ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը անցած խորհրդարանական ճեպազրույցներին ասել էր, որ եթե «Խորհրդարանական ժամը» Արթուր Բաղդասարյանի մենախոսության է վերածվել, «Ձեռագիրն» էլ կառավարության ղեկավարի մենախոսությունն է: Այս թեմայով Արմենպրեսի թղթակցի հետ զրույցում կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից այս մեկնաբանությունն է հնչել. «Կառաջարկեինք պարոն Ս. Բալասանյանին ենթադրություններով ու դրանից բխող չհիմնավորված եզրակացություններով հանդես գալու փոխարեն գոնե մեկ անգամ նայեր «Ձեռագիր» հաղորդաշարը»: Այնուհետեւ վարչությունը պարզաբանում է, թե ինչպես է տվյալ հաղորդաշարը մանրամասնորեն անդրադառնում կառավարության քաղաքականությանը` իր տաղավարում ընդունելով ոլորտների ներկայացուցիչներին: Դա հենց վարչապետի պահանջով է արվել, որպեսզի հաղորդումն անձի պաշտամունքի վերածելու փոխարեն ներկայացվի կառավարության` որպես միասնական թիմի աշխատանքը: «Այս տարիներին վարչապետն ընդամենը մեկ կամ երկու անգամ է ներկայացվել հաղորդման մեջ», ասել են վարչությունից, հիշեցնելով նաեւ վարչապետ Վազգեն Սարգսյանի գրավոր ուղղորդումները, որ իրեն շատ չանդրադառնան, այլ առավել հաճախ ընդգծեն «կառավարություն» բառը. «Վարչապետների այս մոտեցումն ի սկզբանե դրվել է «Ձեռագրի» պատրաստման հիմքում եւ այսօր էլ պահպանվում է», ասել են Արմենպրեսի թղթակցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության վարչությունից: