիպտական քաղաքակրթությունը: Խեթերի գլխավորած թուրքերը համարվում են Անատոլիայի հույն կոչվող բուն բնիկներն ու նրանց նախնիները»:

Հանրապետական Թուրքիայի հիմնադիր կազմից Ահմեդ Աղաօղլուն Թուրքական պատմական առաջին համագումարում հայտարարում էր. «Ամուր կառչենք մեր ազգից, որովհետեւ թուրք ազգը վեհ է եւ քաղաքակրթության ստեղծման հիմնական գործոնը համաշխարհային պատմության մեջ: Կառչենք մեր ցեղից, որովհետեւ մեր ցեղն ազնվագույնն է աշխարհում, ֆիզիկապես եւ հոգեպես ամենագեղեցիկն ու կատարյալը»:

Այդ օրից գրեթե 100 տարի է անցել, սակայն մտածողությունը նույնն է: Գյուլիՙ «մեր պատմությունն ամաչելու էջ չունի» խոսքերն ընդամենը նույն աշխարհայացքի եւ խղճի միեւնույն բացակայության տարբեր դրսեւորումներն են: Եթե Թուրքիայի արտգործնախարարը կարողանում է թուրք-հայկական հարաբերություններին նվիրված գիտաժողովին ուղարկել այդպիսի ուղերձ, ուրեմն պետք է ավելի քան մտահոգվել: Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, դա մի կողմ, այնուամենայնիվ, քարտեզից ջնջվել է մի ամբողջ ժողովուրդ իր քաղաքակրթությամբ, մշակույթով եւ պատմությամբ: Եթե դրանով հանդերձ Գյուլն այդպիսի խոսքեր է արտասանում, ապա նա իրականում առանց անհարմար զգալու ասում է. «Ինչ-որ արել ենք, լավ ենք արել, իրավացիորեն, նույնը կանեինք նաեւ հիմա»:

Աբդուլլահ Գյուլը հպարտությամբ է հայտարարում, որ մեր պատմությունն ամաչելու էջ չունի: Մինչդեռ ամենասարսափելին ամոթի զգացմունքի բացակայությունն է, որովհետեւ անամոթներից կարելի է սպասել ամեն ինչ: Դա վերաբերում է ինչպես անհատներին, այնպես էլ ժողովուրդներին եւ պետություններին: Ամոթը խղճի հիմքն է: Եթե ուզում ենք գոնե առաջընթաց մեկ քայլ կատարել, ապա անամոթությամբ հպարտանալու փոխարեն ազգովին պետք է ամաչել սովորենք»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4